Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Ֆորդհամի համալսարանում աստվածաբանական գիտությունների դոկտորի կոչմանն արժանացած ԱՄՆ հայոց Արևելյան թեմի Սրբոց Նահատակաց եկեղեցու (Նյու Յորք) հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Աբրահամ քահանա Մալխասյանին։
Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Տեր Հայրն իր ուսումնառությունը շարունակել է Ֆորդհամի համալսարանի Կրոնագիտության ֆակուլտետում՝ պաշտպանելով դոկտորական թեզ «Հոգևոր հոտից անջատման խնդիրը Հայ Եկեղեցում նոր հազարամյակին ընդառաջ» թեմայով, և դասախոսում է Նյու Յորքի Սուրբ Հովհաննեսի անվան համլսարանում։
Ներկայացնելով իր դոկտորական աշխատանքը Նորին Սրբությանը՝ Տեր Աբրահամն ընդգծեց, որ աշխատության նպատակն է բացահայտել այն արդի մարտահրավերները, որոնց արդյունքում երիտասարդ ընտանիքները դժվարանում են մասնակից լինել եկեղեցական կյանքին, և գտնել դրանց հաղթահարման ուղիները:
Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Տեր Հոր գիտական ձեռքբերմանը՝ ընդգծելով, որ սույն աշխատությունը կարևոր նպաստ է հովվական աստվածաբանության ոլորտում և հնարավորություն հոգևորականներին ի մոտո ծանոթանալու երիտասարդությանը վերաբերող հիմնահարցերին։
Հայոց Հովվապետն ուրախությամբ արձանագրեց, որ եկեղեցականները հովվական ծառայությանը զուգահեռ ծավալում են նաև գիտական գործունեություն՝ հարստացնելով իրենց գիտելիքներն ի նպաստ հոգևոր ծառայության առավել արդյունավորման:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը, որպես գնահատանք, Տեր Աբրահամին ընծայեց քահանայական լանջախաչ:
Վերջում Արժանապատիվ Տեր Հայրը Նորին Սրբությանը հանձնեց իր թեզի աշխատությունն ու դոկտորական կոչման վկայականը։