Azg.am-ի զրուցակիցն է Տիգրանակերտի պեղումներն իրականացրած արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։
-Պարո՛ն Պետրոսյան, Ադրբեջանը «Մշակութային ժառանգություն» խորագրով համաժողով է կազմակերպել և իրենց պատմական հայրենիքում ապրած արցախցիներին զրպարտել՝ հայտարարելով, որ «30-ամյա օկուպացիայի ընթացքում հայերը Ղարաբաղի տարածքում գտնվող տներից և պատմության ու մշակույթի կենտրոններից մշակույթ են գողացել՝ ստեղծելով շուրջ 15 պատմամշակութային թանգարան»։ Ի՞նչ կասեք այս մասին Դուք՝ որպես Արցախում հնագիտական պեղումներ իրականացրած արշավախմբի ղեկավար։
-Ի՞նչ կարող եմ ասել. Ադրբեջանի մշակութային քաղաքականությունը նման է Ադրբեջանի զավթողական քաղաքականությանը. դա այդ քաղաքականության բաղկացուցիչն է՝ սերտաճած նրան։ Խնդիրը վերաբերում է ոչ միայն պատերազմներին, տարածքներ գրավելուն, այլ նաև մշակութային բռնայուրացմանը։ Եվ այս տեսակետից ադրբեջանանցիների հայտարարարությունները նոր բան չեն։
Մեր հույսը հայտնի չափով միջազգային գիտական հանրույթն է, որտեղ Ադրբեջանի նման ցնդաբանությունները չեն կարևորվում։ Դրանք, որպես կանոն, օգտագործվում են՝ կա՛մ դրսի մասնագետներին հրապուրելով, կա՛մ կաշառք տալով, կա՛մ ներքին լսարանի համար։ Բայց սա ադրբեջանական քաղաքականություն չէ. մենք գործ ունենք թուրքական, սելջուկյան, մոնղոլական քաղաքակրթության հետ, որը հիմա չէ, որ նվաճողական գործելոճ է դրսևորում։
Հիմա Թուրքիայում որքան եկեղեցիներ են մզկիթներ դարձվել, ինչեր են արվում։ Ադրբեջանը Թուրքիայի սանիկն ու աշակերտն է, և այդ ամենը միշտ էլ շարունակվելու է։ Ադրբեջանի նախագահն ինչ հայտարարում է, իրենց ակադեմիան, առանձին հետազոտողները նույնը կրկնում են, և եթե որևէ մեկն այլ կարծիք ունի, չի կարող արտահայտել այն։
Հայերն Արցախում ոչ մի բան չեն ջնջել՝ հատկապես պատմական ժամանակաշրջանում, որևէ արձանագրություն չեն ավելացրել. դրա կարիքը պարզապես չի եղել։ Տիգրանակերտի պեղումներից գտնված հայերեն արձանագրությունները վավերացված են հարյուրավոր լուսանկարներով, դրանք ընդունված են միջազգային գիտական հանրույթի կողմից, հրատարակված են։ Թե Աղդամում հայերն ինչեր են գտել և «կեղծել», նրանց խղճի վրա է։ Իրականում ասելիք էլ չկա։
Օրինակ՝ Գանձասարի Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հյուսիսային պատի պատուհանից անձրևաջրեր են հոսել, և Հասան Ջալալի անունից փորագրված հայերեն արձանագրության մի մասը լավ չի երևում։ Բայց հայ մասնագետները կարողացել են ոչ թե պատի վրա, այլ իրենց հետազոտություններում միանշանակ վերականգնել արձանագրությունը։ Հիմա ադրբեջանցիներն ասում են՝ հայերն արձանագրությունը հատուկ են ջնջել։ Նման դեպքերում չգիտես՝ ինչ պատասխանես, և ես կարծում եմ, որ նման դեպքերում կարևոր է միջազգային հանրույթին ներկայացնել արդեն փաստագրված աշխատանքները։
-Պարո՛ն Պետրոսյան, չե՞ք կարծում, որ Հայաստանի Հանրապետությունը պետական մակարդակով պետք է պատասխանի Արցախի «մշակույթի ադրբեջանականացման» վերաբերյալ կեղծ հայտարարություններին։
-Ես ենթադրում եմ, որ այո՛, պետական մակարդակով պետք է պատասխան լինի։ ՀՀ քաղաքականությունն այդ ասպարեզում էականորեն տարբերվում է Ադրբեջանի քաղաքականությունից։ Դա թե՛ քաղաքական հանգամանքների բերումով է, թե՛ առկա ծանր վիճակի, թե՛ խաղաղության նախաձեռնությունների. չեմ կարող ասել։ Բայց ակնհայտ է, որ հայկական իշխանություններն իրենց բավական հեռու են պահում նման հարցերին պատասխանելուց։ Մշակույթին վերաբերող հարցերը բարձրացվում են միայն մասնագիտական շրջանակներում, ներկայացվում միջազգային մշակութապաշտպան կազմակերպություններին, բայց ՀՀ կառավարությունը չի վարում այն մշակութային քաղաքականությունը, ինչը վարում է Ադրբեջանը։ Այն, որ ակնհայտ զգուշավորություն կա, և կա թշնամուն չգրգռելու մոտեցում, շատ լավ զգացվում է։ Հիմա շատ լավ կլիներ, եթե մենք ուժեղ լինեինք, մենք հրամայեինք, մենք իրենց մեղադրեինք, բայց իրականությունն այսպիսինն է։
Այսօր ծանրությունն իրենց վրա վերցրել են առանձին անհատներ և խմբեր։ Ադրբեջանի մշակութային քաղաքականությունն Ալիևի մակարդակով է տարվում, բայց ես չգիտեմ, թե ում մակարդակով է տարվում մեր մշակութային քաղաքականությունը։
-Պարո՛ն Պետրոսյան, ադրբեջանցիները հայտարարում են, որ Արցախում «զենքի, գորգերի, պղնձե սպասքի և պատմությունն արտացոլող նմուշների մեծ մասի վրա կիրառվել են հայերեն արձանագրություններ, և փորձ է արվել դրանք հայացնել»։ Առհասարակ, ինչպե՞ս է նման բան հնարավոր՝ ջնջել իբր ադրբեջանական արձանագրությունները և փոխարենը հայերեն գրել։
-Այնքան են գրություններ ջնջվել, այնքան են ավելացվել. տեխնիկական խնդիր այստեղ ընդհանրապես չեմ տեսնում։ Բայց խնդիրն այն է, որ միջնադարյան բազմաթիվ արձանագրություններում կան նման հիշատակումներ, որ վարպետը սխալ է փորագրել՝ տառը վերևում է գրել և այլն, կամ որոշ դեպքերում պատվիրատուին ինչ-որ բան դուր չի եկել, և այդ ամենը ջնջվել է։ Այդ ամենը հետազոտված է, բայց դրանք արել են այդ արձանագրությունները փորագրողները, այլ ոչ թե այլ մարդիկ։ Եվ հետո, եթե Արցախում բազմաթիվ հայերեն արձանագրություններ են հայտնաբերվել, հայերն ի՞նչ կարիք ունեին արձանագրություններ ջնջելու։
Բայց ցանկացած եկեղեցական կառույց կենդանի օրգանիզմ է, և եթե պատի քարն, ասենք, 13-րդ դարում ծռվել է, ի՞նչ է՝ չպե՞տք է ուղղեին, կամ եթե եկեղեցին փլվում էր, չպե՞տք է վերանորոգեին։ եվ եթե վերոնորոգում էին, չպե՞տք է մի արձանագրություն գրեին։ Կառուցապատման, վերանորոգման հարյուրավոր արձանագրություններ կան։
Արցախի տարածքում մեկ աղվաներեն տառ անգամ չկա. Արցախի տարածքում կան 99 տոկոսով հայերեն, այնուհետ՝ հունարեն, ռուսերեն, արաբերեն և պարսկերեն արձանագրություններ, բայց չկան աղվաներեն արձանագրություններ։ Այնպես որ, միջազգային ամենատարբեր աշխատություններում ակնարկ անգամ չկա հայերի կողմից հին արձանագրությունները ջնջելու և հայերեն արձանագրություններով փոխարինելու մասին։
-Պարո՛ն Պետրոսյան, համամի՞տ եք, որ հայկական հետքն Արցախում ամենուր է, այն ոչնչացնել ուղղակի հնարավոր չէ։
-Չեմ կարծում, որ Ադրբեջանը գոնե այսօր ի վիճակի է ոչնչացնել Արցախի խոշոր, աշխարհահռչակ հուշարձանները։ Դրանք հիմա լուսանկարվում են տիեզերքից, և ես չեմ կարծում, որ Ադրբեջանը կարող է ակնհայտորեն այդ հուշարձանները ոչնչացնել։ Իհարկե, ադրբեջանցիները կարող են ոչնչացնել ինչ-որ թփի տակ ծվարած խաչքար։
Հիմա Ադրբեջանին դատապարտում են, բայց նա անընդհատ ճանապարհ է փնտրում իր չագործությունները շարունակելու։ Այնպես չէ, որ այդ երկիրն զգուշանում է դատապարտումից, բայց միանշանակ է, որ անընդհատ պրպտումների մեջ է՝ ինչպես հայկական հետքը վերացնել։ Ուդիական համայնքից մարդկանց են բերում, կամ եկեղեցին համարում աղվանական։
Այստեղ մի բան կա. այդ ամբողջ տարածքները եղել են Աղվանից եկեղեցու կազմում։ Արցախի հայությունը եղել է Աղվանից եկեղեցու կազմում, և միակ բանը, որ ադրբեջանցիները շահարկում են, հենց դա է, որ եկեղեցին կոչվել է աղվանական, հետևաբար ամեն ինչն աղվանական է։ Բայց եկեղեցու հիմնական հոտը եղել է հայությունը, երբ կաթողիկոսների մեծ մասը եղել են հայեր և խոսել ու գրել են հայերեն, բայց քաղաքական հանգամանքների բերումով չեն միավորվել հայ եկեղեցու հետ. եկեղեցու գաղափարաբանությունը, ծիսակարգն ու ճարտարապետությունը նույնական են Հայ Առաքելական եկեղեցու հետ։
Մենք խնդիր ունենք հայ-աղվանական բարեկամությունն ավելի մանրամասն վերլուծելու։ Աղվաններն ամենևին հայերի թշնամին չեն եղել, բայց այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ կարծես թե ստիպված ենք ամեն աղվանականը համարել մեզ օտար, փորձենք մեզ հեռացնել աղվանականից, այն դեպքում, երբ աղվանները փոքր ցեղեր էին և ի պատիվ իրենց՝ նրանցից ոմանք պահպանել են քրիստոնեությունը։
Հ.Գ. Արցախը բռնազավթած, արցախիներին հայրենազրկած օկուպանտներից մեկը՝ ոմն «Ադրբեջանի արվեստի ազգային թանգարանի» գիտական բաժնի աշխատակից Թելման Իբրահիմով, հայտարարել է, թե հայերն Արցախում «հնագիտական ապօրինի պեղումներ են իրականացրել»։
«Աղդամում հայտնաբերվել են մեծ թվով հնագիտական նմուշներ, որոնք տեղափոխվել են Խանքենդիի թանգարան։ Կարծում եմ, որ մենք պետք է շտապ վերահսկենք այս թանգարանները, իրավական գնահատական տանք կեղծված նմուշներին, վերականգնենք պատմական արդարությունը։ Հակառակ դեպքում ուշ կլինի, հետքերը կկորչեն»,- ասել է նա։