Մի հին պատմություն կա գյուղացի Աբոյի մասին: Նա մեկնում է կողքի գյուղը` ինչ-որ գործերով եւ այնտեղից հատը 5 կոպեկով հավկիթ է գնում` 10 հատ: Վերադառնալով գյուղՙ նա հավկիթը վաճառում է յուրաքանչյուրը 3 կոպեկով: Երբ նրան համագյուղացիներն ասում են, եղբայր, ի՞նչ ես անում, ինչպե՞ս կարելի է ավելի թանկ գնել ու ավելի էժան վաճառել, գյուղացի Աբոն պատասխանում է` յոլա եմ գնում:
Մեր տպագիր թերթերը, կարելի է ասել, հենց այս պատմության մեջ են հայտնվել: Թերթի տպագրության համար ավելի մեծ գումար է ծախսվում, քան արժե թերթը: «Ազգ»-ի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի խոսքերով, ըստ «Արմենպրեսի», «Թերթի տպագրության ծախսը 132 դրամ է, իսկ մենք վաճառում ենք 100 դրամով, որից 39 դրամը տպարանինն է, 30 դրամը` տարածող կազմակերպությանը»: Թերթերի վաճառքի գնի բարձրացմանը Ավետիքյանը անշուշտ կգնա, «եթե ընդհանուր թանկացում լինի»: Առայժմ թերթերը արդեն երկար տարիներ է, ինչ վաճառքից եկամուտներ չեն ստանում:
«168 ժամ»-ի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը եւս ստիպված կլինի բարձրացնել թերթի վաճառքի գինը, «եթե տպարանները թանկացնեն տպագրությունը»: Այս պահին, սակայն, «վաճառքի գինը թանկացնելու որոշում մենք չենք կայացրել», ասել է տիկին Սեյրանյանը: Նման որոշում չունի նաեւ «Առավոտը», չնայած թերթերի թանկացումը «Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը հնարավոր է համարել:
Տպարաններում էլ նշում են, որ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություններից հետո ավելացել են տպագրության ծախսերը, բայց թե որքանով կանդրադառնա այս հանգամանքը մատուցվող ծառայությունների վրա, այս պահին չեն կարող ասել:
Մի բան է ակնհայտ, Հայաստանում տպագիր թերթերը վաղուց արդեն վաճառքից եկամուտ չեն ստանում, մամուլի կրպակներում տեղեկացնում են, որ մեծ տոկոս է կազմում թերթերի վերադարձը: Հետեւաբար այսօր թերթը ամենեւին էլ լավ վաճառվող ապրանք չէ, եւ եթե այդպիսին չէ 100 դրամ գնով, ուրեմն այդպիսին չի կարող լինել ավելի թանկ վաճառվելու պարագայում:
Մյուս կողմից, առնվազն տրամաբանական չէ ավելի շատ ծախսել թերթը տպելիս, քան ստանալ վաճառելով: