Հավանականություն կա, որ հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշում տեղի ունենա, բայց շարունակում է հարց մնալ, թե որքանով է դա բխում մեր շահերից։ Մեզ համար ավելի կարևոր է խաղաղության պայմանագիր ստորագրել՝ այնտեղ հիշատակելով արցախահայերի խնդիրը և նույն այդ պայմանագրով սահմանազատում և սահմանագծում ունենալ, այսինքն՝ հասնել նրան, որ Ադրբեջանը ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ 29 հազար 800 ք/կմ տարածքով. սա է ամենագլխավորը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարը կարող է այսօր սահմանից հետ քաշել իր զորքերը, վաղը՝ կրկին առաջ բերել։
«Սա հնարավորություն է, և այո՛, այդ հնարավորությունը կարող է իրականացվել, բայց ես չեմ կարծում, որ դա այսօրվա դրությամբ մեզ համար լուրջ ելք է բանակցային գործընթացի ներկա իրավիճակից։
Այսօր բանակցություններում մի փուլ է, որտեղ Ալիևին պարտադրում են որոշակի առաջընթաց ցույց տալ։ Դրա վկայությունն այսօր 32 հայ գերիներն տուն վերադարձն է։ Գերիների վերադարձն իրենով դրական եմ գնահատում, բայց եթե այս փաստը դիտարկենք քաղաքական տեսանկյունից, ապա պետք է ֆիքսենք, որ խախտվել է թիվ մեկ՝ «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը, և մեր գերիների մի մասը շարունակում է մնալ Բաքվում։
Սրանով Ալիևը հերթական անգամ թքում է Ռուսաստանի հետ կնքված պայմանավորվածությունների, այն է՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի վրա։ Երկրորդ՝ սա Ալիևի կողմից փորձ է, որպեսզի մի փոքր մեղմի այն ճնշումը, որը կա Արևմուտքի կողմից»,- ասաց Դավիթ Ստեփանյանը։
Քաղաքագետը շեշտեց՝ 32 հայ գերիների վերադարձի պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանի՝ Բաքու կատարած այցի ժամանակ։
«Ես չեմ կիսում այն մոտեցումները, որ գործընթացն իրականացվել է առանց միջնորդների։ Այդ պայմանավորվածությանը նախորդել են շատ լուրջ բանակցություններ, որոնք վարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այդ բանակցությունների արդյունքում Ջեյմս Օ՛Բրայանն այցելել է Բաքու և Ալևի վրա ճնշում գործադրել։
Շառլ Միշելն էլ այսօր հայտարարել է, որ բանակցությունները շարունակվելու են Բրյուսելում, այսինքն՝ Ալիևը պարտավոր է նոր քայլեր անել։ Կանի թե չի անի, սա արդեն այլ հարց է, բայց այն, որ տղաները տուն են վերադարձել, արդեն իսկ հույս է ներշնչում։
Երեք տարի է՝ մենք չենք կարողանում հետ բերել մեր գերիներին, Ռուսաստանի հետ բանակցությունները ոչ մի արդյունք չեն տվել, այն դեպքում, երբ այդ երկիրն է նոյեմբերի 9-ի փաստաթղթով պարտավորվել բոլոր գերիներին վերադարձնել։ Այս ընթացքում ՀՀ կառավարությունը փորձելէ նաև ԱՄՆ-ի հետ աշխատել, և հիմա արդեն հարցը կտրուկ է դրվել»,- նշեց քաղաքագետը։