«Այս տարվա նոյեմբերին Ադրբեջանում անցկացված հասարակական կարծիքի վերջին հարցման արդյունքների համաձայն՝ «Դուք համաձա՞յն եք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը» հարցին հարցվածների 78.5%-ը պատասխանել է «այո, կողմ եմ», 20.2%-ը՝ «ոչ, չեմ պաշտպանում», 1.3%-ը դժվարացել է կարծիք հայտնել։
Նախկինի համեմատ՝ ավելացել է խաղաղությանն իրենց աջակցությունը հայտնած հարցվածների թիվը։ Միջնակարգ կրթություն ունեցողների 74,1%-ը և բարձրագույն կրթություն ունեցողների 86,9%-ը իրենց աջակցությունն են հայտնել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։
Հարցումն անցկացվել է 2023 թվականի նոյեմբերի 25-28-ը՝ հեռախոսային հարցազրույցի ձևով Ադրբեջանի 12 մարզերում, որին մասնակցել է 18 տարեկանից բարձր 390 հարցվող»,- կարդում ենք ադրբեջանական լրատվամիջոցներում։
Այսօրինակ հարցումներով Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ իր հասարակության իբր խաղաղասեր ու հանդուրժող լինելը, նաև խաբել հայ ժողովրդին, թե ադրբեջանցիները ատելություն չունեն նրանց նկատմամբ։ Հայաստանի իշխանություններն էլ, բնականաբար, դրոշակ կսարքեն այս հարցումների արդյուքնները՝ սեփական ժողովրդին խաղաղասիրական միֆերով կերակրելու ու բերանն աղ դրած մատաղացուի պես քշելու դեպի նոր սպանդ ու նոր ստրկություն։
Եթե հարցվածների 78,5 %-ը կողմ է խաղաղությանը, հարց տվե՞լ են սեփական իշխանություններին՝ խաղաղության գնացող երկիրն ինչու է իր բանտերում պահում հայ գերիներին ու պատանդներին, նոր մարդկանց առևանգում, ինչո՞ւ էր 2 ամիս առաջ Արցախում,մոր աչքի առաջ գլխատում մանկահասակ երեխաներին, դաժանաբար սպանում խաղաղ բնակիչներին, նրանց ստիպում բռնի արտագաղթել սեփական Հայրենիքից։ Ընդամենը մի քանի ամիս առաջ Հայաստանի սահման մտած ու Սյունիքի գյուղերում տիրաբար զբոսնող ադրբեջանցի զինվորը ինչո՞ւ էր իր նկարած տեսանյութում ասում, որ ինչքան հնարավոր է, պետք է շատ հայերի մորթել։
Արցախը խլած, Հայաստանի ինքնիշխան տարածք մտած ու 200 քկմ գրաված Ադրբեջանը, որ անկլավ ու ադրբեջանցիների՝ դեպի Հայաստան վերադարձ է պահանջում, իհարկե, գոնե առերևույթ պետք է ձգտի խաղաղության պայմանագրի։ Ամեն ինչ վերցրած, ամեն ինչ լափած, քիչ պահանջած, բայց հազարապատիկը նվեր ստացած օկուպանտն էլ ի՞նչ կա, որ ուզել ու չի ստացել։ Միայն մի բան կա, որ դեռ չի իրագործվել՝ «խաղաղության պայմանագրի» անվան տակ ներխուժել Հայաստան ու փափուկ ուժով տիրել նրան։ Իսկ դրան ՀՀ իշխանությունները նույնպես համաձայն են։