Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Խաղաղության պայմանագրի ստորագրմամբ մենք առհասարակ փակում ենք Արցախի էջը. Օսկանյան

«2023 թվականը մոտենում է իր ավարտին, եթե այս տարի հիշվելու է ինչ-որ բանով, հիշվելու է Արցախի կորստով, Արցախի դատարկումով, և այս պահին Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներով։

Երևանը շողում է լույսերի մեջ, և կարծես ամեն անգամ, որքան  մեր ազգային արհավիրքները ավելի  են մեծանում, մեր կորուստները՝ ավելի շատանում, այնքան գունեղ է զարդարվում Երևանը:

Բայց ես համոզված եմ, որ յուրաքանչյուր հայի սրտում, հոգում, մտքում մութ ու խավար է: Մութ ու խավար է, որովհետև մենք տարին փակում ենք առանց Արցախի, Արցախի հողի վրա առանց արցախահայության»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Նրա ելույթի հիմքում խաղաղության պայմանագրի ստորագրման հարցն է, որը, ըստ նրա, Ադրբեջանը ստորագրելու է ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Նիկոլ Փաշինյանի հետ։

Փաստաթղթում նախկինում կար մի կետ, եթե չեմ սխալվում 9-րդ կետը, որտեղ խոսվում էր դեռևս Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի մասին: Այդ կետը այսօր հանված է: Ըստ պայմանագրի՝ գոյություն չունի: Ընդհանրապես Արցախի մասին խոսք չկա: Եվ եթե այս պայմանագիրը ստորագրվում է,  այսօրվա առկա բովանդակությամբ, դրանով նշանակում է՝ մենք փակում ենք Արցախի էջն առհասարակ»,- ասաց Օսկանյանը։