Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ)` երեկ երեկոյան (Նյու Յորքի «Քարնեգի հոլում» – թարգմ.) տեղի ունեցած համերգը նվիրված էր Արամ Խաչատրյանի 120 եւ Սերգեյ Ռախմանինովի 150-ամյակներին: Ունկնդրի համար ավելի զարմանալին այն է, որ ՀԱՖՆ-ն երկու տարի հետո 100 տարեկան կդառնա: Եվ որ այս ընթացքում նրանք աշխատել են հայտնի արտիստների հետ՝ Աշկենազիից մինչեւ Ցուկերման, ելույթներ են ունեցել աշխարհով մեկ եւ ձայնագրել բազմաթիվ սկավառակներ:
Պետք չէ առանձնապես զարմանալ: Հայաստանը, որի թագավորությունը ժամանակին տարածվում էր ամբողջ Անատոլիայում, աշխարհին տվել է այնպիսի կոմպոզիտորներ, ինչպիսիք են Ալան Հովհաննեսը, Խաչատրյանը եւ Պենդերեցկին (վերջինս ծնվել է Լեհաստանում, բայց նրա տատիկն ու պապիկը հայ էին[i]), հոյակապ եկեղեցիներ եւ իմ սիրելի գրողներից մեկին՝ Վիլյամ Սարոյանին: Բացի այդ, տվել է բացարձակապես յուրահատուկ երաժշտական գամմաներ, հարմոնիաներ ու մեղեդիներ:
Որոշ կոմպոզիտորներ կարող են փորձել թաքցնել արաբականի, եբրայականի, հին հունականի ու կովկասյանի այս անհավանական համադրությունը: Բայց Արամ Խաչատրյանին դա դուր էր գալիս, եւ նրա երաժշտությունը լիովին ճանաչելի է: Այսպիսով, երեկ երեկոյան կատարված երկու ստեղծագործությունները ծանոթ էին թվում նույնիսկ նրանց, ովքեր միայն գիտեին նրա «Սրերով պարը»:
Ակնհայտ է, որ ՀԱՖՆ-ն ստեղծված է այս երաժշտության համար, եւ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ դրսեւորվեցին երաժիշտների անհատական գույները: Ամենից առաջ նկատի ունեմ շքեղ լարայիններին: Ձայներանգները կոշտ էին (սակայն երբեք՝ կոպիտ), դրանք բարձրանում էին, երբ երաժշտությունն էր պահանջում, իսկ մնացած հատվածներում հյութեղ էին: Փողային մենակատարները հիասքանչ էին նվագում (կատարողների ցանկը հասու չէր, ուստի չեմ կարող նշել անունները): Կոմպոզիտորին չափազանց անհրաժեշտ փողային եւ հարվածային գործիքները վերահսկողության ներքո էին, բայց միշտ՝ ազդու կերպով:
Մաեստրո Թոփչյանն ուներ երկու արժանիք եւ մեկ (իմ կարծիքով) խանգարող հանգամանք: Արժանիքները նրա լիակատար վերահսկողությունն էին նվագախմբի նկատմամբ եւ Խաչատրյանի երաժշտության կառուցվածքի անսխալ զգացումը: Կոմպոզիտորի համար էական է նվագախմբային կրեշչենդոն: Անկախ նրանից, թե որքան հանդիսավոր էր սկիզբը (ինչպես «Սպարտակի» «Ադաջոյում»), նվագախմբի հնչողությունն անխուսափելիորեն ուժեղանում էր, ավելի հագենում, պայծառանում: Եվ Էդուարդ Թոփչյանն այս դրվագները լուծում էր նրբորեն եւ առավելագույն վերահսկողությամբ: Սակայն Ջութակի կոնցերտի, ինչպես եւ նշված «Ադաջոյի» եւ հաջորդած Ռախմանինովի խնդիրն այն էր, որ դանդաղ դրվագները չափազանց դանդաղ էին, գրեթե ետ մնացող: Այո՛, նա ՀԱՖՆ-ն թմբիրից արագ դուրս բերեց դեպի տպավորիչ դրվագներ, բայց հուզական ռոմանտիկ զգացմունքները գերակայում էին: «Սպարտակի» այդ երեք հատվածները սքանչելի էին (Խաչատրյանը միշտ էլ դյութող է): Ջութակի եւ նվագախմբի կոնցերտը չափազանց նրբագեղ էր:
Ինչպես դիրիժորը՝ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը եւս զուրկ է թատերականությունից, Ջոշուա Բելին հատուկ պահվածքից: Գվարների դել Ջեզուի պատրաստած նրա ջութակի ձայներանգները հնչեղ էին, երբեք՝ ցուցադրական, բոլոր երեք կադենցիաներում էլ մշտապես կենտրոնացած:
Ինչ խոսք, սա ամենաբարձր էներգիայով կոնցերտ է: Պարոն Խաչատրյանը բավական աշխույժ էր, եւ «Անդանտեի» սոստենուտոն (միօրինակ բարձրություն) ապշեցուցիչ գեղեցիկ դարձավ բավական տխուր ներածությունից հետո: Այն ավելի ամբոխահաճո էր ու հավանաբար գոհացրել է նաեւ Իոսիֆ Ստալինին: Շոստակովիչի հետ համեմատած՝ մեկ տարբերություն. վերջինս ստիպված էր հաճոյանալ Ստալինին, նրա երաժշտությունը պարունակում էր ծածկագրեր եւ հանելուկային հատվածներ: Դրանք նույնքան խորհրդավոր են, որքան հաղթական: Արամ Խաչատրյանը քիչ խնդիրներ ուներ մշակութային քաղբյուրոյի հետ: Նրա հայկական երաժշտությունը էքստրավերտ էր, իմպուլսիվ եւ ցուցադրում էր նրա անհատականությունը:
Ե՛վ հայ Խաչատրյանը, եւ՛ Սերգեյ Ռախմանինովը ծնվել են սխալ ժամանակներում: 20-րդ դարի կեսերին նրանք չխոնարհված ռոմանտիկներ էին: Ռուս Ռախմանինովը մի փոքր կորցրեց ժողովրդականությունը (չնայած այն հետագայում շեշտակիորեն աճեց՝ եռանդուն դաշնամուրային նվագի շնորհիվ): Խաչատրյանը որոշ շրջանակներում դեռեւս համարվում է… այսպես ասած, ապադասակարգային: Գեղեցիկ տարաշխարհիկ մեղեդիները չեն գնահատվում «լուրջ» երաժիշտների կողմից:
Ռախմանինովի երկրորդ սիմֆոնիան գրավիչ է իր սավառնող մեղեդիներով, իր հյութեղ հյուսվածքով եւ, անխուսափելիորեն, կտրուկ ու բարձրաձայն եզրափակիչներով: Էդուարդ Թոփչյանն այդ ամենը որսաց իր հրաշալի նվագախմբով: Երկրորդ եւ չորրորդ մասերի տեմպերը բավական գրավիչ էին, իսկ վերջին դրվագները՝ բացահայտորեն հիասքանչ:
Ես պարտվեցի կատարածս խաղադրույքը, երբ նա բիսի դուրս եկավ: Ես խաղադրույք կատարեցի մի քանի դոլարով, որ դա կլինի «Սրերով պարը»: Բայց ոչ, դա այլ երեւելի նմուշ էր՝ «Դիմակահանդեսի» վալսը: Հանդիսատեսի համար այն անխուսափելիորեն հմայիչ էր եւ արժանիորեն հյութեղ:
ՀԱՐԻ ՌՈԼՆԻԿ
ConcertoNet.com, 27 նոյեմբերի 2023 թ.
Անգլերենից թարգմանեց ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ[i] Իրականում՝ միայն տատիկը՝ լեհահայ Եվգենյա Շիլկիեւիչն է, որը նրան մանկության տարիներին հաճախ տարել է հայկական եկեղեցի՝ պատարագի (ծան. թարգմ.):