Թեև ՀՀ իշխանություններն անդադար հայտարարում են ժողովրդավարության «կղզյակների և փարոսների» մասին, ակնհայտ է, որ Հայաստանն իրականում բռնապետություն է, կարելի է անգամ ասել՝ ոստիկանապետություն։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն՝ անդրադառնալով ՔՊ-ականների կողմից Ալավերդիի համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու և լարված մթնոլորտում յուրային Դավիթ Ղումաշյանին նոր համայնքապետ ընտրելու գործընթացին։
«Իշխանությունների կողմից ժողովրդավարության մասին անընդհատ հայտարարելը նույնն է, ինչ խաղաղության մասին անընդհատ հայտարարելը։ Այս դեպքում էլ պարբերաբար օգտագործվում են «խաղաղության խաչմերուկ», «խաղաղության պայմանգիր» և «խաղաղության դարաշրջան» արտահայտությունները։ Բայց փաստ է, որ այս իշխանություններն անընդհատ պատերազմ, մահ և տարածքային կորուստներ են բերում։ Այսինքն՝ որքան շատ են խոսում խաղաղության մասին, այնքան շատ պատերազմ են բերում։ Խաղաղության աղավնի ներկայացողներն, ըստ էության, պատերազմ սփռող քաղաքական ուժի ներկայացուցիչներ են։ Հիմա, գործող իշխանությունները որքան շատ են խոսում ժողովրդավարության և ժողովրդավարական արժեքներին դավանելուի մասին, այնքան շատ և ակնհայտ բերում են բռնապետություն, անօրինականություն և ոստիկանապետություն»,- ասաց Վիգեն Հակոբյանը։
Ըստ քաղտեխնոլոգի՝ ժողովրդավարության մասին բարձրաձայնող ՀՀ իշխանություններն աջակցություն են ստանում Արևմուտքից, քանի որ ի դեմս այդ վարչակարգի՝ վերջինս տեսնում է իր գործիքին։
«Արևմուտքն այդ գործիքին պետք է անընդհատ աջակցել, փայփայել, գլուխը շոյել, որպեսզի իր ուզածներն անի։ Ժողովրդավարությունն այսօրվա աշխարհում այնպիսի մի բան է, որն օգտագործում են, իսկ հետո՝ դեն նետում։ Այսօրվա աշխարհում հասկացողություններն ու արժեհամակարգերը խիստ հարաբերական են։ Եթե այսօր պետք է աչք փակել բռնապետությունների վրա, աչք կփակեն և անունը կդնեն ժողովրդավարություն։
Հիմա, այն ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդիում, ցույց տվեց, որ Հայաստանում որևէ նշանակություն չունի՝ ընտրություններն ինչպես են անցել և ինչ արդյունքներ են գրանցվել. դու կարող ես ընտրվել, բայց քեզ տանեն և բանտ նստեցնեն, որովհետև դու ընտրվել ես։ Հայաստանում ընտրական գործընթացն ամբողջովին սնանկ և անիմաստ է. Վանաձորի, Թալինի և հիմա էլ Ալավերդիի պրակտիկան ցույց է տալիս, որ Հայաստանում ընտրություններով նույնիսկ տեղական իշխանափոխություն հնարավոր չէ անել»,- ասաց Վիգեն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ այսօր ժողովրդավարության և լիբերալիզմի «գուրունուները» աչք են փակում հակաժողովրդավարական տարատեսակ դրսևորումների վրա, ինչը մեկ անգամ ևս հիմք է տալիս պնդելու, որ ժողովրդավարությունն անվիճելի արժեք չէ՝ առավել ևս Հայաստանում։
Հիշեցնենք, որ այսօր Ալավերդի համայնքի ավագանին լարված իրավիճակում կարողացավ անվստահություն հայտնել համայնքապետ Արկադի Թամազյանին: Նոր համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը:
Արկադի Թամազյանը հայտարարել էր, որ նիստը սկսել են օրենքի խախտումով, և իրենք պատրաստվում են գործընթացը վիճարկել դատարանում։
Նշենք, որ Դավիթ Ղումաշյանը Շնողի նախկին համայնքապետն էր։