Հայ ականավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը համադրել է ժամանակակիցն ու ավանդականը եւ ազգայինը ոգով լուծել արդի ճարտարապետության մարտահրավերները:
Մեծ վարպետի ժառանգությունը հիրավի զարդարում է Հայաստանի լեռներն ու ձորերը: Իսրայելյանի արվեստում ամենաբարձր մակարդակով է ներկայացվում Հայաստանի անցյալն ու ապագան: Նրա ուղենշած ճանապարհը տանում է դեպի արդիականի եւ ազգայինի ներդաշնակությունը: Հենց այս ճանապարհին է Մեծ ճարտարապետը դրսեւորել հայ ազգային ստեղծագործական ներուժը:
Սարդարապատի, Բաշ Ապարանի, Նոր Հաճնի, Մուսա լեռան հերոսամարտերին նվիրված ճարտարապետական կոթողներն արտացոլում են հայ ժողովրդի հերոսական ոգին ու պատմությունը եւ նորանոր սխրանքների են ոգեկոչում:
«Արարատ» տրեստի գինու մառանները, Օշականի «Խերես» գինու գործարանը եւ բազմաթիվ այլ շինություններ խորհրդանշում են հայ ժողովրդի համառ աշխատասիրությունն ու կենսասիրությունը:
Ժողովրդական իմաստությունը արտացոլող բազմաթիվ աղբյուր հուշարձանները, ցրված լինելով Հայաստանով մեկ, ճամփորդների լավագույն ուղեկիցներն են մշտապես:
Չարենցի կամարը, 1915 թ. Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը Էջմիածնի Մայր տաճարի բակում, Սուրբ Սարգիս եկեղեցու վերակառուցումը հայ հոգեւոր մշակույթի անգերազանցելի նվաճումներից են:
Իսրայելյանի տաղանդը չի սահմանափակվել Հայոց հայրենիքը շենացնելով, այն ընդգրկել է նաեւ Սփյուռքի հայկական համայնքները: Սրա լավագույն դրսեւորումներից է Նյու-Յորքի Սուրբ Վարդան եկեղեցին, Միլանի Քառասուն մանկունք եկեղեցին եւ Մոնտեվիդեոյի Սուրբ Շնորհալի եկեղեցին:
Նախորդ օրը ՀՀ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի ծննդյան 105 ամյակն է: Այդ առիթով Սարդարապատի հուշահամալիրում նրա հիշատակին նվիրված միջոցառում էր կազմակերպվել: Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը պատմեց, որ իրենք վարպետի աշակերտների, հարազատների հետ միասին այցելել են նրա շիրիմին, զրուցել նրա մասին, պատմել հուշեր: Ցուցադրվել է տեսանյութ Իսրայելյանի մասին:
«Այցելեցինք Սարդարապատի հուշահամալիր, որը վարպետի լավագույն ստեղծագործություններից մեկն է: Մեր շատ սիրելի ուսուցիչը, տաղանդավոր ճարտարապետը շատ մեծ հետք է թողել մայրաքաղաքում, հանրապետության տարբեր վայրերում, ինչպես նաեւ արտասահմանում»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:
Հավելենք, որ Ռաֆայել Իսրայելյանը հեղինակել է մի շարք հայտնի շինություններ ու կոթողներ` «Արարատ» տրեստի գինու մառանները (Գ. Քոչարի համահեղինակությամբ), «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը», «Չարենցի կամար» հուշակոթողը, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի հաղթակամարը, Հաղթանակի հուշարձան-թանգարանը, 1918 թ.-ի Ապարանի հերոսամարտի հուշահամալիրը եւ այլն:
1951թ.-ին Հաղթանակ հուշարձանի ճարտարապետության համար նա արժանացել է ԽՍՀՄ պետական առաջին կարգի մրցանակի: Իսրայելյանը Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով արժանացել է Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, ապա Հայկական ԽՍՀ վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչումների, պարգեւատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով: Իսրայելյանը մահացել է 1973 թվականին:
Հավերժ փառք ու պատիվ նրան …