Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Ավտոներկրողների վերջին հույսն էլ չարդարացավ

Օրերս «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի փոփոխություններից դժգոհող ավտոներկրողները հավաքվել էին նախագահականի առջեւ՝ նախագահ Վահագն Խաչատուրյանին նամակ-դիմում փոխանցելու ու խնդրելու՝ չվավերացնել Ազգային ժողովի՝ իրենց բնորոշմամբ հապշտապ ընդունած օրենքը։

Ըստ փոփոխությունների՝ ավտոներկրող ՍՊԸ-ները հետայսու ոչ թե շրջանառության հարկ, այլ շահութահարկ են վճարելու, ինչը ենթադրում է 20 տոկոս եկամուտ ունենալ ու դրանից պետբյուջե գումար վճարել։

Նոր հարկատեսակ սահմանելը, ըստ ներկրողների, ազդելու է ոչ միայն իրենց, այլեւ մեքենա գնողների գրպանի վրա, որովհետեւ ստիպված են լինելու ավելի բարձր գնով վաճառել ներմուծված մեքենաները։

 Azg.am-ին հայտնի է դարձել, որ նախագահ Խաչատուրյանը կառավարության առաջարկած ու խորհրդարանի վավերացրած փոփոխությունները ստորագրել է տասն օր առաջ՝ նոյեմբերի 20-ին, եւ, փաստորեն, տնտեսվարողների հույսը, թե նախագահը կարող է անսալ իրենց հորդորին, անիմաստ է։

 Նշենք, որ մեքենաների ներմուծմամբ զբաղվողներն առաջարկում էին գոնե հետաձգել փոփոխված օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը՝ դեկտեմբերի 1-ը, ու վեց ամիս ժամանակ տալ՝ արդեն գնված մեքենաները գնորդներին առուվաճառքի՝ նախապես կնքված պայմանագրում ֆիքսված գնով վաճառելու համար։

Կառավարությունը, փաստորեն, այս խնդրանքը եւս մերժել է։

Սեւակ Վարդումյան