ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը (Երեւան) եւ Վիլյամ Սարոյան հիմնադրամը (Սան Ֆրանցիսկո) նոյեմբերի 17-18-ը խառը ձեւաչափով անցկացրեցին «Վիլյամ Սարոյանը եւ արվեստը» միջազգային գիտական կոնֆերանս՝ նվիրված ականավոր գրողի ծննդյան 115-ամյակին:
Սարոյանագիտության մեջ աննախադեպ այս գիտաժողովին, որը բացահայտում էր Սարոյան եւ արվեստ առնչությունները, մասնակցեցին 35 զեկուցողներ՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի, Պատմության, Գրականության ինստիտուտների գիտաշխատողներ, համալսարանների ներկայացուցիչներ, արվեստի, մշակույթի, գրականության վաստակավոր գործիչներ, միջազգային ճանաչում ունեցող առաջատար գիտնականներ ու երիտասարդ հետազոտողներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Իսլանդիայից եւ Սերբիայից: Գիտաժողովի բացմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, որը ողջունելով կազմակերպիչներին ու մասնակիցներին` իր խոսքում նշեց. «Անչափ կարեւորում եմ գիտաժողովի անցկացումը, որի շրջանակում սարոյանական արվեստի տարբեր դրսեւորումներ կդրվեն գիտական հենքի վրա»: Դանիելյանն իր խոսքի ավարտին ընթերցեց հատված Սարոյանի «Հայը եւ հայը» պատմվածքից՝ վերհաստատելով հայի անկոտրում ոգին եւ սարոյանական տողի կենսունակությունը այսօր էլ:
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանն իր խոսքում նշեց, որ «Վիլյամ Սարոյանը եւ արվեստը» գիտաժողովը կբացահայտի տարբեր շնորհներ ունեցող Սարոյանին. «Երեւի առաջին հայացքից տարակուսանք ու զարմանք կառաջացնի գիտաժողովի խորագիրը՝ «Վիլյամ Սարոյանը եւ արվեստը»: Չէ՞ որ Վիլյամ Սարոյանը, ինչպես գիտենք բոլորս, ականավոր գրող է»: Նա ընդգծեց, որ Սարոյանի ստեղծագործությունները խթանել են հայ արվեստի զարգացմանը. «Ի թիվս այլնի՝ գիտաժողովի ժամանակ սպասվում են բացահայտումներ Սարոյանի սարյանական եւ սիրավյանական կերպարների մասին: Սարոյանի պիեսները բեմադրվել են Հայաստանի եւ Սփյուռքի թատրոններում եւ մեծ դեր կատարել հայ ռեժիսորների եւ դերասանների ստեղծագործական ճակատագրում: Այդ մասին եւս կլինեն զեկուցումներ»:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը՝ հիշելով ու արժեւորելով Վարդան Աճեմյանի «Իմ սիրտը լեռներում է» բեմադրությունը՝ նվիրված հայ անվանի դերասան Հրաչյա Ներսիսյանի հիշատակին, Վահրամ Փափազյանի եւ Վարդուհի Վարդերեսյանի մասնակցությամբ: «Այս գիտաժողովը նվիրված է միջգիտակարգային հիմնախնդրի՝ գրականության եւ արվեստի առնչություններին: Սա չափազանց շահեկան նախաձեռնություն է, որովհետեւ գիտություններն այսօր զարգանում են տարբեր գիտաճյուղերի հատույթներում: Եվ այս հատույթներում է, որ այսօր մենք կարող ենք նոր խոսք ասել: Գիտաժողովը հնարավորություն է մեկ անգամ եւս արժեւորելու Սարոյանի գրական ժառանգությունը եւ այն դիտարկելու արվեստի տեսանկյունից», – ասաց ակադեմիկոսը:
«Վիլյամ Սարոյան» հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանը գիտաժողովին միացավ հեռավար կապով Սան Ֆրանցիսկոյից՝ ջերմորեն ողջունելով մասնակիցներին. «Մտածում էի, թե ինչպես կարձագանքեր Սարոյանն այս հանդիպմանը, որն անցկացվում է իր ծննդից 115 տարի անց, Հայաստանում, եւ որում ելույթ են ունենում առաջատար գիտնականներ: Կարծում եմ, որ նա կասեր. «Սա ամենազվարճալի բանն է, որ երբեւէ տեսել եմ»: Բայց ես գիտեմ, որ նա շատ գոհ կլիներ: Սարոյանը շատ ուշադիր էր իր ժառանգության նկատմամբ: Մենք բոլորս պետք է հպարտ լինենք, որ այս գիտաժողովի մի մասն ենք», – ասաց Սքոթ Սեդրակյանը: Ողջույնի խոսք էր հղել մասնակիցներին եւ շնորհավորել նման մասշտաբային գիտաժողովի կայացման առիթով նաեւ անվանի սարոյանագետ Նատալյա Գոնչարը, որի նամակն ընթերցվեց ներկաների համար:
Գիտաժողովի լիագումարի նիստի առաջին զեկուցողը ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի վարիչ Հենրիկ Հովհաննիսյանն էր: Նրա զեկուցման թեման էր «Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսը Վարդան Աճեմյանի բեմադրությամբ»: Գիտնականն ականատեսի աչքերով անդրադարձավ Աճեմյանի բեմադրական յուրահատկություններին, ընդգծեց առանձին դերակատարումներ՝ նկատելով, որ «Իմ սիրտը լեռներում է»-ն ջրբաժան դարձավ թատրոնի մինչ այդ եւ դրանից հետո եղած ոճերի միջեւ` նոր էջ բացելով Վարդան Աճեմյան ռեժիսորի կենսագրության եւ Սունդուկյան թատրոնի պատմության մեջ:
Գիտաժողովն իր ելույթով պատվել էր Նյու Ջերսիից (ԱՄՆ) անվանի սարոյանագետ, Ֆեյրլի Դիքինսոն համալսարանի գրականության, լեզվի, գրարվեստի եւ փիլիսոփայության ամբիոնի պատվավոր պրոֆեսոր Հարի Քեյիշյանը, որը հեռավար միացմամբ ողջունելով գիտաժողովի կազմակերպիչներին իր տպավորիչ խոսքով ամբողջացրեց Սարոյանի մեծությունն ու կերպարը՝ «Վիլյամ Սարոյանը որպես մշակութային ֆենոն» զեկուցումով:
Սքոթ Սեդրակյանի «Վիլյամ Սարոյանը՝ նկարիչ» զեկուցումը նվիրված էր Սարոյանի կերպարվեստին: Միեւնույն թեմային էր նվիրված Ամերիկայի հայկական թանգարանի տնօրեն Պերճ Չեքիջյանի զեկուցումը, նա ցուցադրեց հայր եւ որդի Սարոյանների կերպարվեստից նմուշներ, որոնք նվիրաբերվել են թանգարանին: Սարոյանը որպես կերպարվեստի ներշնչանք թեմային անդրադարձան բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի կերպարվեստի բաժնի ավագ գիտաշխատող Ռուզան Սարյանը՝ «Վիլյամ Սարոյանը եւ Մարտիրոս Սարյանը» եւ արվեստագիտության թեկնածու, ԵՊՀ դասախոս Հռիփսիմե Վարդանյանը՝ «Վիլյամ Սարոյանի կերպարը Հենրիկ Սիրավյանի արվեստում» զեկուցումներով:
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Աելիտա Դոլուխանյանի զեկուցումը նույնպես անդրադարձ էր Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է»-ի Գ.Սունդուկյանի անվան թատրոնի արդեն լեգենդար դարձած բեմադրությանը: Ի դեպ, Սարոյանի այս պիեսին անդրադարձերը գիտաժողովի ընթացքում գերիշխում էին, ինչը խոսում է Սարոյանին առաջին լուրջ համբավ ու մրցանակներ բերած պիեսի համաշխարհային ճանաչման մասին: Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ազատ արվեստների եւ գիտությունների ֆակուլտետի ավագ դասախոս Մաքսիմ Գուդկովի զեկուցումը կոչվում էր «Ներդաշնակության որոնուերում. «Իմ սիրտը լեռներում է»-ի առաջնախաղային բեմադրությունները Նյու Յորքում, Երեւանում եւ Մոսկվայում»: Արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի սփյուռքահայ արվեստի եւ միջազգային կապերի բաժնի ավագ գիտաշխատող Անահիտ Չթյանի զեկուցումը «Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» դրաման Իրանի հայ բեմում. Սաբրինա Գրիգորյան» խորագիրն էր կրում: «Սարոյան եւ կինո» առնչություններին անդրադարձը դրսեւորվեց արվեստագիության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի սփյուռքահայ արվեստի եւ միջազգային կապերի բաժնի ավագ գիտաշխատող Արսեն Համբարձումովի «Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսի՝ կինոռեժիսոր Լեւոն Գրիգորյանի էկրանավորումը» զեկուցման մեջ: Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի ասպիրանտ Հասմիկ Սեյմորի զեկուցման խորագիրն էր «Շեքսպիրյան ներշնչանքն ու ազդեցությունը Սարոյանի վաղ շրջանի «Իմ սիրտը լեռներում է» դրամայում»:
Մի շարք զեկուցումներում արծարծվեց «Սարոյան եւ երաժշտություն» կապը: Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը ներկայացրեց «Մարտին Վարդազարյանի երաժշտությունը՝ գրված Վիլյամ Սարոյանի «Մի գավաթ բարություն» («The Beautiful People») պիեսի՝ Համազգային թատրոնում Սոս Սարգսյանի բեմադրության համար» զեկուցումը՝ շտկելով բեմադրության մասին հոդվածներում առկա երաժշտագիտական որոշ թյուրըմբռնումներ: Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող Լիլիթ Երնջակյանի զեկուցումը նվիրված էր «Վիլյամ Սարոյան-Ալան Հովհաննես. ստեղծագործական համագործակցություն» թեմային, որ լի էր բացահայտումներով: Բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արծվի Բախչինյանի զեկուցումը նույնպես Սարոյան եւ երաժշտության ոլորտից էր՝ «Վիլյամ Սարոյանը՝ երգաստեղծ» խորագրով, որի ընթացքում ներկաներն ունկնդրեցին հատվածներ Սարոյանի հոգեթով երգերից: Երաժշտագիտության դոկտոր, Կաուֆմանի երաժշտական կենտրոնի պրոֆեսոր Նունե Մելիքյանը Նյու Յորքից ներկայացրեց իր «Վիլյամ Սարոյան եւ Առնո Բաբաջանյան. ամերիկյան եւ խորհրդային լեգենդները» զեկուցումը: «Ազգ» շաբաթաթերթի եւ «ArtCollage» կայքի մշակութային լրագրող, տնտեսագիտության թեկնածու Աշոտ Գրիգորյանը բացահայտեց Սարոյանի ստեղծագործությունը Լատվիայում՝ «Իմանտ Կալնինշի «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ» ռոք օպերան» զեկուցումով:
«Սարոյանի դրամատուրգիան հայ բեմում թեմայով զեկուցումներով հանդես եկան բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենության փորձագետ Լիլիթ Արզումանյանը՝ «Դիտարկումներ Վիլյամ Սարոյանի պիեսների երեւանյան բեմադրությունների մասին» զեկուցումով: Արվեստագիտության թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի ավագ գիտաշխատող, ԵԹԿՊԻ-ի դասախոս Անուշ Ասլիբեկյանի զեկուցումը նվիրված էր Արմեն Էլբակյանի վեց սարոյանական ներկայացումներին՝ «Ամեն Էլբակյանի ռեժիսորական ձեռագիրը սարոյանական բեմադրություններում» խորագրով:
Բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուի սփյոուռքահայ գրականության ուսուասիրման բաժնի վարիչ Արմեն Ավանեսյանի «Վիլյամ Սարոյանի «Ոստրեն եւ մարգարիտը» պիեսի բեմադրությունները Հայաստանում» զեկուցումը դրամատուրգիայից բեմական մեկնաբանությունների անցմանն էր նվիրված: Նյու Յորքի SR Socially Relevant Film Festival, NY հիմնադիր տնօրեն գեղարվեստական ղեկավար Նորա Արմանին իր «Սարոյանի վեպերի բեմականացման եւ բեմադրության հարցերի շուրջ» զեկուցումով մասնավորապես անդրադարձավ սարոյանական բեմադրությունների սեփական փորձառությանը:
Գիտաժողովին մասնակցում էին նաեւ բեմադրիչներ: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բեմադրող ռեժիսոր, դոցենտ Հերբերտ Գասպարյանը բացահայտեց Վիլյամ Սարոյանը հեռուստաթատրոնում թեման՝ իր երեք բեմադրությունների օրինակով եւ մասնագիտական հարուստ փորձառությամբ: Իսկ Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ, մնջախաղաց, սցենարիստ, բեմադրիչ, թատերական մանկավարժ, Երեւան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ Լեւոն Իվանյանը հանդես եկավ «Սարոյանը 1970-ականների Երեւանի մնջախաղի թատրոնում» բացառիկ նյութ պարունակող զեկուցումով: Դերասան, բեմադրիչ Արսեն Աբրահամյանը «Վիլյամ Սարոյանի անվան անգլիական թատրոն-ստուդիան (1994-1999)» զեկուցումով ներկայացրեց ոչ վաղ անցյալում գործած Սարոյանի անունը կրող թատրոնի գործունեության մասին: Գիտաժողովի ներկաների համար բացահայտումներ արեցին Ռեյկյավիկից Իսլանդիայի համալսարանի ասպիրանտ, սարոյանագետ Ինգիբյորգ Թորիսդոթիրը՝ «Սարոյանը Իսլանդիայում» եւ բանասիրական գիտությունների թեկնածու Ժաննա Հակոբջանյանը Բելգրադից (Սերբիա)՝ «Վիլյամ Սարոյանը՝ սիրված գրող նախկին Հարավսլավիայի հանրապետություններում» թեմաներով:
Սարոյանի դրամաներին էին նվիրված բանասիրական գիտությունների թեկնածու, ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էլֆիք Զոհրաբյանի եւ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայ ռուսական համալսարանի Ռուս եւ համաշխարհային գրականության եւ մշակույթի ամբիոնի վարիչ Լիլիթ Մելիքսեթյանի զեկուցումները: Էլֆիք Զոհրաբյանը ներկայացրեց «Վիլյամ Սարոյանի «Փոքր ազգերի տառապանքը» դրաման» զեկուցումը՝ անդրադառնալով Սարոյանի մի քանի պիեսների սեփական թարգմանություններին, իսկ Լիլիթ Մելիքսեթյանը ներկայացրեց «Արդիականն ու հավերժականը Վ.Սարոյանի «Կոտորածն անմեղաց» պիեսում» թեմայով իր զեկուցումը:
Գիտաժողովին մասնակցում էր Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյի տուն-թանգարանի դիզայնը եւ ճարտարապատական լուծումները ստանձնած «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի տնօրեն Մերուժան Մինասյանը, որն իր զեկուցումով անդրադարձավ Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի ճարտարապետական հայեցակարգին:
Բանասիրական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի Դաշնության ՀՀ դեսպանատան մշակույթի կենտրոնում գործող Հայագիտական ամբիոնի ղեկավար Աիդա Մարանջյան-Մարտիրոսյանի զեկուցման խորագիրն էր «Մարդու լինելիության համանվագը Վիլյամ Սարոյանի ստեղծագործական աշխարհում»: Բանասիրական գիտությունների թեկնածու, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Արեւելյան ֆակուլտետի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ամբիոնի դոցենտ Դոնարա Մկրտչյանը ներկայացավ իր «Մարդ մնալու արվեստը Սարոյանի ստեղծագործություններում» զեկուցումով: Վիլյամ Սարոյանի ազդեցությունը ամերիկյան գրականության վրա թեմային էր նվիրված թարգմանիչ Արամ Օհանյանի զեկուցումը:
Դրամատուրգ, գրող, լրագրող, ամերիկյան ՓԵՆ ակումբի անդամ, 2018-ից՝ Վիլյամ Սարոյան տուն-թանգարանի տնօրենների խորհրդի անդամ Ռաֆայել Հակոբջանյանը Սան Ֆրանցիսկոյից (ԱՄՆ) իր ելույթով ներկայացրեց «Վիլյամ Սարոյանը եւ Սան Ֆրանցիսկոն» ինքնատիպ զեկույցը: Բացառիկ նյութ էր պարունակում պատմական գիտությունների թեկնածու, Հանրային Հեռուստատեսության, «Armenian Mirror-Spectator» թերթի լրագրող Հայկարամ Նահապետյանի ելույթը ԱՄՆ-ից՝ «Վաշինգտոնահայերի հուշերը Վիլյամ Սարոյանի մասին» վերնագրով: Իսկ պատմական գիտությունների թեկնածու, Նիւ Եորքում Հայ Առաքելական Եկեղեցւոյ Արեւելեան թեմի գործադիր տնօրէն Վարդան Մատթէոսեանը ԱՄՆ-ից ներկայացրեց «Ուիլիըմ Սարոյեան եւ հայոց դէմ խտրականութիւնը Ֆրեզնոյի մէջ» զեկուցումը: «Վիլյամ Սարոյանը եւ արվեստը» գիտաժողովի չորս նիստերի ընթացքում ներկաները բոլորովին նոր Սարոյան բացահայտեցին, իսկ մեզ՝ կազմակերպիչներիս համար պարզ դարձավ, որ թեման սպառված չէ եւ որ դեռ շատ շերտեր կան սարոյանագիտության մեջ, որոնք կարոտ են ուսումնասիրության: Հուսով ենք, որ ականավոր գրողի 115-ամյակին նվիրված «Սարոյանը եւ արվեստը» միջազգային երկօրյա, միջգիտակարգային գիտաժողովի արդյունքները կդառնան կարեւոր հանգրվան արվեստագիտության մեջ եւ սկիզբ կդնեն սարոյանագիտության նոր փուլի՝ ավելի լայնորեն հանրահռչակելով գրողի արվեստն ու գրականությունը:
ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ