ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ նախագահ
ՅՈՒՐԻ ՇՈՒՔՈՒՐՅԱՆ, Ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ
ՌՈԲԵՐՏ ԱԹՈՅԱՆ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Ծննդյան 90-ամյակի առիթով
Այսօր, 2013թ. սեպտեմբերի 18-ին, լրանում է հաշվողական տեխնիկայի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի բնագավառի ճանաչված մասնագետ, պետական եւ հասարակական ականավոր գործիչ, գիտնական եւ գիտության տաղանդավոր կազմակերպիչ, ակադեմիկոս Ֆադեյ Տաճատի Սարգսյանի 90 տարին:
Խոշոր պետական գործչի, գիտնականի ու քաղաքացու ճանապարհը նա անցավ ոչ միայն անձնվիրաբար` ծառայելով իր ժողովրդին, հաղթահարելով այդ ճանապարհի բազում դժվարություններն ու խոչընդոտները: Եվ նա դա արեց բնատուր տաղանդի, խնդիրների նկատմամբ անալիտիկ ու կշռադատված մոտեցման, հմայքի, անսահման բարության եւ իմաստնության շնորհիվ: Նրան հատուկ էին վիթխարի աշխատասիրությունը, գործին ինքնամոռաց նվիրումը, պահանջկոտությունը, կարգապահությունը, մարդկանց կարիքներն ու հոգսերը թեթեւացնելու մշտական պատրաստակամությունը:
17 տարիների ընթացքում (1946-1963թթ.) Ֆ.Տ.Սարգսյանն աշխատել է միութենական պաշտպանության նախարարության գլխավոր հրթիռա-հրետանային վարչության գիտատեխնիկական կոմիտեում` մասնակցելով ռադիոլոկացիոն տեխնիկայի նոր տեսակների ստեղծմանը: Նրա այդ տարիների աշխատանքը բազմիցս նշվել է բարձր կառավարական պարգեւներով:
1963թ. Ֆ. Սարգսյանը որպես ռազմական տեխնիկայի բարձրորակ մասնագետ գործուղվեց ԽՍՀՄ ռադիոարդյունաբերության նախարարություն եւ այնուհետեւ Հայաստան: Նրա հայաստանյան աշխատանքային գործունեության տարիները քաջ ծանոթ են մեր սերնդակիցներին: Այդ ճանապարհը սկսվեց Երեւանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում: Նրա տնօրենության (1963-1977թթ.) շրջանում հատուկ դրսեւորվեց նրա` գիտնականի եւ գիտության կազմակերպչի տաղանդը:
Ֆադեյ Սարգսյանին հաջողվեց ճիշտ եւ ըստ ամենայնի արդարացված ուղղություն տալ ինստիտուտի գործունեությանը: Այն կողմնորոշվեց դեպի ժողովրդական տնտեսության էական նշանակություն ունեցող համակարգերի եւ հաշվողական միջոցների մշակումը:
Ֆադեյ Սարգսյանը, երբ ստանձնեց ինստիտուտի ղեկավարությունը, արդեն հաշվողական տեխնիկայի կառավարման ավտոմատացված համակարգերի բնագավառի խոշոր մասնագետ էր, եւ բազմաթիվ աշխատանքների հեղինակ եւ համահեղինակ, որոնք հրատարակվել են փակ հրատարակություններում: Նա վճռական դեր ունեցավ ինստիտուտում նոր ուղղության ձեւավորման գործում, ինչպիսին է ռազմական կիրառման համար ավտոմատացված կառավարման համակարգերի մշակումը: Ֆ.Սարգսյանի ղեկավարությամբ եւ անձնական մասնակցությամբ մշակվեցին եւ արտադրության մեջ ներդրվեցին «Հրազդան», «Նաիրի», EC1030, BK1010, EC1045, ՄՀՀ եւ ԷՀՄ-ներ: Նրա ղեկավարման տարիներին ինստիտուտը դարձավ Խորհրդային Միության առաջատար կենտրոններից մեկը, որի նվաճումների հիման վրա ստեղծվեցին նոր արդիական ուղղություններ: Դրանով Հայաստանը դարձավ էլեկտրոնային գիտության եւ տեխնիկայի ճանաչված կենտրոններից մեկը:
Այդ հաջողություններում բացառիկ մեծ էր ինստիտուտի տնօրենի դերը` նրա համարձակ մտահղացումների, առաջադրված խնդիրները իրականություն դարձնելու նրա կազմակերպչական տաղանդի, մեծ եռանդի ու համերաշխ եւ ամուր կոլեկտիվ ստեղծելու հմտությունը:
1969թ. Ֆադեյ Սարգսյանին շնորհվեց գեներալ-մայորի, 1975թ.` տեխնիկական գիտությունների դոկտորի կոչում: 1971թ. նա ընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, իսկ 1977թ.` իսկական անդամ:
Ակադեմիկոս Ֆ. Սարգսյանը խոշոր պետական գործիչ էր: 1977 թվականին Ֆադեյ Սարգսյանին վստահվեց հույժ կարեւոր եւ պատասխանատու պաշտոն. Նա նշանակվեց Խորհրդային Հայաստանի Մինիստրների խորհրդի նախագահ: Շուրջ 12 տարի կառավարության նախագահի պաշտոնում Ֆ.Սարգսյանն իրեն հատուկ եռանդով ու ջանասիրությամբ վիթխարի ավանդ ունեցավ հանրապետության տնտեսության, մշակույթի, գիտության հզոր վերելքի գործում:
1990 թվականին ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը ընտրվեց Հայաստանի գիտությունների ակադեմիայի մեխանիկայի, ինֆորմատիկայի եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար:
Նրա ղեկավարությամբ գործող բաժանմունքը սկսեց անմիջականորեն զբաղվել հանրապետության ժողովրդական տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող վառելիքաէներգետիկ ռեսուրսների եւ համանման պրոբլեմների մշակմամբ:
1993 թվականի ապրիլին ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը ընտրվեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ:
Այդ պաշտոնը նա ստանձնեց շատ բարդ` Հայաստանի երրորդ հանրապետության կազմավորման դժվարին ժամանակաշրջանում: 1991թ. քաղաքական հեղաշրջումը` Խորհրդային Միության փլուզումը, ծայրահեղ ծանր իրավիճակ էին ստեղծել ինչպես տնտեսության, այնպես էլ գիտության ու մշակույթի բնագավառներում: Սկսվել էր տնտեսության անկումը, խզվել էին միջպետական կապերը, դադարել էր ԽՍՀՄ հանրապետությունների ակադեմիաների միջեւ համագործակցությունը: Այդ պայմաններում առավել խառնակ ու օրհասական էր իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում` ղարաբաղյան պատերազմի, շրջափակման, ավերիչ երկրաշարժի պատճառով:
Տնտեսական վերափոխումներին զուգահեռ հույժ կարեւոր էր պահպանել գիտական հիմնական ուղղությունները, գիտական ներուժը, նախկին գիտական կապերն ու համագործակցությունը; Պայմանագրեր են կնքվում Ռուսաստանի, Ուկրաինայի եւ այլ երկրների ակադեմիաների ու գիտական կենտրոնների հետ, ՀՀ ԳԱԱ-ն անդամակցում է Գիտությունների ակադեմիաների միջազգային կազմակերպություններին` գիտական հայտերով համատեղ նախագծերի կատարման շրջանակներում (INTAS, ISTS, NATO, CRDF), սկսվեց հայ եւ արտասահմանցի գիտնականների համագործակցությունը:
Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ հաղթահարվեց ինֆորմացիոն շրջափակումը եւ ապահովվեց կապը գլոբալ ցանցերի հետ: Ակադեմիկոս Ֆ. Սարգսյանի ջանքերի շնորհիվ իննսունական թվականներին սկսվեցին աշխատանքները Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի ստեղծման ուղղությամբ, որը շրջափակման դժվարին տարիներին եղավ մեր գիտնականների համար աշխարհի գիտական կենտրոնների հետ հաղորդակցվելու միակ կապուղին: Այն հիմք դարձավ հետագայում առաջին անգամ Հայաստանում բարձր արտադրողականության հաշվողական կլաստերի իրականացման համար: Բացվեցին նոր գիտական հաստատություններ, ինչպիսիք են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների, Մանրէների ավանդադրման, Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման գիտակրթական կենտրոնները:
Ակադեմիայի կարեւորագույն խնդիրը հանդիսացավ օրենսդրական բազայի մշակումը, որը կհամապատասխաներ գիտական, գիտատեխնիկական եւ ինովացիոն գործունեության ժամանակակից նպատակներին: ՀՀ ԳԱԱ-ն շարունակական գործունեություն ծավալեց գիտության մասին Օրենքի ստեղծման ուղղությամբ եւ փորձեց իր նպաստը ներդնել գիտական քաղաքականության հիմնահարցերի մշակման մեջ: Դրա հետեւանքով ընդունվեց ՀՀ օրենքը «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին»:
ՀՀ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը մեծ աշխատանք կատարեց ակադեմիայի պահպանման, գիտական գործունեության կազմակերպման ու զարգացման, միջազգային գիտական համագործակցության ընդլայնման ուղղությամբ:
Իր երկար եւ բեղմնավոր կյանքն իր երկրին ու ժողովրդին ամբողջովին նվիրաբերած Ֆադեյ Սարգսյանը ակտիվորեն մասնակցել է նաեւ մեր նորանկախ հանրապետության ստեղծման ու կայացման գործին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման արդար պայքարին, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը:
Ֆադեյ Սարգսյանը բազմիցս ընտրվել է ԽՍՀՄ եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների, Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
Ֆադեյ Սարգսյանի հայրենանվեր աշխատանքը բարձր է գնահատվել խորհրդային պետության եւ հայրենական իշխանությունների կողմից: Նա պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով, ԽՍՀՄ բարձրագույն Լենինի շքանշանով, բազմաթիվ ուրիշ շքանշաններով ու մեդալներով, Հայաստանյաց առաքելական եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանով, արժանացել ԽՍՀՄ պետական երկու եւ Ուկրաինական ԽՍՀ պետական մրցանակների:
Գիտնականի եւ տաղանդավոր կազմակերպչի նրա վաստակը գնահատվել է Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի, արտասահմանյան մի շարք այլ պետությունների ակադեմիաների ու գիտական ընկերակցությունների անդամ ընտրվելով:
Ակադեմիկոս Ֆ. Սարգսյանը վախճանվեց 2010 թվականին:
Նա իր գիտակցական կյանքը նվիրաբերեց հայրենիքի ծաղկմանն ու զարգացմանը: Որտեղ էլ նա աշխատել է, ինչպիսի պաշտոն էլ, զբաղեցրել է, միշտ խոր եւ անջնջելի հետք է թողել:
Մինչեւ իր կյանքի վերջը Ֆադեյ Սարգսյանը պատվով ու նվիրաբերումով իրականացրեց հայրենասեր հայի եւ քաղաքացու, գիտության տաղանդավոր կազմակերպչի եւ պետական խոշոր գործչի իր առաքելությունը: Եվ դրանով մնաց իր ժողովրդի հիշողության մեջ: