Օզոնային շերտի քայքայումը վաղուց դուրս է եկել բնապահպանների քննարկման շրջանակից եւ վերածվել համամարդկային խնդրի: Այսօր օզոնային շերտի քայքայման վերաբերյալ քննարկումներն ու կոնֆերանսերն ավելի են հաճախակի են դարձել, քան նախորդ դարի կեսերինՙ 70-ականներին, երբ օզոնային անցքերի վերաբերյալ հրապարակվեց առաջին հետազոտությունը:
Գլոբալ առումով օզոնի հարցը դարձավ լուրջ քննարկման առարկա, երբ 1985-ին բրիտանացի գիտնական Ջո Ֆորմանի հետազոտական խումբը արձանագրեց Անտարկտիդայում օզոնային շերտի սաստիկ քայքայում, եւ ամերիկյան արբանյակները դա հաստատեցին:
80-ականների վերջերից օզոնի հարցը դարձավ քննարկման առարկա բոլոր ոլորտներում: Մտավորականներից մինչեւ քաղաքական գործիչներ օզոնի շերտի պահպանման կոչեր էին անում: Բնապահպանության եւ օզոնի հարցն անգամ նախընտրական քարոզարշավում ընդգրկվեց: Մասնավորապես ԱՄՆ դեմոկրատ թեկնածու Ալբերտ Գորը Ջորջ Բուշ կրտսերի հետ նախընտրական քարոզարշավի ժամանակ ծրագրերում ընդգրկել էր նաեւ բնապահպանությունն ու օզոնի պահպանման հարցը:
Թեպետ օզոնային շերտի մասին շատերն են խոսում, բայց քչերը գիտենՙ ի՞նչ է այն եւ նրա բացակայությունն ինչպիսի վնասներ կարող է պատճառել մարդկությանն ու Երկիր մոլորակին: Ըստ բնապահպանների եւ աստղագետներիՙ օզոնը բաղկացած է «աստղային փոշուց» եւ կարեւորագույն տարր է, որը պաշտպանում է Երկիր մոլորակը տիեզերքից եկող վնասակար նյութերից: Օզոնային շերտը գտնվում է երկրագնդի մակերեւույթից 10-16 կմ բարձրության վրա եւ համարվում է երկրագնդի պաշտպանիչ վահանը: Օզոնը վնասազերծում է Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթումըՙ պաշտպանելով կյանքը Երկրի վրա: Օզոնային անցքերի միջոցով Արեգակի վրա տեղի ունեցող պայթյունների ուլտրամանուշակագույն ճառագայթներն անարգել ներթափանցում են Երկիր, առաջ բերելով բազմաթիվ հիվանդություններ: Իր առավելագույն չափին օզոնի խոռոչը հասել է 2006-ին: Սառնարաններում, օդորակիչներում օգտագործվող ֆրեոնները, կրակմարիչներով օգտագործվող հալոններն ու մեթիլ բրոմիդները, որ այսօր մեր կենցաղի անբաժան մասնիկներն են, քայքայում են օզոնի շերտը:
Օզոնային շերտի պահպանման նպատակով ընդունվել են մի շարք կոնվենցիաներ, հետագայում կազմվեցին արձանագրություններ: Օզոնային շերտի պահպանության համար թերեւս ամենաարդյունավետը օզոնային շերտը քայքայող նյութերի մասին օրենքի ընդունումն էր, որով սահմանափակվում եւ արգելվում էր օզոնային շերտը քայքայող նյութերի արտադրությունը:
Հայաստանը նույնպես ընդունել է այդ օրենքը, սակայն չի կարելի ասել, որ այդ օրենքը պահպանվում է կամ արդյունավետ է: Խնդիրն այն է, որ մեր երկրում օդը խիստ աղտոտված է, եւ դրա համար առկա է երկու պատճառՙ բաց եղանակով հանքերի շահագործում եւ կանաչ տարածքների ոչնչացում:
Մեր երկրում օդն առավելապես աղտոտված է Երեւանում, Ալավերդիում, Հրազդանում եւ Արարատում: Սրանք այն քաղաքներն են, որտեղ գործում են մի քանի տասնյակ հանքեր: Միայն Երեւանում բաց շահագործմամբ 29 հանք է գործում: «Էկոլոգիական ամենամեծ ռիսկը մայրաքաղաքում է: Հանքերի շահագործման եւ չավարտվող շինարարական աշխատանքների հետեւանքով փոշի է կուտակվում եւ օդի աղտոտվածությունն ավելի է մեծանում: Այսօր մայրաքաղաքում օդի մեջ առկա փոշին 9 անգամ գերազանցում է նորման», ասում է բնապահպան Կարինե Դանիելյանը: