Ֆորմալ առումով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է՝ ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի անդամ։ Երկու երկրների միջև գոյություն ունեն բազմաթիվ միջպետական պայամանգրեր, և այո՛, պաշտոնական մակարդակով երկու պետությունները դաշնակիցներ են։ Բայց դա միայն ֆորմալ առումով, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի այն հայտարարությանը, որ Հայաստանը եղել և մնում է իր ղեկավարած կառույցի դաշնակիցը։
«Բայց երբ դուրս ենք գալիս ֆորմալ դաշտից, տեսնում ենք, որ Ռուսաստանի համար կարևոր երկիրն Ադրբեջանն է՝ տարբեր պատճառներով։ Առաջին՝ Արևմուտքի հետ հայտնի հարաբերությունների ֆոնին Թուրքիան այլընտրանքային տնտեսական ներմուծումների առումով շատ կարևոր դերակատարություն ունի ՌԴ-ի համար։ Երկու երկրների տնտեսական շրջանառությունը մոտ է 100 միլիարդի։
Ադրբեջանը նույնպես կարևոր երկիր է ՌԴ-ի համար, որովհետև նախ այդ երկրի տնտեսությունը գլխավորն է Հարավային Կովկասում։ Երկրորդ՝ Ռուսաստանն Ադրբեջանի միջոցով նաև Թուրքիայի հետ կապն է ապահովվում, և նաև ադրբեջանականի անվան տակ ռուսական գազն ու մյուս էներգակիրներն են վաճառվում։ Ադրբեջանի միջոցով Ռուսաստանը փորձում է դուրս գալ Իրան և Պարսից ծոց։ Այսինքն՝ այդ երկրի հիմնական դաշնակիցը, կրկնում եմ, Ադրբեջանն է, բայց ֆորմալ դաշնակիցը Հայաստանն է»,- ասաց Ստեփան Դանիելյանը։
Վերլուծաբանը հիշեցրեց՝ ՀՀ գործող իշխանությունները դեռ 2018-ին էին հայտարարել, որ իրենց ճանապարհը ԵԱՏՄ-ից դուրս գալն է, և հիմա պարզապես իրականացնում են այդ ծրագիրը։
«ՀՀ իշխանությունները միաժամանակ ֆորմալ հիմք են ձեռք բերել Արցախի կորստի հարցում մեղադրելու Ռուսաստանին, Ռուսաստանն էլ իր հերթին այդ հարցում մեղադրում է Հայաստանին։ Մյուս կողմից Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններ են տեղի ունենում, ԵՄ դիտորդներ են ժամանում և այլն։ Այսինքն՝ աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխություն է տեղի ունենում, բայց փաստաթղթավորման առումով Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի անդամը և դաշնակիցը»,- ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի այն հայտարարությանը, որ Մոսկվան հստակ ակնարկ է ստացել Երևանից՝ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական և ԵԱՏՄ պաշտոնական հանդիպումներին, Ստեփան Դանիելյանը նկատեց՝ ՀՀ-ԵԱՏՄ հարաբերությունները գնալով զարգանում են։
«Սա նույն քաղաքականությունն է, ինչ որ տեղի է ունենում ամբողջ աշխարհում՝ մի կողմից ԱՄՆ-ը և Ռուսաստանը պատերազմում են, մյուս կողմից՝ մեծածավալ ապրանքաշրջանառություն իրականացնում։ Աշխարհում ամեն բան խառնվել է. Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց միաժամանակ ՌԴ-ի հետ ստրատեգիական հարաբերությունների մեջ է։ Տարբեր երկրներ միմյանց հետ պատերազմում են, բայց նաև առևտուր իրականացնում. ինչպես ասում են՝ պատերազմը՝ պատերազմ, օգուտն՝ օգուտը։ Կյանքի օրենքն է՝ շահը՝ շահը, պատերազմը՝ պատերազմ, բայց փողն ավելի կարևոր է»,- ամփոփեց վերլուծաբանը։