2023 –ի փետրվարից ի վեր շվեյցարահայ հանրային գործիչ, Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղար, մասնագիտությամբ ճարտարապետ Սարգիս Շահինյանը նախագծում էր Հայաստանում հավաքել Սփյուռքի եւ Հայաստանի գիտնականների այն խմբին, որ վերլուծությունների միջոցով կփորձեին ճանաչել տալ անցյալից մեզ հետապնդող մեծ ողբերգությունների՝ Աղետ(ներ)ի պատճառները, խոսել հավաքական ինքնության մասին եւ կենտրոնանալ վերջինի վերաամրապնդմանը նպաստող գործոնների վրա:
Շահինյանի ամիսների տքնաջան աշխատանքին միացավ շվեյցարահայ հոգեբան, հոգեվերլուծող Իռեն Նիգոլյանը, եւ հոկտեմբերի 28-ին ու 29-ին Մատենադարանի գիտաժողովների մեծ դահլիճում գումարվեց երկօրյա «Զանգվածային ոչնչացումից մինչ հավաքական ինքնության վերաամրապնդում» վերնագրյալ գիտաժողովը, որ առանձնացավ հայաշխարհի մտավոր հարուստ կապիտալով, եւ հայելու պես հստակ արտացոլեց բացը՝ լուրջ բովանդակությունը Հայաստանում (նույնը նաեւ արտերկրում) լայն սպառումից հեռու է: Քաղաքական մամլիչն այնպես է սեղմել մեր իրականությունը, որ դրանից դուրս քննարկման շրջանակ շատերը դժվար են ընկալում, բացի դրանից, սոցցանցերից կախվածությունն ու քովիդի հետեւանքով իրադարձություններին առցանց մասնակցությունը դարձել է հարմարավետ ու գերադաս՝ տեսագրվում է (այս գործը կազմակերպիչներից բացի իրականացնում էր 1in.am–ը), ուրեմն կդիտենք ուզած ժամանակ:
Գիտաժողովը տեսատարբերակից զատ ավելի ուշ կունենա ելույթների ամփոփ տպագիր տարբերակ, ինչպես հայտարարվեց վերջին օրը, սակայն վստահաբար չի կարողանա փոխանցել այն մթնոլորտը, որն ստեղծվում է մարդկանց կենդանի շփման շնորհիվ, նաեւ՝ ելույթներից դուրս, ընդմիջումներին, երբ հնարավորություն է ստեղծվում կարճառոտ զրույց ծավալել նաեւ սուրճ ըմպելով՝ արեւմտահայերենի, արեւելահայերենի շքեղության վայելքն ապրելով: Տպագիր տարբերակը կհագեցնի նաեւ գիտաժողովի ելույթների հանդեպ հետաքրքրությունը, արտոնելով «Ազգի» սուղ տարածքում կարեւոր իրադարձությանն անդրադառնալ՝ միայն հպանցիկ ուրվագծերով:
(Միջա)Վայրը՝ Մատենադարան
Հայաշխարհի գիտական եւ մտավորական միտքը համախմբող, դարերի հետ հաղորդակցությունը վերարժեւորող խորհրդանշանական վայրն այս՝ հոգեւոր եւ մշակութաստեղծ այս տաճարն ամբարում է զանգվածային ոչնչացումից փրկված հոգեւոր արժեքներ, մեր հավաքական ինքնության ցուցիչն է, մեր հայելին, եւ այս լույս կաճառն է մեր փրկության տապանը: Գիտաժողովի առաջին հաջողությունը հենց վայրի ընտրությունն էր, Մատենադարանն այն առողջարանն է՝ հոգու, մտքի այն դարմանատունը, որ վերականգնում է պարտությունից վիրավոր մեր բջիջները, ուժ հաղորդում: Այստեղ գտնվողներին Մատենադարանը շաղկապում է ոգեղեն լիցքով, նրանց միտքը դարձնում առավել պայծառ, խոսքը՝ համոզիչ, քանզի նույնիսկ պրագմատիկ մտավորն օծվում է հնավանդ հավատով եւ հույսով:
Գիտաժողովի սկիզբը հուշեց ընթացքը՝ ինքնազննում
Հոկտեմբերի 25-ին հրավիրված մամլո ասուլիսում հոգեվերլուծող Իռեն Նիգոլյանը հուշեց գիտաժողովի գլխավոր ուղերձը՝ ինքնազննում: Հպանցիկ շարադրեմ. Վերջին երեք տարիների քաղաքական աղմուկից հասարակությունը հոգնել է, անտարբերությունը սիրո հակոտնյան է, եթե Հայաստանը գոյություն չունենա, ինքնություն չենք ունենա, մեր ինքնության հարցն է, անտարբեր լինել չենք կարող, ասաց նա: Սարգիս Շահինյանն էլ այսպես շարունակեց՝ ի՞նչն է, որ մեզ թույլ տվավ դառնալ զոհ: Պիտի հայելին դեպի մեր ներսն ուղղենք, որեւէ մեկը մեր փոխարեն դա չի անի: Եւ հավելեց՝ հոկտեմբերի 29-ին այսպիսի գիտաժողով գումարելը պատահական չէ. Թուրքիան նշում է իր հիմնադրման 100- ամյակը: Ի հեճուկս ցեղասպանության, կանք, եւ հայելին ինքզինքնիս ուղղելով՝ խոսինք, վիճաբանինք, ի վերջո գտնենք՝ ինչպես երջանիկ լինենք՝ անձապես եւ կոլեկտիվ: Նիգոլյանի գաղափարն էր, որ երկօրյա գիտաժողովի նախամուտքը լինի հոկտեմբերի 27-ին Միքայել Գուրջյանի «Ամերիկացին» ֆիլմի դիտումով: Այն մտորելու մեծ տարածք է բացում՝ հայրենադարձ հայի Հայաստան վերադարձը, տեղաբնակների ընդունելությունը, ստալինյան բռնատիրությունը, ի վերջո հայոց պատմության ողբերգալից դրվագներ, որ դեռ շարունակվում են՝ Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցները միգուցե ավելի ուշ գեղարվեստական շրջանակի մեջ կառնեն իրենց դառը պատմությունը… ինչպե՞ս ենք վարվել նրանց հետ՝ կիմանանք նրանց ունկնդրելուց հետո: Բայց հիմա, եթե առիթ կա սրբագրելու, ինչո՞ւ սպասենք վաղվա ապաշխարության: Նիգոլյանի ֆիլմի ընտրությունը հաջողված էր, գիտաժողովի մասնակիցները երբեմն հղում էին անում ֆիլմի հուզիչ դրվագներին, իսկ ֆրանսահայ վերլուծող, Ֆրոյդի ստեղծագործությունների թարգմանիչ, 1924-ին Հայոց ցեղասպանության վերապրողներից Փարիզում լույսաշխարհ եկած Ժանին Ալթունյանն այսպես արտահայտվեց՝ չէի գիտեր, որ հայը այսքան դաժան կրնար վարվիլ իր ազգակցին հանդեպ:
Հոկտեմբերի 28-ին առաջին կլոր սեղանը, որ վերնագրված էր «Բժշկություն եւ հոգեվերլուծություն», ներկայացնում էին՝ Ժանին Ալթունյանը, որի ելույթի թեման էր «Պոզիտիվ կերպով ներդնել այլախոհությունը՝ հայերի փորձը մարդկության պատմության մեջ ամրագրելու համար», բժիշկ, հոգեվերլուծող Պատրիկ Ալեսյանը, ՀՀ պետական մանկավարժական համալսարանի կիրառական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Սամվել Սուքիասյանը, որ ելույթը վերնագրել էր՝ «Հայկական էթնոսի հոգեախտաբանական վերլուծության փորձ»:
«Մարդաբանություն, սոցիոլոգիա, իրավաբանություն» երկրորդ կլոր սեղանի բանախոսներն էին՝ ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը՝ «Տրավմատիկ անցյալ եւ հիշողության քաղաքականություն. ո՞րն է հայկական մոտեցումը»:
Նյոշատելի եւ Ժնեւի համալսարանների իրավաբանության պրոֆեսոր, զանգվածային հանցագործությունների մասնագետ Սեւան Ղարիբյանը, նրա ելույթի նյութն էր «Չարաշահում եւ իրավաբանություն. Հայերի ցեղասպանության ժխտումը եւ դրա հետեւանքները»: Նույն օրը նախատեսված էր Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հրանուշ Խառատյանի ելույթը, սակայն բանախոսը ներկա եղավ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 29-ին եւ հակիրճ ուրվագծեց իր թեման՝ «Սեփական հիշողության եւ հիշողության պաշտոնական քաղաքականության արանքում (Խորհրդային Հայաստանի, ԽՍՀՄ, Սփյուռքի եւ Թուրքիայի Հանրապետության հայության այլընտրանքները 1920-65 թվականների ընթացքում)»:
Երրորդ կլոր սեղանը՝ «Թուրքաբանություն, հայրենադարձություն, հոգեվերլուծություն» վերնագրով, առիթ տվեց ունկնդրել Repat Armenia-ի համահիմնադիր Վարդան Մարաշլյանին, որի բանախոսության թեման էր «Հայաստանակենտրոն ինքնության կառուցում. ինչո՞ւ մեզ չհաջողվեց դառնալ քաղաքական միանձնյա ազգ 1991-ից հետո»: Հաջորդիվ՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանին՝ «Հայաստան. Ինքնության վրա հիմնված արտաքին քաղաքականություն» ելույթ առաջարկով: Սաֆրաստյանի կարծիքով, ժամանակին ՀՀ-ի որդեգրած փոխլրացման քաղաքականությունը տեսականորեն սխալ է եղել, ինչը 2020 -ին հանգեցրել է մեր մենակ մնալուն: Անկախ նրանից՝ հայը որտեղ է ապրում, հպարտ լինի իր հայկական ինքնությամբ, որի հենարանը հայկական քաղաքակրթությունն է: Պիտի վարենք արտաքին քաղաքականություն՝ հիմնվելով մեր քաղաքակրթության վրա, այդժամ հնարավոր կլինի խուսափել այս կամ այն կողմնորոշման մասին անիմաստ վեճերից, ասաց Սաֆրաստյանը: Մյուս բանախոսը բժիշկ հոգեբույժ, հոգեվերլուծաբան, շվեյցարական հոգեվերլուծական ասոցիացիայի ուսուցանող անդամ Իռեն Նիգոլյանն էր, թեման՝ «Հայ-թուրքական տրավմատիկ քիմերան»:
Հոկտեմբերի 29-ի առավոտյան գումարվեց գիտաժողովի 4-րդ կլոր սեղանը՝ «Պատմություն, գրականություն, փիլիսոփայություն» վերնագրով: Հիվանդության պատճառով բանախոսներից երկուսը՝ ֆրանսահայ գրող Գրիգոր Պըլտյանը եւ Ժնեւի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Վալենտինա Կալցոլարին ներկա չէին: Ունկնդրելու առիթ եղավ Երեւանի Հերացի բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանին, ֆրանսահայ պատմաբան Փարիզի Սեն-Դենի 8 համալսարանի դասախոս, Ֆրանսիայի աշխարհաքաղաքականության ինստիտուտի գիտահետազոտության ղեկավար Հարություն Ռ. Գեւորգյանին, որի բանախոսության վերնագիրն էր «Բարգավաճ, բայց ենթակա. Հայկական վերնախավը Պարսկաստանում եւ Օսմանյան կայսրության մեջ՝ 17-20-րդ դարերում»:
4-րդ կլոր սեղանի մասնակիցն էր նաեւ շվեյցարահայ ուսուցիչ, դպրոցի տնօրեն, Ժնեւի կանտոնի կրթության նախարարության համագործակից Հարրի Գումրույանը, որն իր բանախոսությունը վերնագրել էր՝ «Հիշողությունը եւ փոխանցումը»: Շվեյցարահայ Գումրույանը գրող է, վեպերի, նովելների, մանկական գրքերի հեղինակ:
«Պատերազմ եւ հասարակություն» վերնագրյալ 5-րդ կլոր սեղանի բանախոսներն էին 2 ռազմագետներ՝ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, գնդապետ Ժիրայր Ամիրխանյանը եւ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի գիտնական-վերլուծաբան, պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտ, զինվորական հոգեբանության մասնագետ Սվետլանա Բաղդասարյանը: Վերջինս ներկայացրեց «Հոգեբանական կոփվածությունը՝ որպես բանակի, հասարակության եւ պետության դիմակայունության բարձրացման կարեւոր գործոն. Կնոջ պատկերի ճիշտ օգտագործումը» զեկույցը: Այս կլոր սեղանին Շվեյցարիայից մասնակցում էր միջազգային հարաբերությունների մասնագետ, պատմաբան Վիգեն Չթրյանը, որի ելույթը վերնագրված էր «Պատերազմ: Պարտություն: Դասեր»: «Պետականության եւ ինքնության շուրջ դիսկուրսները Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո» վերնագրյալ բանախոսությամբ ելույթ ունեցավ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, մշակութաբան, մարդաբան Աղասի Թադեւոսյանը:
Դրական էր, որ բանախոսների խիստ հետաքրքրական ելույթներն ակադեմիականության սեղմօղակի գերին չէին, օրինակներն ու դիտարկումները ներկայացվում էին խիստ մատչելի լեզվով: Գովելի է, որ կազմակերպիչների՝ ժամանակը հարգելու հետեւողականությունը պահպանեցին նաեւ մասնակիցները: Կարգուկանոնից անշուշտ չտուժեց քննարկումը, որ ծավալվեց դահլիճում՝ ներկաների եւ բանախոսների միջեւ, եւ բուռն եղավ՝ մանավանդ վերջին օրվա ամփոփմանը:
Հպանցիկ զրույցներ մասնակիցների հետ՝ ի՞նչ տվեց գիտաժողովը, ի՞նչ պիտի անենք
Մեր ամփոփիչ հարցին Սարգիս Շահինյանն այսպես արձագանքեց՝ ստեղծեցինք մի կարեւոր հիմք՝ աշխատանքային խումբ: Ում ներկայացուցինք ծրագիրը, կես ժամ չանցած՝ արձագանքեց, աջակցեց: Եթե ուզում ենք, որ մեր ինքնությունը տոկուն լինի, ապա երեւակայական հիմքերի վրա չպիտի սարքենք այն: Եթե կարծում էինք, որ այն մեր բացարձակ անպարտելիության, բացարձակ գերազանցության, բացարձակ կարողությունների վրա էր հիմնված, ուրեմն թարսի նման երեսի վրա ինկանք եւ դեմքերնիս շատ գեշ արյունոտեցինք:
–Մեր կրթական բացերին էին ուղղված բանախոսների մեծ մասի դիտարկումները, նկատեցինք, որ սփյուռքում կա կրթական մի փորձառություն՝ Հայոց ցեղասպանության հիշողության մշակույթը, որ Հայաստանը թերեւս այդպես չի ունեցել: Կարեւոր բաց ունենք՝ մանկապարտեզից սկսած ձեւավորել մտածող, հիշողություն ունեցող մարդու, որի հերոսները միֆերից հեռու են:
Սարգիս Շահինյան- Ես պիտի ասեմ գուցե ոչ այնքան հաճելի մի բան: Դպրոցները, ուսուցիչները, կրթական համակարգը չկարծեք, որ չհրավիրվեցին այս գիտաժողովին: Նաեւ ԶԼՄ-ները, բոլորը հնարավորությունն ունեին մասնակցելու, բայց եթե կա մեկը, որ խոսում է, մեկն էլ պիտի լինի, որ լսի: Շատ վատ սինդրոմ կա հայկական՝ բոլորն ուզում են միայն խոսել, իրար լսելու փոխարեն: Խոսում էինք եւ լսում: Առաջին սովորողը մենք էինք, որ չենք հասկացել, թե ինչ է տեղի ունեցել, տեղի ունենում, ինչ պիտի տեղի ունենա: Սա՛ է, որ տեսանք Հայաստանի գիտական խավից: Շատ բան սովորեցի:
–Այս գիտաժողովը տարբերվում էր: Ի՞նչ տվեց այն ձեզ, պարո՛ն Գեւորգյան:
Հարություն Ռ. Գեւորգյան– Շատ սորվեցա: Այնքան ալ առիթ չունինք այսպես ազատ արտահայտվիլ մեր Հայաստանի գործընկերներու հետ: Բավարարություն մը ունիմ այդ պատճառով: Քանի մը անձեր անծանոթ էին ինծի, ուրախալի անակնկալ էր: Կխորհիմ, որ ասիկա պիտի դիտվի իբրեւ ապագա համագործակցության առաջին փուլ:
–Դուք խոշորացույցի տակ եք առել մեր պատմության հատկապես ծանրագույն՝ Հայոց ցեղասպանության շրջանը, նկատել տվեցիք, որ Թուրքիան Ադրբեջանի ստեղծման մեջ մեծ դերակատարում է ունեցել, ծրագրել այն: Կանգնած ենք այս երկուսին դեմ հանդիման, չունենք անվտանգություն, երաշխիքներ, փնտրում ենք դրանք ԵՄ-ի, ԱՄՆ-ի սատարման մեջ: Մի ձեւակերպում կա՝ Հայաստանը հեռացել է Ռուսաստանից, փնտրում է նոր երաշխավոր, որը կարծես թե չկա: Դուք խոսում էիք վասալի եւ վասալից ազատվելու մասին: Փոխվե՞լ է բառը՝ դարձել երաշխավո՞ր:
-Ես կվախնամ, որ երաշխավոր բառը համապատասխան է վասալի իմ բացատրությանս: Հիմա հարցը՝ երաշխավորի խնդիր չէ, հարցն այն է, որ Հայաստանը պիտի պատրաստվի, կազմակերպվի ինքնաբավ ըլլալ, ամեն բանով: Հարցը հետեւյալն է՝ ո՞վ է պատրաստ համագործակցելու իր հետ այս ուղղությամբ: Արդեն որոշ պատասխաններ ունինք: Սուվերեն երկիր մը կերտելու համար որոշ հատկություններ են պետք, դրանցից մեկն է՝ ներքին ապահովությունը: Կես հումորով ըսի, որ Արցախով սկսավ պրոցեսը եւ ձեւով մը հիմա արցախցիներու պատիվով որդեգրել (ճիշտ բառն է կարծեմ, որ պիտի գործածել), ձեւով մը պիտի ավարտե ցիկլը: Եւ ձեւով մը կխորհիմ, որ կոլեկտիվորեն դասն առած ենք: Տասնյակ տարիներով, ըլլա Սփյուռք, միշտ նույն խոսքերն էին՝ Արցախ, հաղթանակ, մեր հողերը, Թուրքիա… համաճարակի պես բան մըն է, որ ամենքնիս բռնկած ենք: Համոզումը ունիմ՝ հիմա՛ չափեցինք՝ ինչքան մեր գոյատեւման ուղղակի վտանգ կրնա ստեղծել:
–Գերմանացի քաղաքական գործիչները Իրանը մեզ համար որպես դժվար հարեւան են դիտարկում:
-Իրանը պատմությունը շատ լավ գիտե: Գիտակից ձեւով մինչեւ 19-րդ դարի սկիզբը ինքն էր իշխանական պետությունը հոս: Այնքան ալ դյուրին չէր այս պայմաններու տակ գոյատեւելը, կիսաստրկական վիճակի մեջ էինք, եւ վաղը մյուս օր, եթե ուրիշ հակակշիռ գոյություն չունենա, պետք է մեր տեղը գտնանք այս տեղական շրջանի մեջ: Չմտահոգենք այս մարդոց, կարողանանք զարգանալ, բայց՝ դեմոկրատական եւ տնտեսական զարգացում շրջանի մը մեջ, որ չէ, դժվար է: Ուրեմն հույս պետք է հայտնել, որ Վրաստանը զարգանա նույն մոդելով, թերեւս Ադրբեջանը, ինչո՞ւ չէ:
–Բայց Ադրբեջանի զարգացման մոդելը մտացածին Արեւմտյան Ադրբեջան ստեղծելն է:
-Պիտի տեսնանք: Արեւմտյան մոդելը շատ հստակ է՝ տնտեսականն է հիմնականը: Որեւէ ուժի կիրառման խնդիր չիկա, նույնիսկ որեւէ զոհ եւ այլն չեն ուզեր ունենալ, այս աստիճանի հասած է: Ուրեմն ճնշումի հիմնական միջոցը տնտեսական լծակներով է, կրնա իր ազդեցությունն ունենալ: Ադրբեջանը հավանաբար տեղ մը պիտի հասնի, եւ կարծեմ մոտ է այս բանին, պիտի հասկնա, թե ուր է կարմիր գիծը, որ չի կրնար հասնիլ եւ կարծես ճիշտ հասած է հոն: Եւ եթե անցնի, պիտի մտնա ուրիշ խումբի մը մեջ՝ ավտորիտար երկիրներու եւ Արեւմուտքին հետ դժվար կապ հաստատող: Արեւմուտքն ալ բավականին գործ ունի՝ միայն տնտեսական չէ, այլ ամբողջ կրթական համակարգը: Հազարավոր երիտասարդ կղրկեն ԱՄՆ, Եւրոպա ուսանելու, ինչպես որ Թուրքիան ըրավ: Ասիկա մեկ օրեն մյուսը կրնա կտրվիլ: Անոնք պետք է իրենց հաշիվն ընեն: Լավագույն մասնագետն անգամ չի կրնար ըսել՝ 6 ամիսեն Միջին Արեւելք կամ այս շրջանը ինչպես պիտի զարգանա:
–Պարոն Սուքիասյան, ձեզ ուղղեմ հարցս՝ որպես հոգեբույժի: Մեր հասարակությունը հիվա՞նդ է արդյոք:
Սամվել Սուքիասյան- Հասարակությունը հիվանդ չէ, ունի խնդիրներ՝ հոգեկան, սոցիալական, կենցաղային, կենսաբանական խնդիրներ, ինչից բաղկացած է մեր կյանքը: Առողջ օրգանիզմը միշտ պիտի խնդիր ունենա, որ դրանք լուծի: Իսկ հոգեկան առողջության տեսակետից ունենք խնդիրներ, որ մեր ապրելակերպից են՝ այսօրվա իրականությունից եւ անցած ճանապարհից: Միշտ էլ պատճառները նպաստում են, որ որոշակի հիվանդություններ ձեւավորվեն, բայց դա չի կարելի կոչել հասարակության հիվանդություն: Մեր հասարակությունը այս լարված իրավիճակին պիտի հարմարվի, այդ հարմարվողականությունը երբեմն ունենում է ախտաբանական դրսեւորումներ: Բայց դա ավելի է ուժեղացնում հասարակությանը, մի պայմանով՝ եթե նա ճիշտ ճանապարհով է քայլում:
–Ո՞րն է ճիշտ ճանապարհը:
-Ամեն հասարակություն ինքն է որոշում: Մեր ճանապարհը պայքարն է ապրելու համար: Հաղթել էինք, հիմա պարտվեցինք՝ հաշիվը 1:1 է: Դա պարտություն չէ: Մեզանից է կախված՝ 2:1 կլինի ում օգտին՝ նրա՞նց , թե՞ մեր: Կամ էլ միգուցե 1:1 էլ կմնա եւ կհավասարվենք ինչ-որ տեղ: Այնպես որ մեր հասարակությունը հիվանդ չէ՝ ունի խնդիրներ:
Գիտաժողովը շատ կարեւոր բան տվեց՝ ուրախ եմ, որ կան մարդիկ այլ մասնագիտական դաշտերից, որոնք նույն խնդիրներով տառապում են: Եթե կան տառապողներ, նրանք կգտնեն ճանապարհներ դրանք լուծելու: Կարեւորն այն է, որ անտարբեր չեն: Նման ժողովներ շատ պիտի գումարվեն: Դրանցից հաստատ կծնվեն այն գաղափարները, որ մեզ թույլ կտան ճիշտ ճանապարհով քայլել: Եթե չխոսես քո խնդրի մասին, որեւէ մեկը չի իմանա, թե դու կենդանի ես, որ տառապում ես ու քեզ պիտի ձեռք մեկնել: Եթե դու ձեռքդ չմեկնեցիր, ոչ ոք ձեռքդ չի բռնի, այդ տիղմից հանի: Ինքդ չես կարող՝ Մյունհաուզենը չես, որ ինքդ քեզ բռնես, ճահճից դուրս հանես, հնարավոր չէ:
–Պարոն Չթրյան, երբ կա մեկ խոսույթ՝ «դո՛ւ ես դավաճան, ո՛չ, դո՛ւ ես դավաճան», հնարավո՞ր է ձեր ակնարկած ներքաղաքական երկխոսությունը: Ո՞վ պիտի լինի միջնորդը: Հասարակության ո՞ր օղակը պետք է աշխատի, որ դա հնարավոր դառնա:
Վիգեն Չթրյան- Անշուշտ հնարավոր է: Միակ բանը, որ կպակսի, քաղաքական կամքն է: Մանավանդ իշխանություններու մոտ: Իրենք են իշխանությունը, իրենք են, որ այս երկիրը ղեկավարելու են, եթե իրենք չհասկնան դրա կարեւորությունը, եւ միայն հասկնալու հարց չէ, եթե իրենք ուզեն քաղաքականություն խաղալ՝ ասելով, որ նախկինները վատն են, դավաճան են, եւ այս բոլորը դրա արդյունքն է, մենք պատասխանատու չենք, հակառակ որ 2018- են ի վեր իշխանության գլուխ ենք, եթե այդ ընտրեն, ի վերջո ընտրության հարց է, այդ մեզ կտանի նոր փորձառություններու, նոր խնդիրներու, նոր առճակատումներու եւ ոչ միայն ներքաղաքական կյանքին մեջ, այլեւ՝ արտաքին քաղաքական ուղղությամբ, այսինքն՝ Ռուսաստանի ուղղությամբ:
–Ի՞նչ տվեց գիտաժողովը, տիկի՛ն Նիգոլյան:
Իռեն Նիգոլյան- Անձամբ ինձ հիասթափության եւ ոգեւորության առիթ տվեց, որ զարմանալի չէ, եթե ելնենք ներկա վիճակից Հայաստանում, Արցախում եւ ընդհանրապես համաշխարհային դաշտում: Նորություններին հետեւելիս՝ մտածում ենք՝ ամեն տեղ ամեն բան արագ փոփոխության մեջ է, եւ չենք կարող կանխատեսել, թե ի՞նչ է կատարվելու վաղը, մյուս օրը: Փորձեցինք նոր բան անել, մի շարք գիտնականների Հայաստանից եւ Սփյուռքից հավաքել, մտքեր եւ գաղափարներ փոխանակել: Սա հիշեցրեց, թե ինչպես էինք սկսում այդ նույն տիպի աշխատանքը հոգեբանության, հոգեվերլուծության մեջ, որքան դժվար էր սկզբում, քանի որ մարդիկ իրար չէին հասկանում, նույն լեզվով չէին խոսում, եւ պետք էր ժամանակ, որ ընդհանուր լեզու գտնեինք: Սա պետք է նաեւ անձնական հարաբերությունների միջոցով ստեղծվի, ինձ համար դա առաջին քայլն է, ոչ վերջին: Շատ մեծ հույս ունեմ, որ այս մասնավոր նախաձեռնությունը կծավալվի: Մատենադարանի ներկայացուցիչների հետ ենք հանդիպել, հույս ունենք, որ կվերադառնանք էլի:
Երկրորդ բանը, ինչի մասին կուզենայի խոսել, հնչեց նաեւ կլոր սեղանի ժամանակ, մեր երիտասարդության խնդիրն է: Երիտասարդությունն այսօր դահլիճում ներկա չէր, ինչո՞ւ: Ճիշտ է, սա էլ համաշխարհային երեւույթ է, երիտասարդությունը կարծես դուրս նետված լինի պատմական այս իրողություններից, ասես ալիքների վրայով շարժվի: Տեխնոլոգիայի հետ էլ ենք կապում: Երիտասարդությունն ունի շատ դժվար խնդիրներ, որ մենք ենք իրենց հաղորդել, հանձնել ենք՝ առանց դրանք լուծելու եւ ճանաչելու, եւ հիմա իրենց սերնդի խնդիրն է լինելու: Կրթության ասպարեզում մեծ անելիքներ կան Հայաստանում: Սփյուռք- Հայաստան շարունակական թիմային աշխատանքը պետք է հիմա տեղափոխենք կրթության ասպարեզ:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ