ԵՐԵՎԱՆ-ՄԱԴՐԻԴ – Դաշնակահար, երգահան, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Ռուբեն Եսայանը ծնվել է 1978-ին, Մադրիդում, հայ հոր եւ իսպանուհի մոր ընտանիքում: Ութ տարեկանից ուսանել է Մադրիդի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում (Ռաֆայել Սոլիսի դասարան): Մասնագիտական խորացված ուսումը շարունակել է Նյու Յորքի Մանհեթընի երաժշտանոցում (Նինա Սվետլանովայի դասարան): Բազմիցս մասնակցել է միջազգային մրցույթների ու հաղթել: Նա Մադրիդի Սան Սեբաստիան դե լոս Ռեյեսի երաժշտական դպրոցի պրոֆեսոր է, 2007-ից՝ «Վիլլա դե Մեդինասելի» միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար: 2013-ին հիմնել է «Մուսիկա ումանա» միջառարկայական նախագիծը, որը դասական երաժշտության համերգային փորձի նորացված հայեցակարգ է:
«…Հազվադեպ եմ մեկնաբանական շնորհքի նման դաս լսել…Ռուբեն Եսայանը գիտեր, թե ինչպես պետք է ստեղծագործությունը քնքուշ եւ նրբագեղ ձեւով նվագել՝ սիրահարվելով դրան եւ մեզ ականատես դարձնելով դրա ստեղծման հրաշքին՝ մի ցուրտ ու գորշ կեսօր… Մի դաշնակահար, որը ներկայացրեց խճանկարի պես բազմազան ծրագիր եւ մեզ փոխանցեց իր մեկնաբանության հմայքը… շնորհիվ հատկապես իր մեկնաբանական որակի, լավ ճաշակի եւ իմաստալից տաղանդի…» (Խ.Ա. Լակարսել, «Երբ դաշնամուրը դառնում է պոեզիա»): «…նրա վերջին ձայնագրությունը «Վերսո» ֆիրմայի հետ, որը ներկայացնում է Դեբյուսիի պրելյուդների առաջին գիրքը, ներկայացնում է անսովոր եւ ֆանտաստիկ ծրագիր՝ միաժամանակ բացահայտելով բազմակողմանի, բաց եւ պահանջկոտ կատարողի մեծ տաղանդը» (Դավիդ Ռոդրիգես Սերդան, «Դիվերդի մագազին» (https://www.rubenyessayan.com-ից):
–Ռուբե՛ն, մեր զրույցը ե՛կ սկսենք քո ղեկավարած փառատոնով եւ հիմնադրած նախագծով: Ի՞նչ նորություններ են դրանք բերում ժամանակակից դասական երաժշտություն:
-Դրանք երկու շատ տարբեր նախագծեր են, որոնք սկզբում մտքիս մեջ զարգացան որպես միմյանց լրացնող երկու գեղարվեստական «էակներ», քանի որ այն ժամանակ ես շատ էի զբաղվում իմ երաժշտական եւ գեղարվեստական անհատականությունը տարբեր համատեքստերում արտահայտելով: Ինչպես գիտեք, Արվեստի աշխարհում շատ դեպքերում դուք սկսում եք գաղափարից՝ մտածելով, որ այն կմշակվի եւ կիրականացվի որոշակի ձեւով, բայց ինչ-որ կերպ ավարտվում է ինքնուրույն շնչառությամբ: Այսպիսով, սա հիմնականում այն է, ինչ որ տեղի ունեցավ այս երկու նախագծերի հետ: Դրանցից մեկը՝ փառատոնը, մնաց որպես մշտական ներկայություն իմ երաժշտական կյանքում, իսկ մյուսն ավելի շատ փորձի ձեւ ստացավ, որը ֆինանսավորման բացակայության պատճառով ստիպված ընդհատվեց, թեեւ շատ բաներ, որ մենք փորձեցինք եւ իրագործեցինք, կարծում եմ, դեռեւս մնացել են «քնած» իմ ստեղծագործական ոգու մեջ՝ սպասելով գեղարվեստական իրականության վերափոխվելու իրենց հարմար պահին:
Ինչ վերաբերում է Երաժշտական փառատոնին, սա սկսվեց որպես երկարաժամկետ նախագիծ, եւ ես կարող եմ անկեղծորեն ասել, որ 16 սեզոններից հետո մեր թիմին հաջողվեց իրականացնել իր առջեւ դրված հիմնական նպատակը՝ ստեղծել կայուն հաստատություն: Դա մի փառատոն է, որը մնացել է փոքր եւ խոնարհ՝ միջոցներով եւ կառուցվածքով, բայց շատ մեծ է հոգով ու ստեղծագործական ոգով: Ինչպես որ տեղի է ունենում համեստ չափի եւ ֆինանսավորման բոլոր գեղարվեստական նախագծերի դեպքում, դուք պետք է դառնաք շատ ստեղծագործ ձեր գաղափարներով, ձեր առաքելությամբ եւ ծրագրմամբ, քանզի կարծում եմ, որ մեր օրերում երաժշտական փառատոները ոչ միայն երաժշտության տարածման վայրեր են, այլ կարող են վերածվել սոցիալ-մշակութային ցանցերի: Մեր դեպքում այն կամրջում է երաժշտության եւ երաժիշտների աշխարհը մշակութային ժառանգության եւ կայուն տնտեսության հետ գավառական կյանքի համատեքստում, քանի որ մենք գտնվում ենք քաղաքային կարեւոր տարածքներից բավականին հեռու:
–Իսպանիայում քո շնորհիվ պարբերաբար հնչում է հայ երաժշտություն: Դու նաեւ յուրօրինակ ժամանակակից երաժշտական ստեղծագործությունների հեղինակ ես: Դրանք կարելի՞ է համարել հայ երաժշտության նմուշներ:
-Դե, քանի որ ես հայ եմ, իմ ողջ երաժշտությունն իսկապես հայկական է, ինչպես նաեւ իսպանական, բայց եթե նկատի ունես հայկական որոշակի «համով» ստեղծագործություններ կամ ժողովրդական երաժշտության մշակումներ, ապա պատասխանս նույնպես դրական է: Ես նախընտրում եմ ինձ դիտարկել առաջին սահմանման լույսի ներքո, քանի որ ինձ համարում եմ, Ազնավուրի խոսքերը փոխ առնելով, 100 տոկոսով հայ եւ 100 տոկոսով իսպանացի: Իմ ողջ երաժշտությունը, լինի ստեղծված ինչ-որ ժողովրդական ազդեցությամբ թե ժամանակակից ոճով, միշտ կունենա բնավորություն, անհատականություն, նրբերանգներ եւ հյուսվածքներ, որոնք գիտակցաբար կամ անգիտակցաբար բխում են ինձ բախտ վիճակված հարուստ մշակութային ժառանգությունից՝ իմ հոգուց եւ գեներից:
–Քո «Հավերժական երգ» ալբոմը, որ ներկայացնում է դաշնամուրի համար գրված հայ դասական երաժշտություն, արժանացել է «Գլոբալ երաժշտական մրցանակաբաշխության» արծաթե մեդալին: Ներկայացրո՛ւ, խնդրեմ, այդ եւ քո այլ հայկական նախագծերը:
-«Հավերժական երգն» առաջացավ անհրաժեշտաբար, երբ որպես երաժշտական խորհրդատու աշխատում էի Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստումը» ֆիլմում: Այս կինոնկարում իմ աշխատանքը հիմնականում կապված էր ժողովրդական երաժշտության, ժողովրդական գործիքների եւ առօրյա կյանքում երաժշտության ընդհանուր օգտագործման ուսումնասիրության հետ: Ես այնքա՜ն գեղեցիկ բաներ բացահայտեցի մեր մշակույթի եւ երաժշտական ժառանգության մասին, որ ստիպված եղա կատարել անհատական աշխատանք եւ նկատել հայկական երաժշտության բազմաթիվ արժանիքները: Ես ի մի բերեցի երաժշտական մի հավաքածու, որը ներկայացնում է տարբեր ոճեր եւ մեր երաժշտության միջոցով արտացոլվող ոգու մի տեսակ գունադիտակ է: Այն խառնուրդ է հին եւ նոր կոմպոզիտորների գործերի, որոնք ներկայացնում են ոչ միայն մեր լավագույն ավանդույթները, այլեւ ստեղծագործության ներկա եւ ապագա ուղիները: Այստեղ ես ներառեցի Կոմիտասի երգերի իմ մշակումները դաշնամուրային տրիոյի համար՝ որպես հինը նորին կամրջելու միջոց: Անկեղծորեն կարող եմ ասել, որ սա այն գործերից է, որոնցով ես ամենից շատ եմ հպարտանում: Ինչ վերաբերում է հայ երաժշտությանն առնչվող իմ մյուս ստեղծագործություններին, մենք հիմա ավարտում ենք կրկնակի ձայնասկավառակի արտադրությունը, որն ընդգրկում է Գուրջիեւի երաժշտությունը եւ որը, հուսով եմ, լույս կտեսնի առաջիկա ամիսներին: Կարող եմ ասել, որ այս ստեղծագործությունը կապ չունի մինչ այժմ իմ գրած գործերի հետ:
–Ռուբե՛ն, տարիներ առաջ ես նամակագրություն ունեի հորդ՝ Սուրեն Եսայանի հետ, որը ժամանակին պարել է իսպանական պարեր եւ ապա զբաղվել պարողների համար կաստանյետներ պատրաստելով: Պատմի՛ր խնդրեմ նրա մասին եւ առհասարակ Եսայան ընտանիքի պատմությունը:
-Հորս պատմությունը բավական յուրահատուկ է: Այսօր 83-ամյա հայրս Իսպանիա է եկել 1960-ականներին Հալեպից՝ ֆլամենկո պարող դառնալու: Նա իսպանական մշակույթի սիրահար էր եւ կարողացավ լինել ժամանակի լավագույն իսպանական պարային բալետի անդամ՝ հնարավորություն ունենալով պարել ժամանակաշրջանի լավագույն իսպանացի պարողների հետ: Թեեւ նա ընդամենը մի քանի տարի հետո թողեց այդ գործը, բայց մինչ օրս շարունակում է հիշել եւ պատմել մեզ այդ ժամանակվա ֆանտաստիկ պատմությունները: Իհարկե, իբրեւ երաժշտի, ինձ շատ են դուր գալիս այս պատմությունները, քանի որ ինձ շատ են հետաքրքրում նաեւ երաժշտության եւ պարի իսպանական ավանդույթները: Եսայան գերդաստանն այժմ ապրում է Իսպանիայում եւ ԱՄՆ-ում, բայց մենք հայ չէինք լինի, եթե աշխարհի տարբեր ծայրերում հարազատներ չունենայինք (ծիծաղում է):
–Ճի՞շտ է, որ հայկական եւ իսպանական խառնվածքները նման են:
-Կարծում եմ՝ այո: Մենք ունենք ընդհանուր շատ ուժեղ կերպարներ, որոշակի ազգային հպարտության զգացում (թեեւ տարբեր պատճառներով), գեղեցիկ մշակութային ժառանգություն եւ ստեղծագործական տաղանդի հսկայական հարստություն: Ընդհանրապես, հայերի մեծ մասը, որ գալիս է Իսպանիա ապրելու, իրեն զգում է ինչպես տանը, իսկ Հայաստան այցելող իսպանացիներին երկիրը թվում է շատ տարաշխարհիկ, բայց միաժամանակ՝ շատ ծանոթ: Հորս նման հայերը միշտ իրենց լավ են զգացել Իսպանիայում, քանի որ, կարծում եմ, մենք ունենք շատ բաց եւ հյուրընկալ հասարակություն: Իսպանացիները, ինչպես հայերը, միշտ սիրում են լավ երեկույթներ՝ համեղ ուտելիքի եւ առատ խմիչքի շուրջ:
–Ես հիշում եմ տարիներ առաջ Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ՀԸԲՄ հովանավորությամբ կայացած քո մենահամերգը: Եվրոպացի երգահանների կողքին դու ներկայացրիր Արամ Խաչատրյանի եւ Առնո Բաբաջանյանի որոշ գործեր, նաեւ քո վաղեմի բարեկամ, նույնպես Մադրիդում ծնված կոմպոզիտոր Արմեն Պետրոսյանի երկու պրելյուդները: Ի՞նչ հիշատակներ ունես հայաստանյան քո այդ այցից:
-Այո՛, եթե ճիշտ եմ հիշում, դա պետք է լիներ 2005 կամ 2006 թվականին: Ակնհայտ է, որ դա ինձ համար ամենայուրահատուկ համերգներից էր, մի բան, որը ես կյանքումս գոնե մեկ անգամ պետք է անեի: Հիշում եմ, որ հավաքեցի բավականին հավակնոտ ծրագիր եւ զգացի հանդիսատեսի ջերմությունն ու աջակցությունը, որն այնքա՜ն ֆանտաստիկ էր: Շատ հուսով եմ, որ մի օր կկարողանամ կրկնել այդ փորձառությունը: Ցավոք, այս ճամփորդությունից ավելին չեմ կարող հիշել, քանի որ համերգին նախապատրաստվելու պատճառով մնում էի տանը, մինչդեռ ընտանիքս, որ ինձնից մի քանի օր առաջ էր եկել, շրջագայում էր Հայաստանով մեկ: Դրանից մի քանի տարի առաջ հորս հետ արդեն եղել էի այնտեղ, ուստիեւ խնդիր չկար, բայց, իհարկե, Հայաստան կատարելիք եւս մեկ ճանապարհորդությունը վաղ թե ուշ անպայման տեղի կունենա:
–Շարունակո՞ւմ ես համագործակցել Արմենի հետ:
-Անկասկած, ես եւ Արմենը շարունակում ենք համագործակցել տարբեր նախագծերում, որոնցից ամենակարեւորը նրա ողջ դաշնամուրային երաժշտությունն ընդգրկող ալբոմն է՝ այնքա՜ն հետաքրքրական ու ոգեշնչող է, ինչպես նաեւ իր արհեստի եւ տարբեր ոճերում ստեղծագործելու կարողության անկեղծ ներկայացումը: Ես մեծ հաճույքով եմ աշխատել՝ կատարելով նրա ստեղծագործությունները եւ իմանալով, որ դրանցից շատերն առաջին անգամ են հնչելու, ինչը մեծ պատասխանատվություն էր ինձ համար: Ալբոմը կոչվում է «Ծագումներ», թողարկվել է 2017 թվականին, եւ յուրաքանչյուր հայ երաժշտասերի խորհուրդ եմ տալիս ծանոթանալ: Այս ալբոմի մեկ այլ հետաքրքրական առանձնահատկությունն այն է, որ Արմենն այն ձայնագրել է իր սեփական ստուդիայում, Փարիզից մեկ ժամ հեռավորության վրա, որտեղ որ ապրում է: Մենք երկուսս էլ եռանդով աշխատել ենք իրագործելու այս նախագիծը եւ շատ հպարտ ենք արդյունքով:
-Մենք սիրով սպասում ենք քո, Արմենի եւ մեր բոլոր տաղանդավոր հայրենակիցների նոր այցերին ու համերգներին Հայաստանում: Շնորհակալությո՛ւն, Ռուբե՛ն, այս հաճելի զրույցի համար:
–Շնորհակալություն, Արծվի՛, հրաշալի հարցազրույցի համար եւ մաղթում եմ ամենայն բարիք ձեզ եւ մեր ընթերցողներին…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ