Ադրբեջանը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող երեկ հրապարակված վճիռը։ Այս մասին ուրբաթ երեկոյան հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ դատարանն իր այդ վճռով հաստատել է «Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքները, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։
Բաքվում նաև գոհունակությամբ են ընկալել այն հանգամանքը, որ «դատարանը մերժել է Ղարաբաղի տարածաշրջանից ադրբեջանցի զինծառայողների և իրավապահների դուրսբերման անհիմն և անհեթեթ պահանջը»։
«Դատարանի որոշումը ընդունում է նաև այն քաղաքականությունը, որ որդեգրել է Ադրբեջանը Ղարաբաղի հայ բնակիչների հանդեպ։ Բաքուն պատրաստ է ապահովել տարածաշրջանի բոլոր քաղաքացիների պաշտպանությունը՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից», -նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև պնդում է՝ «Ադրբեջանը երբեք չի արտաքսել Ղարաբաղի հայերին։ Այդ նրանք էին, որ չնայած Բաքվի՝ տարածաշրջանը չլքելու կոչերին, որոշեցին տեղափոխվել Հայաստան»։