«Կարծում եմ, որ սա մեր ամենակառուցողական և արդյունավետ քննարկումներից մեկն էր: Մեր հանդիպումները միշտ եղել են բավականին անկեղծ: Մենք ամեն ինչի շուրջ համաձայնության չենք եկել: Բայց դրանք անկեղծ էին: Եվ այսօր մենք հիմնվում ենք նախորդ տարիների դիվանագիտական աշխատանքի արդյունքների վրա։ Կարծում եմ, որ մենք կարևոր առաջընթաց ենք գրանցել», – չորեքշաբթի ասել է Բայդենը Սան Ֆրանցիսկոյում APEC գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ հանդիպման մասին։
ԱՄՆ-ն և Չինաստանը վերսկսում են համագործակցությունը թմրանյութերի դեմ պայքարում․ ասել է Բայդենը։ «Նախ՝ ես ուրախ եմ հայտարարել, որ երկար տարիների ընդմիջումից հետո մենք վերականգնում ենք համագործակցությունը Միացյալ Նահանգների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև թմրանյութերի դեմ պայքարում», – նշել է նա:
«Մենք քայլեր ենք ձեռնարկում զգալիորեն նվազեցնելու թմրանյութերի հոսքը Չինաստանից մինչև արևմտյան կիսագնդեր: Սա կյանքեր կփրկի: Եվ ես բարձր եմ գնահատում Սի Ցզինպինի հավատարմությունը այս հարցում»:
ԱՄՆ-ը և Չինաստանը նույնպես պայմանավորվել են վերսկսել ուղիղ ռազմական շփումները։ «Չափազանց կարևոր է, որ մենք վերսկսենք ուղիղ ռազմական շփումները։ Կողմերի թյուրըմբռնումները կարող են հանգեցնել իրական խնդիրների, կարծում եմ, որ մենք իրական առաջընթաց ենք գրանցել այս տիրույթում»,- ասել է Բայդենը:
ՉԺՀ-ն և Միացյալ Նահանգները պայմանավորվել են փորձագիտական մակարդակով քննարկել արհեստական ինտելեկտի ոլորտում զարգացումներին առնչվող անվտանգության հարցեր։
Բայդենն ասել է, որ Սի Ցզինպինի հետ քննարկել է Ուկրաինայի և Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն մանրամասներ չի հայտնել։ «Նախագահ Սի Ցզինպինը և ես մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերների լայն շրջանակի շուրջ», – ասել է Բայդենը՝ պարզաբանելով, որ խոսքը Ուկրաինայի և Գազայի հատվածի հակամարտության մասին է։