Azg.am-ի զրուցակիցն է վերլուծաբան Թևան Պողոսյանը։
-Պարո՛ն Պողոսյան, նոյեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով լսումներ կանցկացվեն։ Ի՞նչ ապագայի մասին կարող է, ըստ Ձեզ, խոսք լինել, եթե հայկական Արցախ և Արցախում ապրող հայ ազգաբնակչություն փաստացի գոյություն չունեն։
-Նախ ընդգծենք, որ Արցախը գոյություն չունի ՀՀ գործող իշխանությունների համար։ Ինչ վերաբերում է ամերիկյան լսումներին, ապա ուզում եմ հարցնել՝ ո՞ւմ կողմից են դրանք կազմակերպված. ԱՄՆ Կոնգրեսի, այո՞։ Երբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը նույն թեմայով քննարկումներ կկազմակերպի, այդ ժամանակ կկարողանանք մտածել, թե որքան կարևոր են դրանք։
ԱՄՆ Կոնգրեսն, իր շահերից ելնելով, քննարկում է կազմակերպել՝ հույս ունենալով, որ կարծարծի ամերիկահայ լոբբիի և հայազգի ընտրողների խնդիրները։ Բայց բոլոր պարագաներում պետք է հասկանալ, որ ամերիկյան Կոնգրեսում ինչ որ քննարկվում է, քննարկվում է՝ ելնելով Միացյալ Նահանգների շահերից։
Ընդ որում, երբ ասում ենք ամերիկյան շահեր, պետք է միշտ հիշենք, թե որոնք են եղել ԱՄՆ գործող կառավարության գործողությունները 44-օրյա պատերազմի ընթացքում կամ դրանից հետո ադրբեջանական մյուս բոլոր ագրեսիաների ժամանակ։ Նույնը՝ նաև Արցախի էթնիկ զտումների ժամանակ։
Բոլորս ենք երևի հիշում, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասում էր, որ իրենք էթնիկ զտումներ թույլ չեն տալու։ Բայց Արցախում էթնիկ զտումներ և ցեղասպանական գործողություններ տեղի ունեցա՞ն. ունեցան։
Հիմա ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչըը գնալու է այդ լսումներին։ Վստահ եմ, որ խոսելիս ասելու է՝ ԱՄՆ կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի արցախահայերն իրավունք ունենան վերադառնալու իրենց տներ՝ բայց առանց մեկնաբանելու, թե այդ դեպքում ո՞ր երկրի քաղաքացիություն պետք է ընդունեն այդ մարդիկ, երեխաներն ի՞նչ դասագրքերով պետք է սովորեն դպրոցներում, ինքնակառավարման ինստիտուտներ պե՞տ ք է լինեն, թե ոչ, որովհետև այս պարագայում կճանաչեին Արցախի անկախությունը։
Ուզում եմ ասել, որ այն, ինչ ԱՄՆ Կոնգրեսում կքննարկվի, նույնիսկ հիմա կարելի է հանգիստ կանխատեսել։ Ելույթների մի մասը գրվելու է հայ լոբբիստների կողմից, Պետքարտուղարության ելույթները գրվելու են ամերիկացի դիվանագետների կողմից։ Լավագույն դեպքում քննարկմանը կարող են հրավիրել ԱՄՆ-ում Հայաստանի Հանարպետության դեսպանին, որն էլ արտահայտելու է ՀՀ գործող իշխանությունների դիրքորոշումը ՝ նույնիսկ չօգտագործելով Արցախ բառը։
Եթե պետք լինի, Կոնգրես է կանչվելու նաև Ադրբեջանի ներկայացուցիչը, որն էլ ասելու է, որ արցախահայերի իրավունքները երաշխավորված են, որովհետև անգամ ՀՀ վարչապետն է հայտարարել, որ հայազգի քաղաքացիական անձանց վտանգ չի սպառնում։
Ամերիկյան Կոնգրեսում, բնական է, ամերիկյան շահերը պետք է քննարկվեն. եթե պետք է գործիք ձևավորել, որ Ադրբեջանից ինչ-որ բան «պոկեն», խոսելու են նաև այդ գործիքի ձևավորման մասին։ Եթե վաղը Ռուսաստանի Պետդումայում նմանատիպ քննարկում կազմակերպվի՝ նմանատիպ անվանումով, քննարկվելու են ռուսական շահերը, Եվրախորհրդարանում քննարկվելու են եվրոպական շահերը։
Մեր խնդիրը պետք է լինի, որպեսզի ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկումներ ծավալեն, թե ինչպես են Արցախի ապագան տեսնում։ Մինչդեռ նման լսումներ չկան։
-Պարո՛ն Պողոսյան, ԱԺ-ում Արցախի ապագայի վերաբերյալ քննարկումներ չծավալելուց բացի՝ գործող իշխանությունների միակ խնդիրը կարծես արցախահայերին բացառապես հումանիտար օգնություն ցուցաբերելն է, բայց ոչ երբեք՝ գույքի կամ տեղահանվածների իրավունքներին հետամուտ լինելը։ Ինչո՞ւ այս ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվում։
-Բոլորս ապրում ենք այս երկրում և տեսնում ենք՝ ինչ է կատարվում։ Շատ լավ է, որ ԱՄՆ պետական մարմիններն օրինակ են ծառայում, թե ինչ կարելի է անել Արցախի համար՝ իրենց Կոնգրեսում կազմակերպելով իրենց շահերին համապատասխան լսումներ։ Հարցն այն է, որ ԱՄՆ-ում Արցախի հարցով քննարկում կա, իսկ Հայաստանում՝ ոչ։
-Անդրադառնանք Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների՝ այս անգամ արդեն Հայաստանից արտագաղթելու հարցին։ Պաշտոնական տվյալներով՝ մեկ ամսում Հայաստանը լքել է ավելի քան 3 հազար բռնի տեղահանված, սակայն ոչ պաշտոնական տվյալներով՝ այդ թիվը չորս-հինգ անգամ ավելի մեծ է։ Ի՞նչն այն չէ ՀՀ կառավարության ծրագրերի հետ։
-Ասելու բան չկա։ Առաջին շաբաթվա ընթացքում ասում էին, որ 200-300 արցախցի է լքել Հայաստանը, հետո՝ 2000։ Հիմա, եթե արտագաղթող արցախցիների թիվը մեծանում է, դա խոսում է ՀՀ գործող իշխանությունների կատարած գործողությունների արդյունքի մասին։ Այն օրը, երբ արտագաղթող արցախցիների թիվը կսկսի նվազել, կկարողանանք ասել, որ արդյունավետ գործողություններ են ձեռնարկվել։ Վիճակագրական տվյալներից դատելով՝ գործողություններն առայժմ անորակ են և անարդյունավետ, նպաստում են արտագաղթին։ Միգուցե այս վիճակը հետևանք է այն բանի, որ մեր խորհրդարանում Արցախի հարցով լսումներ չկա՞ն։
Իմ բարեկամների մի մասը ևս արդեն գնացել է Հայաստանից, իսկ որոնք էլ դեռ չեն մեկնել, ամեն օր քննարկում են Հայաստանից հեռանալու թեման։ Ընդ որում՝ ում մոտ ինչպես կստացվի և ուր կստացվի։ Ամբողջ խնդիրն այն է, որ շատ արցախահայեր իրենց ապագան Հայաստանի հետ չեն կապում։