Սանկտ Պետերբուրգում լույս է տեսել մեր նշանավոր հայրենակից, ճանաչված բարերար եւ հասարակական գործիչ, արվեստի հովանավոր Հրաչյա Պողոսյանի բարեգործական գործունեության մասին պատմող ծավալուն գիրք:
527 էջանոց գիրքը պատմում է երկու տասնյակից ավելի տարիների ընթացքում կյանքի կոչված հսկայածավալ ու բազմաբովանդակ այն նախագծերի մասին, որոնցում Հրաչյա Պողոսյանը ներդրել է ոչ միայն իր անձնական միջոցները, այլեւ իր հոգին ու միտքը:
Իր գործունեության ընթացքում Հրաչյա Պողոսյանի բարեգործությունն ընդգրկել է միլիոնավոր մարդկանց կյանքեր եւ ճակատագրեր, շոշափել կյանքի բոլոր ոլորտները՝ ծովերից եւ օվկիանոսներից մինչեւ տիեզերք: Դրանք վերաբերում են ռազմական արդյունաբերությանն ու արվեստներին, իրավունքին եւ լրագրությանը, դիվանագիտությանն ու զինագործությանը, բեւեռախույզներին եւ… սրբերին, կայսրերին եւ նրանց ընտանիքների անդամներին:
Հիմնադրամի նախագծերը պատմում են մարդկանց ճակատագրերի մասին՝ քննիչից մինչեւ բանաստեղծ, բժիշկից մինչեւ հոգեւորական, գրողից մինչեւ արվեստագետ, գեներալիսիմուսից մինչեւ հասարակ զինվոր: Շնորհիվ Հրաչյա Պողոսյանի, այդ մարդկանց անունները դարերով հավերժանում են:
Երկար տարիների ընթացքում՝ Ռուսաստանում, Հայաստանում եւ արտերկրում մեծ հարգանքի եւ ճանաչման արժանացած Հրաչյա Պողոսյանի ու նրա բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծվել եւ վերականգնվել են ավելի քան 400 հոգեւոր, մշակութային եւ պատմական նշանակություն ունեցող կոթողներ, իրականացվել եւ կյանքի են կոչվել Հայրենական մեծ պատերազմի հերոսներին եւ իրադարձություններին նվիրված 200-ից ավելի հուշարձաններ եւ նախագծեր, իսկ մի մասն էլ իրականացման փուլում են:
Հրաչյա Պողոսյանի մտահղացմամբ ու աջակցությամբ հրապարակվել են տասնյակ գրքեր եւ ամսագրեր, նկարահանվել են մի շարք ուսուցողական-վավերագրական ֆիլմեր:
Վերը հիշատակած շուրջ 400 բարեգործական ծրագրերից ավելի քանի 100-ն առնչվում են հայկական մշակույթին, որոնք իրականացվել են Հայաստանում եւ արտերկրում: Դրանք հուշարձաններ են, գրքեր, ֆիլմեր եւ մեր պատմությանն ու մշակույթին վերաբերող բազմաթիվ այլ ուշագրավ գործեր:
Իր սխրանքներով ու բազում երեւելի գործերով հայտնի հերոս քաղաք Սանկտ Պետերբուրգը դարերից եկող գեղեցիկ ավանդույթներ ունի: Այդ ավանդույթներից մեկն էլ, որ մինչ օրս պահպանվում է, քաղաքի տարեգրության մեջ արժանի հետք թողած, երեւելի գործերով աչքի ընկած մարդկանց ըստ ամենայնի մեծարելն է: Եվ պատահական չէր, որ 2022 թ. ապրիլի 13-ին ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի Օրենսդիր ժողովում հանդիսավորապես հրապարակվեց մի աննախադեպ որոշում, որի համաձայն՝ պետերբուրգաբնակ մեր ճանաչված հայրենակից Հրաչյա Պողոսյանի անունը կրող բարեգործական հիմնադրամն արժանացավ Սանկտ Պետերբուրգի «պատվավոր բարերար» տիտղոսին: Ասում ենք աննախադեպ, քանի որ «Հրաչյա Պողոսյան» բարեգործական հիմնադրամը քաղաքի պատմության մեջ դարձավ առաջին իրավաբանական միավորումը, որին շնորհվեց նման պատվավոր կոչում:
Եվ ահա օրերս, հոկտեմբերի 31-ին, Ազգային միասնության տոնին ընդառաջ, Սանկտ Պետերբուրգի կենտրոնում՝ Տավրիչեսկայա 45 հասցեում հանդիսավորությամբ բացվել է պատմության նոր թանգարան՝ «Պահպանելով հիշողությունը» ցուցասրահը, որը ստեղծվել է «Հրաչյա Պողոսյան» բարեգործական հիմնադրամի կողմից՝ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի աջակցությամբ:
Ցուցասրահում ներկայացված են Սանկտ Պետերբուրգի Հրաչյա Պողոսյանի շուրջ 25 տարիների բարեգործական գործունեության ընթացքում իրականացված ծրագրերը՝ հուշարձաններ, կիսանդրիներ, խորաքանդակների պատճեններ եւ կրկնօրինակներ, որոնք պատմում են տարբեր դարաշրջանների համաշխարհային պատմության իրադարձությունների եւ հերոսների մասին՝ մ.թ.ա. 4-րդ դարից մինչեւ մեր օրերի իրադարձությունները:
Ցուցանմուշների թվում են «Լենինգրադցիների արիության» հուշարձանը. խճանկարային վահանակ՝ նվիրված 1941 թվականի հոկտեմբերի 14-ին Տիխվինի երկաթուղային կայարանում զոհված Լենինգրադի երեխաներին: Թանգարանում ցուցադրվում են նաեւ իրական մասունքներ, ինչպիսիք են Խորհրդային Միության մարշալ Լեոնիդ Գովորովի աշխատանքային գրքույկը եւ զինվորական պայուսակը՝ պլանշետը, «Լենինգրադի պաշտպանության համար» բնօրինակ շքանշանը, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 60 ցուցանմուշ:
«Երբեք չէի կարող անգամ մտածել, որ օրերից մի օր թանգարան կունենամ,- ցուցահանդեսի հանդիսավոր բացմանն ասաց Հրաչյա Պողոսյանը:- Այնուամենայնիվ, իմ գործունեության մեջ ես հաճախ եմ առնչվում այնպիսի իրադարձությունների եւ պատմությունների հետ, որոնք իսկապես հուզում են ինձ, եւ այդ էր պատճառը, որ ես որոշեցի Սանկտ Պետերբուրգի բնակիչների եւ քաղաքի հյուրերի հետ կիսվել այդ պատմություններով: Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը պաշտպանեց թանգարան հիմնելու գաղափարը, ինչի համար ես շատ շնորհակալ եմ նրան:
Անսպառ եռանդ, հաջողություններ եւ նորանոր գեղեցիկ գործերի իրականացում ցանկանանք մեր արժանապատիվ հայրենակցին:
ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ
ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից