Azg.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան, «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հ/կ նախագահ Ավետիք Իշխանյանը։
-Պարո՛ն Իշխանյան, Բաքվի զինվորական դատարանը երեկ 15 տարվա ազատազրկման դատապարտեց այս տարվա հուլիսին Հակարիի կամրջից առևանգված Վագիֆ Խաչատրյանին։ Խնդրում եմ գնահատել ադրբեջանական կողմի այս քայլը։
-Ադրբեջանը բռնապետական երկիր է, ուստի խոսել ինչ-որ Բաքվի դատարանի մասին անիմաստ է։ Որոշումը կայացվել է նախագահական նստավայրում։ Իսկ որպես գնահատական՝ այս քայլը Բաքվի կողմից հերթական նվաստացումն ու ծաղրն էր հայ ժողովրդի նկատմամբ։
-Կարելի՞ է ասել, որ Վագիֆ Խաչատրյանի դեպքում 15 տարվա ազատազրկումը հավասարազոր է ցմահ դատապարտման, քանի որ սրտի խնդրով 68-ամյա անձը դժվար թե կարողանա 15 տարի բանտում անցկացնել և այնտեղից ողջ-առողջ դուրս գալ։
-Կարծում եմ, որ ինչպես Վագիֆ Խաչատրյանին, այնպես էլ մեր մյուս գերիներին, Ադրբեջանի նախագահը պահում է որպես պատանդներ և նրանց օգտագործելու է բանակցությունների ժամանակ, որպես սակարկման առարկա, ապա հասնելով Հայաստանի վարչապետ կոչեցյալի կողմից հերթական տարածքային զիջումների՝ նա «մեծահոգաբար» նրանց ներում կշնորհի։
-Պարո՛ն Իշխանյան, պաշտոնական Երևանն այս ապօրինի վճռի առնչությամբ լռություն է պահպանում, ինչպես որ լռություն է պահպանում Բաքվի բանտերում առ այսօր պահվող հայ գերիների թեմայով։ Ո՞րն է նման կեցվածքի պատճառը։
-Պաշտոնական Երևան ասելով, ի՞նչ եք հասկանում։ Այսօր Հայաստանի և ներքին և արտաքին քաղաքականությունը, առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու, որոշում է մեկ մարդ՝ վարչապետ կոչեցյալը։ Իշխանական թիմից որևէ մեկը, լինի նա ԱԺ պատգամավոր, իրավապահ մարմնի ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան,թե մարդու իրավունքների պաշտպան, համարձակություն չունի ունենալ և հայտնել սեփական կարծիք։
Իսկ վարչապետ կոչեցյալը բացարձակապես զուրկ է տարրական գթասրտությունից, ազգային և մարդկային արժանապատվության զգացումից։ Ասածներիս ապացույցն են 2021թ․ նախընտրական արշավի ժամանակ նրա խոսքերը, թե մեր գերիները մի քանի ամիս կդիմանան։ Ավելին, ունենալով Բաքվի բանտերում տառապող հայրենակիցներ, իշխանական վերնախավը վայելում է իր ցոփ ու շքեղ կյանքը՝ հունաստաններում և այլուր։
Հիշենք, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագրով պետք է ազատ արձակվեին բոլոր գերիները։ Հենց համաձայնագրի հաջորդ օրը Ադրբեջանի նախագահը խախտեց համաձայնագիրը և չվերադարձրեց մեր գերիներին։ Եվ ի՞նչ… Այս պարագայում Հայաստանը պետք է հրաժարվեր ցանկացած շփումներից Ադրբեջանի պաշտոնյաների հետ՝ մինչև գերիներն ազատ չարձակվեին։
-Պարո՛ն Իշխանյան, ի՞նչը կարող է ստիպել Ադրբեջանին ազատ արձակելու Վագիֆ Խաչատրյանին, արցախցի բարձրաստիճան պաշտոնյաներին և հայ մյուս գերիներին։
-Միայն Հայաստանի կողմից տարվող հետևողական և անզիջում աշխատանքը։ Նկատի ունեմ, որ Հայաստանը պետք է պաշտոնապես հայտարարի, որ հրաժարվում է ցանկացած շփումներից և բանակցություններից Ադրբեջանի հետ, քանի դեռ ազատ չեն արձակվել մեր բոլոր գերիները։
-Ինչպե՞ս եք գնահատում միջազգային իրավապաշտպան կառույցների կեցվածքը Բաքվի ապօրինի քայլերն անարձագանք թողնելու համատեքստում։
-Իսկ ո՞վ է դիմել միջազգային իրավապաշտպան կառույցներին, արդյոք, պաշտոնական Երևա՞նը։ Իհարկե՝ ոչ։ Միջազգային իրավապաշտպան կառույցներին, հավանաբար դիմել են տարբեր հասարակական կազմակերպություններ։ Բայց հաշվի առեք, որ Ադրբեջանի կողմից էլ նույն միջազգայիններին դիմում և Ադրբեջանին արդարացնում են այնտեղ գործող հասարակական կառույցները։
Իհարկե, ես չեմ արդարացնում այդ միջազգային իրավապաշտպանական կառույցներին, հատկապես՝ միջպետական, ինչպիսիք են ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը, հատկապես՝ Եվրոպայի խորհուրդը։ Այդ կառույցները, ցավոք, «մոռացել» են իրենց առաքելությունը և շարժվում են քաղաքական շարժառիթներով։ Դրա վառ ապացույցն է, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ Բաքվում կայացած հանդիպումն այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի բնակիչների հետ։