Հայաստանի Հանրապետությունը պետք է ջանքեր ներդնի, որպեսզի ապացուցի Հակարիի կամրջից ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի անմեղությունը։ ՀՀ ղեկավարությունն այդ մարդու ապօրինի գերեվարումը, նրան Բաքվի բանտում անազատության դատապարտելը պետք է թեժ պահի քաղաքական-դիվանագիտական բոլոր հանդիպումների ժամանակ՝ մշտապես հիշեցնի, որ անմեղ մարդուն տարել և Ադրբեջանում դատապարտել են 15 տարվա ազատազրկման։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
Մեր զրուցակցի խոսքով, սակայն, Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումն այս հարցում բավական պասիվ է։
«Արդեն մոռացել են Բաքվի բանտերում պահվող գերիների մասին, իսկ մենք 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում բազմաթիվ գերիներ ունենք։ Այնպես որ, միայն Վագիֆ Խաչատրյանի հարցը չէ։ Կրկնում եմ, Բաքվի բանտերում կան էլի մարդիկ, զինվորականներ։
Սա արդեն այն հարցն է, որ ՀՀ իշխանությունները պետք է մշտապես պահեն միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Դա պետք է անեն, որպեսզի մեր ձայնը տեղ հասնի։
ԵՄ-ԱՄՆ հարաբերություններն անհասկանալի և շատ խառն են, դրա համար էլ այդպիսի իրավիճակներում մարդկանց մոռանալը շատ հեշտ է. միշտ այդպես է։
Իհարկե, գիտենք, որ պաշտոնական Երևանը դիմել է Եվրադատարան՝ Վագիֆ Խաչատրյանի իրավունքները պաշտպանելու համար, բայց դա շատ քիչ է։ Որովհետև, եթե չլինեն բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ տվյալ դեպքի մասին հիշեցումները, անհնար կլինի որևէ հաջողության հասնել»,- նշեց իրավապաշտպանը։
Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ Բաքվի բանտերում պահվող հայ գերիների, արցախցի բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Վագիֆ Խաչատրյանի արդարացումը չի սպասելու միջազգային դատարանի վճիռների կայացմանը, որովհետև այդ գործընթացները Եվրադատարանում տարիներ են տևում։
«Բացի այդ՝ մենք տեսանք, որ Ադրբեջանը միջազգային հանրության մասնակցությամբ և իրենց աչքի առաջ Արցախն էթնիկ զտման, ցեղասպանության ենթարկեց»,- ամփոփեց իրավապաշտպանը։
Հիշեցնենք, որ Բաքվի զինվորական դատարանը երեկ 15 տարվա ազատազրկման դատապարտեց Վագիֆ Խաչատրյանին։ 15 տարվա ազատազրկման 5 տարին նա կանցկացնի բանտում, իսկ մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմով ուղղիչ հիմնարկում։
Վագիֆ Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան դատարանին խնդրեց անմեղ ճանաչել իր պաշտպանյալին։ Վագիֆ Խաչատրյանն իր հերթին հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում և դատարանին խնդրեց արդարացնել իրեն։
Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանն այս տարվա հուլիսին ձերբակալվել էր Լաչինի միջանցքի սկզբնամասում տեղակայված ադրբեջանական անցակետում, երբ Կարմիր խաչի ուղեկցությամբ փորձում էր Արցախից գալ Հայաստան՝ սրտի վիրահատության ենթարկվելու համար։
Ադրբեջանական կողմի «մեղադրանքում» նշվում է, թե, իբր, «Վագիֆ Խաչատրյանն ու հանցավոր խումբը, որին անդամակցել է վերջինս, 1991 թվականի դեկտեմբերին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում սպանել են 25 ադրբեջանցու, վիրավորել 14-ին և իրենց մշտական բնակության վայրից տեղահանել 358 մարդու»։