ՀՀ իշխանությունն արցախահայերի նկատմամբ ոչ մարդկային, անօրինական և մարդու իրավունքները ոտնահարող քայլեր է իրականացնում։ Սա մեզ համար անհասկանալի է։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի «Մայրություն» ՀԿ-ի նախագահ Հասմիկ Միքայելյանը՝ անդրադառնալով ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի այն հայտարարությանը, որ Արցախից բռնի տեղահանված անձանց կապույտ անձնագրերը ճամփորդական փաստաթղթեր են, դրանք որպես անձը հաստատող փաստաթուղթ կարող են կիրառվել, բայց՝ ոչ որպես քաղաքացիություն հաստատող փաստաթուղթ։
«Արցախցի բոլոր դասախոսները, բժիշկները, շարքային քաղաքացիները, թոշակառուները ո՛չ աշխատավարձ, ո՛չ թոշակ չենք ստացել։ Այն 100 հազար դրամի միանվագ օգնությունը լավ է՝ ընդհանրապես չտային… Շատ ներողություն, 100 հազարով մենք միայն Եռաբլուր ենք գնացել, ժաղիկներ առել, տաքսու գումարը տվել։ Ժողովուրդն է մեզ հարգել, ընդունել, մարդկային ջերմ վերաբերմունք ցուցաբերել։
Այս ամենը ոչ միայն հիասթափեցնող է, այլ հաստատում է, որ հակաժողովրդական, հակաարցախյան քաղաքականություն է իրականացվում։ Պայմաններ են ստեղծվում, որ մարդիկ տեղահանվեն այստեղից։ Բնական է, որ որքան էլ արցախցիները տառապում են, բայց Արցախ չեն վերադառնալու, որովհետև այնտեղ թուրքն է։ Արցախցիներին Արցախ ուղարկելով՝ ցեղասպանության են ուղարկում։ ՀՀ ղեկավարությունը Թուրքիայից վախենալու պատճառով մեզ չի ընդունում»,- ասաց Հասմիկ Միքայելյանը։
Նա խոր կսկիծով հիշեց սեպտեմբերի 19-ին զոհված թոռնիկին Եռաբլուրում հուղարկավորելու դրվագը, երբ իրենց արգելել են դագաղի վրա Արցախի դրոշը փռել։
«Բայց նա հերոսաբար զոհվել է Արցախի համար։ Իմ թոռնիկը միայնակ 6 ժամ պայքարել է «Յաշմա» ջոկատի դեմ։ 6 ժամվա ընթացքում 5 փամփշտատուփ է օգտագործել՝ լրիվ մենակ մնալով։ Մյուս տղաները թողել-գնացել են։ Սա եղել է առաջնագծում՝ սեպտեմբերի 19-ին՝ Չարեկտար-Նարեշտար գծում։
Եթե վախենում են զոհված զինծառայողի վրա արցախյան դրոշ գցել… եկել են, ասել են՝ հանեք, ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց Արցախի «Մայրություն» ՀԿ-ի նախագահը։
Մեր զրուցակցի համոզմամբ՝ ՀՀ իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի արցախցիները թափառական դառնան։
«Սա նրանց համար խայտառակություն է։ Փոխանակ մեզ բոլորիս հավաքեն մեկ՝ թեկուզ չճանաչված պետության հարկի տակ, ամեն ինչ անում են, որ ցրվենք։ Մենք ուզում ենք պահպանել մեր բարբառը, մշակույթը, պատմությունը, որպեսզի Նախիջևանը չկրկնվի։ Բայց մեզ նորից տանում են նույն տեղը»,- ասաց Հասմիկ Մելիքյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի այն հայտարարությանը, որ Արցախից բռնի տեղահանված անձանց կապույտ անձնագրերն ընդամնեը անձը հաստատող փաստաթուղթ են, բայց՝ ոչ որպես քաղաքացիություն հաստատող փաստաթուղթ,Հասմիկ Միքայելյանը նկատեց՝ փախստականի կարգավիճակն իրենց որևէ առավելություն չի տալիս։
«Սա անգրագետ ղեկավարություն է՝ լրիվ անգրագետ։ Մեր իրավաբանները մեզ զգուշացնում են, որ չհանձնենք մեր կապույտ անձնագրերը, որովհետև դրանք հայկական անձնագրեր են։
Այս ամենին զուգահեռ՝ ոչ մի արցախցու աշխատանքի չեն վերցնում. հիմա ուզում ենք համախմբվել և պայքարել մեր իրավունքների համար։ Մեր հանդեպ վերաբերմունքով ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի ապագան են քանդում։
Մենք բոլորս էլ Ռուսաստանում, մյուս երկրներում բարեկամներ ունենք, հազար տեղից կանչում են։ Ես էլ Ռուսաստանում որդի ունեմ, բայց չեմ ուզում գնալ, այնտեղ ապրել։ Ինչո՞ւ գնամ»,- հարց հնչեցրեց Հասմիկ Միքայելյանը՝ միաժամանակ հավելելով, որ Արցախից ՀՀ տեղափոխվելուց հետո 10 օր ամուսնու հետ բնակվել են իր եղբոր տանը, իսկ դրանից հետո՝ մինչ օրս, շարունակում են ապրել բժիշկների հանգստի համար նախատեսված սենյակում։