«Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտությունը էթնիկ կամ կրոնական բնույթ չունի, այն ազգային խնդիր է: Դա կապված է երկու ժողովուրդների՝ նույն հողի վրա ապրելու իրավունքի հետ»,-հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ դեսպանների հանդիպման ելույթի ժամանակ։
«Երկու ժողովուրդներն էլ իրավունք ունեն ապրելու նույն տարածքում և կարող են միասին ապրել։ Երկու ժողովուրդները պետք է խաղաղ ապրեն։
Ասում են՝ այս հարցում փաստաթուղթ կամ պայմանավորվածություն չկա, բայց պայմանագիրը կա, որը կնքվել է Օսլոյում։ Սակայն խնդիրն այն է, որ այս համաձայնագիրը կյանքի չի կոչվել։ Այս հակամարտությունը տարիների ընթացքում սրվել է։ Եղան ՀԱՄԱՍ-ի հարձակումները, դրանց տրվեց իսրայելական պատասխան, ինչի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում հսկայական զոհեր կան: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ Օսլոյի պայմանագիրը չիրականացվեց։ Որովհետև երկու կողմերի որոշակի ուժեր կանխեցին դա, ժխտեցին և չճանաչեցին միմյանց կյանքի և գոյության իրավունքը։
Իսրայելի կողմից Հորդանան գետի Արևմտյան ափի գաղութացումը ուժեղացվել է, պաղեստինցիները հայտնվել են ճնշման տակ, և արմատական կրոնական խմբավորումներն ու զինված խմբավորումները օգտվել են տարիների ընթացքում տեղի ունեցածից:
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի դեմ իրականացված բարբարոսությունը մեզ համար պարադոքս է։ Աշխարհը հավատում էր, որ այս հակամարտությունը դադարել է. բոլորն ունեին այս պատրանքը։
Չնայած ստատուս քվոն չփոխվեց, բայց կայունություն կար։ Մենք կարծում էինք, որ արաբական երկրների և Իսրայելի հարաբերությունների կարգավորումը կարող է խաղաղություն բերել Իսրայելին և Պաղեստինին, բայց դա տեղի չունեցավ»,- ասել է Բորելը։