Պաշտոնական Երևանը հաստատում է՝ Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացի մասով ռուսաստանյան կողմից առաջարկներ է ստացել է։
Ըստ արգործնախարարության՝ Երևանը նաև արձագանքել է առաջարկություններին։ Արտաքին քաղաքական գերատեսչությունը, սակայն, չի հստակեցնում, թե ինչ առաջարկների մասին է խոսքը։
«Ազատության» հարցմանն ի պատասխան, արտաքին քաղաքական գերատեսչությունից միայն նշել են․ – «Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացի մասով ռուսաստանյան կողմից փոխանցված առաջարկների համատեքստում հայաստանյան կողմը հանդես է եկել համապատասխան երկկողմ պայմանագիր կնքելու առաջարկով, որը կարող է փարատել ՌԴ մտահոգությունները, ինչի վերաբերյալ պաշտոնական գրավոր պատասխան ռուսաստանյան կողմից հայաստանյան կողմին չի ներկայացվել»։
Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին «Քաղաքացիական պայմանագրի» 60 կողմ ձայնով վավերացրեց Հռոմի ստատուտը։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն էլ հայտարարեց՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը համարում են «բացարձակապես ոչ-բարեկամական քայլ»։ Նա նաև տեղեկացրեց, որ Մոսկվան որոշակի առաջարկներ է ներկայացրել Երևանին, «սակայն դատելով իրավիճակից՝ Երևանում կա՛մ դեռ մտածում են դրանց ուղղությամբ, կա՛մ որոշել են մերժել»։