Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Իմաստաբանական բառարան

Բաշի քյարթմա

Ամուսնությունը մարդու կյանքի կարեւորագույն դրվագներից է, բայց ոչ՝ պարտադիրներից: Քեզ միայն կարող են  ամուսնանալու հարցում խորհուրդներ տալ, թեկնածուներ առաջարկել, բայց ոչ՝ ավելին:

Բայց  նաեւ լինում են պահեր, երբ ստիպված ես  մոռանալ քո աշխատանքային կարիերա ստեղծելու նախապես հաշվարկված քայլերն ու ամուսնական լուծը կամավոր հիմունքներով կախել վզիցդ:

Ինձ միշտ  հետաքրքրել է, թե ինչու ամուսնական զույգերին նմանեցնում են սայլին լծված զույգ եզների: Կամ ինչո՞ւ ամուսնությունն  Իրանում համեմատում են   «անիծյալ պարանը վզից կախելու»  տարօրինակ սովորույթի հետ:   Էլ չխոսենք ամուսնության պատկերավոր նկարագրությամբ հայերենում տարածված «ականջը կտրելու»,  մեղմ ասած՝ անհասկանալի ավանդույթի մասին: 

Ո՞վ կարող է ինձ բացատրել, թե ինչո՞ւ ռուսերեն брак բառը միաժամանակ երկու տարբեր իմաստներ է արտահայտում՝ «ամուսնություն» եւ «վատորակ արտադրանք»:

Ի դեպ, քաղաքացիական ամուսնությունից բացի, կա նաեւ «քաղաքական ամուսնություն», որը ԶԱԳՍ-ում գրանցվելու փոխարեն ձեւակերպվում է կոալիցիոն հուշագիր ստորագրելով:
Մեր խայտաբղետ քաղաքական անդաստանում նմանատիպ  ամուսնական կապ է հաստատվել բոլորովին վերջերս՝ Երեւանի  նորընտիր  ավագանու նիստի ժամանակ: «Հանրային ձայն» կուսակցության քավորությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունների միջեւ ստեղծվել է ամուր ամուսնական կապ, որի արդյունքում ծնվեց Երեւանի նոր քաղաքապետը: Ասենք շնորհավոր:

Բայց խնդրում եմ ռուսերեն  брак   բառի երկու իմաստները  չփորձենք կապել այս քաղաքական ամուսնության հետ: Մեղք է:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ