Այս անգամ ոչ ջազ-նվագախումբ, ոչ պայծառ լույսեր, շենշող կանայք, օծանելիքի բույրեր, մոդայիկ հագնված տղամարդիկ, տոնական մթնոլորտ. այս անգամ Կոմիտասի անվան լարային քառյակ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Էդուրադ Թադեւոսյանի ղեկավարությամբ, որ Կոմիտասով փորձում էր մրցանակակիրների ու հանդիսատեսի տագնապները ցրել ու փոքր-ինչ կտրել դաժան իրականությունից:
Թեքեյան մշակութային միությունում ավանդաբար անց կացվեց «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունը՝ արդեն 29-րդը:
Թեեւ դժվար է Հայաստանի համար ծանրագույն այս օրերին ավանդույթները պահպանել, մշակութային փառատոն ու մրցույթ անցկացնել, բայց Հայաստանի եւ Սփյուռքի թեքեյանականներն այս տարի էլ նախաձեռնեցին միջազգայի այս մրցանակաբաշխությունը՝ նախ ավանդույթը չխախտելու, եւ հետո՝ մեր արվեստագետներին ու մտավորականներին գնահատելու, խրախուսելու համար:
Այս տարի «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունն ուներ 4 անվանակարգ՝ Գրականություն, Հայագիտություն, Կերպարվեստ եւ Դեկորատիվ-կիրառական արվեստ:
«Գրականություն» անվանակարգը կրում է սփյուռքահայ անվանի մտավորական, գրող, հրապարակախոս Երվանդ Ազատյանի անունը:
Արձակագիր Նորայր Ադալյանն իր «Էմբրիոն» վիպակների ժողովածուով եւ բանաստեղծ Հուսիկ Արան իր «Կորած սերունդ» բանաստեղծությունների ժողովածուով Երվանդ Ազատյանի անվան «Գրականություն» անվանակարգում «Վահան Թեքեյան» մրցանակը կիսեցին:
Հուսիկ Արա.- Այս օրերին միակ փրկությունն ինձ համար գրելն է:Անգամ էթնիկ զտման, ցեղասպանության օրերին գրել եմ: Շատերն այս իրավիճակն ավելի ծանր են տանում ու չեն կարողանում ոչինչ անել, իսկ ես գրում եմ, որ փրկվեմ: «Կորած սերունդ» ժողովածուն, որ արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի, ամփոփում է արցախյան առաջին պատերազմի, ապրիլյան քառօրյայի, նաեւ 44-օրյա պատերազմի թեմաները: Այդպիսին է ստեղծագործողը, կարող է ամենադժվարին ժամանակներում ամենաանհավանական բանն անել: Օրինակ՝ Մարտիրոս Սարյանը Հայոց ցեղասպանության օրերին քրիզանթեմներ էր նկարում: Ստեղծագործելն ինքնափրկության միջոց է, այլապես կմեռնես:
Թեքեյան մշակութային միությունը տասնամյակներ շարունակ իսկապես մեծ գործունեություն է ծավալում, որն ինձ հիացնում է: Բացի այդ, շատ պատվավոր մրցանակ է եւ կրում է իմ սիրելի բանաստեղծ Վահան Թեքեյանի անունը: Պարտավորեցնող է, անշուշտ:
Նորայր Ադալյան.-Վահան Թեքեյանը մեր մեծագույն դասականներից է: Նրա գործը, անունը ապրելու են միշտ: Նրա անվան մրցանակ ստանալն ինձ համար պատիվ է: Նա ուսուցիչ էր, մեր գրական երազանքների իրականացնողը: Ցեղասպանություն, արտագաղթ, երկու դարերի խաչմերուկ. Վահան Թեքեյանն իր գրական-հասարակական գործունեությամբ հույս ներշնչեց հայ ժողովրդին:
Այսօրվա այս մրցանակաբաշխությունը, մտավորականների, արվեստագետների այս հավաքն էլ մեր ծանր օրերի մեջ է հույս ներշնչում: Մեր կյանքը փոխվել է, շատ է փոխվել: Վերջերս Ադալյան ընտանքի հետ մեր տանը զրուցելու եւ հաղորդում պատրաստելու առաջարկ ստացանք, բայց մերժեցինք: Հայ ժողովրդի, Հայաստանի այսօրվա վիճակը թույլ չի տալիս խոսել մեր ընտանիքի, թեկուզեւ արվեստի մասին:
Գրողները տառապում են, նրանք այդ տառապանքն արտահայտում են իրենց ստեղծագործություններում: Գրողը, ստեղծագործողը, արվեստագետն իր ասպարեզն ունի, նա քաղաքական մեկնաբան կամ քաղաքական գործիչ չի, որ պատասխանի Պետրոս Ղազարյանի կամ մեկ ուրիշի հարցերին: Այնպես որ, եթե մտավորականության ձայնը չի լսվում, նշանակում է՝ ուրիշների ձայնն ավելի բարձր է:
«Հայագիտություն» անվանակարգում «Վահան Թեքեյան» մրցանակը բաժանվեց 3 հեղինակների՝ պատմաբաններ Ամատունի Վիրաբյանի, Սոնյա Միրզոյանի եւ Արամ Հովհաննիսյանի միջեւ:
Ամատունի Վիրաբյան.- Որպես 21-րդ դարի պատմաբան՝ չեմ կարող ինձ ներել, որ 100 տարի առաջ կորցրինք Կարսը, Սուրմալուն, հիմա էլ կորցրինք Արցախը:
«Հայ սպաները Առաջին աշխարհամարտում եւ Առաջին Հանրապետության բանակի սպաները» պատմակենսագրական բառարանը հենց նվիրված է 100 տարի առաջ եղած պատմությանը: Հայաստանի ազգային արխիվում աշխատելու տարիներին ենք հանրագիտարան ստեղծել, եւ այն տեւել է մոտ 20 տարի: Հիմնական աշխատանքը կատարել եմ ես եւ պատմական գիտությունների թեկնածու Սոնյա Միրզոյանը: Պատմական գրականության մեջ Համաշխարհային առաջին պատերազմին մասնակցած, ՀՀ բանակում ծառայած ընդամենը 50 սպայի մասին է տեղեկություն եղել, բայց մենք հայտնաբերեցինք մոտ 7000 սպայի, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական բանակի կազմում կովկասյան ռազմաճակատում կռվել են թուրքերի, արեւմտյան ռազմաճակատում՝ գերմանացիների եւ ավստրոհունգարացիների դեմ: Հայտնաբերել եւ հանրագիտարանի առաջին հրատարակության մեջ տպագրել ենք սպաների 700 լուսանկար, բայց այս մեկ տարվա ընթացքում ռուսական արխիվներում, տարբեր համալսարանների արխիվներում հայտնաբերեցինք եւս ավելի քան 300 լուսանկար: Գիրքը հրատարակել ենք ռուսերեն, որպեսզի լայն տարածում ունենա:
Արամ Հովհաննիսյան.- «Մլեհ Ռուբինյան. իշխանապետ Կիլիկիո հայոց» աշխատությունս նվիրված է Կիլիկյան Հայաստանի ամենանշանավոր դեմքերից մեկի՝ Մլեհ Ռուբինյանի կյանքին եւ գործունեությանը: Մլեհն, ի տարբերություն Կիլիկյան Հայաստանի մյուս իշխանների, ամբողջովին փոխեց երկրի արտաքին քաղաքականության գիծը, որի արդյունքում իշխանապետությունը բավականին հզորացավ, դուրս եկավ Միջերկրական ծովի ափ եւ դարձավ տարածաշրջանի գլխավոր խաղացողներից մեկը: Նա ամուր հիմքեր դրեց, եւ շատ կարճ ժամանակ անց Կիլիկիան վերածվեց թագավորության:
Գրքի պատրաստման համար արխիվային նյութերը վերցրել եմ մեր պատմիչներից, օտարալեզու աղբյուրներից՝ արեւելյան եւ եվրոպական:
Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանն իր խոսքում նշեց, որ հատկապես այս օրերին պետք է մշակույթն արժեւորել, ստեղծագործել, պահպանել ազգայինը, ազգային կրթությունն ու դպրոցը: Հենց այդ ձգտումներին է միտված «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունը:
«Առաջին անգամ «Գրականություն» անվանակարգը կոչվեց անվանի գրականագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Երվանդ Ազատյանի անունով: Խորհրդանշական է. Երվանդ Ազատյանի անմիջական ջանքերով է կայացել «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունը եւ դարձել ամենամյա: Շնորհակալություն եմ հայտնում նաեւ ԱՄՆ-ի եւ Կանադայի Թեքեյան միությանը. համաձայյն «Շաքե Ղազարյան-Թեքեյան» հիմնադրամի՝ ապահովվում է այս մրցանակաբաշխության նաեւ նյութական կողմը: Հիշեցնենք, որ յուրաքանչյուր անվանակարգում հաղթողն ստանում է 1500 դոլարին համարժեք դրամ»,- իր ելույթում ասաց Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը:
«Կերպարվեստ» անվանակարգում եւս մրցանակը կիսվեց. «Վահան Թեքեյանի» արժանացան գեղանկարիչ Մելքոն Հովհաննիսյանը եւ քանդակագործ Աշոտ Գեւորգյանը:
Գեղանկարիչ Մելքոն Հովհաննիսյանը պատմեց, որ քովիդի ժամանակ շատ արվեստագետների նման ինքն էլ չէր մոտենում նկարակալին, պատերազմի ժամանակ՝ առավել եւս: Տագնապած, անորոշ հոգեվիճակում արվեստի մասին մտածել չէր կարող, բայց անցյալ տարվանից գտել է առօրյայից կտրվելու ելքը: Առանց այն էլ բնություն շատ էր սիրում, հիմա ավելի հաճախ է լինում բնության գրկում՝ նկարակալով, երանգապնակով: «Մոռացված մեղեդի» շարքը հենց այդպես էլ ստեղծվել է: Շորժայում՝ նկարիչների պանսիոնատում, որսացել է մեր դառն իրականությունը չհիշեցնող մի ուրիշ՝ թռչունների երգով, ջրերի քչքչոցով լի այլ իրականություն, ու մի քանի օրում, իրար հետեւից ստեղծվել են բազմաթիվ նոր կտավներ:
Աշոտ Գեւորգյանի «Ջրի հիշողություն» շարքն արտասովոր ստեղծագործություն է: Երիտասարդ քանդակագործը դժվարանոււմ է ասել, թե ինչպես է հղացել ջուրը քանդակներում օգտագործելու եւ մտացածին կերպարներ ստեղծելու գաղափարը: Արվեստը հենց դրանով է առեղծվածային՝ միտքը գալիս է հանկարծակի, ներշնչում արվեստագետին, ու ստեղծվում են նոր, մինչ այդ անհայտ, բայց ինչ-որ պահից բացահայտված ու հեղինակային դրոշմ կրող արվեստի գործեր:
«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության նոր՝ «Դեկորատիվ-կիրառական արվեստ» անվանակարգում մրցանակ ստացավ երիտասարդ արվեստագետ Էլմիրա Չոփիկյանը, որի կերամիկական գործերում կա մանրանկարչություն, հայոց այբուբեն, կան վառ գուներ ու բազում նուրբ զարդանախշեր:
ՆԱԻՐ ՅԱՆ