ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱ
Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ
2008 թվականից Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ ամեն տարի հոկտեմբերի 7-ին աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրը:
Արժանապատիվ աշխատանքը ենթադրում է ոչ միայն բնակչության զբաղվածություն, այլեւ աշխատանքային անվտանգ պայմանների ապահովում եւ աշխատողների արդար վարձատրություն, որոնք էլ հանդիսանում են թե Արհմիութունների միջազգային կոնֆեդերացիայի եւ թե Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի գործունեության առանցքային հարցերը:
Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան այս տարի նույնպես հանդես է գալիս արժանապատիվ աշխատանքի ապահովման պահանջով, քանի որ այսօր յուրաքանչյուր աշխատողի երազանքն է ունենալ ապահով, արժանապատիվ աշխատանք եւ համարժեք վարձատրություն:
ՀԱՄԿ-ը, հավատարիմ մնալով աշխատողների կենսական շահերն ու իրավունքները պաշտպանելու կոչմանը, իր գործունեությամբ նպաստում է սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կայուն զարգացմանըՙ ուղղված երկրում զբաղվածության մակարդակի բարձրացմանը, արժանապատիվ աշխատանքի խրախուսմանը, սոցիալական գործընկերության կայացմանն ու զարգացմանը:
ՀԱՄԿ-ը կոչ է անում անդամ կազմակերպություններինՙ հետեւողականորեն բարձրացնել արհմիութենական կազմակերպությունների ու նրանց անդամների մարտունակությունը, ինչպես նաեւ արհմիությունների շարքերն ընդլայնել ավելի շատ երիտասարդներով:
ՀԱՄԿ-ը համոզված է, որ արհմիությունների համերաշխ գործունեությունը կխթանի արհմիութենական շարժման առաջընթացը եւ հանրության շրջանում նրա դերի, աշխատողների արժանավայել կենսամակարդակի բարձրացումը, ինչպես նաեւ աշխատանքի առողջ եւ անվտանգ պայմանների ապահովումը: