ՀՀԿ երիտթեւը եւ մի շարք ՀՀԿ-ամերձ ակտիվիստներ ուզում են Զարուհի Փոստանջյանին լոլիկներով եւ ձվերով դիմավորել հոկտեմբերի 5-ին, Փարիզ- Երեւան չվերթով նրա վերադարձին: Անկախ նրանից, թե այս «հանճարեղ» միտքը ո՞ր «հանճարեղ» գլխում է ծագել, մի շարք այլ հանճարեղ գլուխներ կարող են, չէ՞, եզրակացնել, որ սա կարող է բերել բախման, քանի որ օդանավակայան կգնան ոչ միայն նրանք, ովքեր դատափետում են Փոստանջյանին, այլեւ Փոստանջյանի կողմնակիցները եւ էլ ով ասես: Է՞:
Մի ավելի խելացի բան չէիք կարող մտածել` բախում հրահրելուց բացի, ու կարծում եք, թե երկրի նախագահին պե՞տք է ձեր այդպիսի վայ-պաշտպանությունը: Էն է` նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը կոչ է անում ձեռնպահ մնալ Զարուհի Փոստանջյանին օդանավակայանում վանկարկումներով դիմավորելու նախաձեռնությունից: Թե ՞ կարծում եք` նա ասում է մի բան, որ դուք լրիվ հակառակն անեք: Չէ, լուրջ, Արման Սաղաթելյանի ասածում ոնց որ լրջություն կա. «Մենք չենք ընդունում եւ սխալ ենք համարում ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին օդանավակայանում վանկարկումներով դիմավորելու կամ նրա դեմ որեւէ այլ ակցիա կազմակերպելու մասին տարբեր կողմերից հնչող մտադրությունները: Բոլորին կոչ ենք անում ձեռնպահ մնալ նման նախաձեռնությունից», զգուշացնում է նախագահի մամուլի խոսնակը:
Իսկ եթե ՀՀԿ-ական երիտասարդների արյունը եռում է, եւ նրանք ուզում են անպայման իրենց նվիրվածությունը ցույց տալ երկրի նախագահին, թող նախագահի ու նրա (մեր) երկրի որդեգրած արժեքներին սատար կանգնեն, որոնք սակայն կյանքում ներդնելիս խոչընդոտների են հանդիպում:
Իսկ եթե ձեռքները քոր են գալիս ու Լֆիկ Սամոն էլ իր խանութից ձրի լոլիկ ու ձու է տալիս` ուզում են անպայման ցույց անել ու լոլիկ շպրտել, քանի որ արդեն ազարտի մեջ են, մատնացույց ենք անում ավելի արժանի հասցե. թող օդանավակայանի փոխարեն գնան Արմավիրի մարզ, գտնեն էն քննիչին, որն իր ամբիցիաների, կամ ինչ գիտեմ` այլ շարժառիթների խաթրու 30 կապ ծխահարված խոտի համար, այն էլ առանց ապացուցողական հիմքի, փաստորեն պատժում է մի լույս երիտասարդի, «Լույս» հիմնադրամի շրջանակում Քեմբրիջում կրթված Արամ Մուղալյանին եւ նրա երեք ընկերներին: Պատժում է` հինգ ամիս խափանման միջոց կալանքի միջոցով քրեակատարողական հիմնարկում պահելու միջոցով եւ փաստորեն ՀՀԿ-ի պաշտպանած գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի խոսքը գետին գցելով, որ ասում էր, թե կալանքը որպես խափանման միջոց կիրառելը անթույլատրելի է հաճախ ու դրանից առավելագույնս պետք է հրաժարվել: Էս քննիչը, ուրեմն, շատ է երեւի կատաղել, որ Արամ Մուղալյանը չի ուզում տեղավորվել իր սարքած գործի մեջ ու իր իրավունքներն է պաշտպանում, ինչպես Քեմբրիջում են սովորեցրել, ուրեմն իր վրեժխնդրական բնազդներն է բավարարում (քննիչը)` այդպիսով ոտքի տակ տրորում է բոլոր ՀՀԿ-ականներին, Գեւորգ Կոստանյանին, երկրի նախագահին, քանի որ նրանց ասած իրավական բարեփոխումների ոլորտից դուրս է մնացել: Առեք լոլիկներն ու գնացեք էդ քննիչի մոտ, մի երկու հատ որ շպրտեք` չապացուցված մեղքի համար պատժվող երիտասարդին պաշտպանելով, քննիչը տեղը կբերի օրենքը, ու երկրի ղեկավարությանը չի վարկյաբեկի, Արամ Մուղալյանն էլ հացադուլից ու ջրադուլից դուրս կգա, մենք էլ կիմանանք` իրավական երկրում ենք ապրում: Այդպես ավելի շատ օգուտ տված կլինեք երկրի նախագահին ու գաղջ մթնոլորտն էլ մասամբ կցրեք: Թե չէ` օդանավակայա՜ն, Զարուհի՜, աչք մտնելու հեշտ ձեւ եք, էլի, գտել…