Կարո՞ղ էր արդյոք Իլհամ Ալիեւը պարտվել Ադրբեջանի նախագահական ընտրություններում: Իհարկե կարող էր: Կարո՞ղ էր արդյոք նա առհասարակ չմասնակցել ընտրություններին, անշուշտ կարող էր: Կփոխվե՞ր ընտրություններին Ալիեւի չմասնակցելուց եւ դրանցում չհաղթելուց միջազգային հանրության վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ, կխոխվեր… Համենայն դեպս, երեկվա տվյալներով, Ալիեւին երրորդ անգամ անընդմեջ նախագահ ընտրվելու կապակցությամբ Արեւմուտքը չի շնորհավորել: BBC-ն Ադրբեջանում նախագահական ընտրությունների նախօրեին հանդես եկավ մեկնաբանությամբ, որ «Ադրբեջանում նախագահական ընտրությունները կկրեն ֆորմալ բնույթ եւ ուղղված կլինեն Իլհամ Ալիեւի իշխանության ամրապնդմանը»: Նույն մեկնաբանության այլ մասում կարդում ենք. «…51-ամյա Իլհամը ունի բոլոր հնարավորությունները` ճնշելու հնարավոր ընդվզումները շնորհիվ նավթադոլարների առատ հոսքի»: Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցը նշել էր նաեւ, որ Ադրբեջանում նախընտրական մթնոլորտը լեցուն է «վախով եւ ապատիայով»:
Իլհամ Ալիեւն, ըստ նախնական տվյալների, հավաքեց շուրջ 85 տոկոս ձայն: Սա նշանակում է, որ ընդհանուր 5 մլն 162 հազար 231 ընտրելու իրավունք ունեցող ադրբեջանցիներից Իլհամ Ալիեւի օգտին քվեարկել է 3 մլն 126 հազար 612 հոգի: Սա, հիշեցնենք, դեռեւս նախնական տվյալներով: Վերջնական արդյունքները Ադրբեջանի ԿԸՀ-ն կհրապարակի ավելի ուշ: Չնայած այդ արդյունքները դեռեւս չկան, բայց Ալիեւն արդեն իսկ որոշ շնորհավորանքներ ստացել է: Առաջիններից մեկը շնորհավորել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը հայտարարել է, որ. «Իլհամ Ալիեւի վերընտրությունը կխորացնի Ադրբեջանի հետ Ռուսաստանի ռազմավարական գործընկերության մակարդակը»: Լուկաշեվիչն ընդգծել է, որ «մեր եւ Ադրբեջանի հարաբերությունները խիստ բարեկամական են բոլոր ոլորտներում»: ԱՊՀ գործադիր քարտուղար, ԱՊՀ դիտորդական խմբի ղեկավար Սերգեյ Լեբեդեւն իր հերթին, հայտարարել է. «Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին ադրբեջանցի ժողովրդի կատարյալ վստահությունը սեփական առաջնորդի հանդեպ»: Երեկ Ալիեւին զանգահարել է նաեւ ՌԴ նախագահ Պուտինը: Ինչպես տեղեկանում ենք Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքից` «նախագահ Պուտինը հաջողություններ է մաղթել նախագահ Ալիեւին` վերջինիս երրորդ նախագահական ժամկետում»: Իլհամ Ալիեւին շնորհավորել է նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլաթան Նազարբաեւը: Ալիեւը շնորհավորանքներ է ստացել Թուրքիայիցՙ տարբեր հասցեներից: Եվրոպական դիտորդական խմբերից ԵԱՀԿ-ինը բավարարվել է հայտարարությամբ. «Մենք ընդունում ենք Ադրբեջանի նախագահական այս ընտրությունների արդյունքները», իսկ Եվրոպական խորհրդի մի պատգամավոր հայտարարել է. «Այս ընտրություններով Ադրբեջանը վերահաստատեց իր հավատարմությունը եվրոինտեգրացիոն գործընթացին»: Ֆրանսիական դիտորդական խումբը Ադրբեջանի ԱԳՆ-ում ընտրություններից հետո ունեցած հանդիպման ընթացքում, անգամ ըստ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական կայքի, որեւէ գովեստի խոսք չի շռայլել ընտրությունների հասցեին: Փոխարենը դա արել է մի պակիստանցի պատգամավոր, ով հայտարարել է, թե Ադրբեջանում ընտրություններն անցան «եվրոպական չափանիշներին համապատասխան»: Մնում է հասկանալ, թե որտեղի՞ց գիտի պակիստանցի պատգամավորը «եվրոպական չափանիշների» ինչ լինելը: Եվրոպական երկրները որեւէ կերպ (երեկվա տվյալներով) դեռեւս չեն արձագանքել Ադրբեջանի նախագահական ընտրություններին:
Մի խոսքով, Իլհամ Ալիեւը երրորդ անգամ անընդմեջ վերընտրվեց հարեւան երկրի նախագահի պաշտոնում: Եվ նորիցՙ կարո՞ղ էր արդյոք Իլհամ Ալիեւը պարտվել այդ ընտրություններում, իհարկե կարող էր, բայց դա կնշանակեր, որ Ադրբեջանում ընտրությունները «վախի եւ ապատիայի մթնոլորտում» չէին անցնի եւ կարտահայտեին ադրբեջանցի հասարակության իրական կամարտահայտությունը: Իսկ կարո՞ղ էր արդյոք Իլհամ Ալիեւն առհասարակ չմասնակցել երկրի նախագահական ընտրություններին, անշուշտ կարող էր, բայց դա էլ կնշանակեր, որ Ադրբեջանի նախագահը հարգում է սեփական երկրի սահմանադրությունը (որով արգելվում էր միեւնույն անձին ավելին քան երկու անգամ անընդմեջ ընտվել նախագահի պաշտոնում), ոչ թե ըստ ուզածի փոփոխության է ենթարկում այն:
Իլհամ Ալիեւի վերընտրությունը հարեւանի երկրի հենց այս առանձնահատկություններն է ցույց տալիս, գուցե այդ պատճառով էլ շատերն աշխարհում չգիտեն, թե ի՞նչ խոսքերով շնորհավորեն Ալիեւին կամ շնորհավորե՞ն արդյոք: