Հոկտեմբերի 9-ից Հայաստանում եւ Արցախում մեկնարկել են Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության օրերը` բավական խիտ ծրագրով, ավանդական դարձաձ ստեղծագործական միությունների հետ կազմակերպած ամենամյա մրցույթների ամփոփումով: Երեկ ՌՀՄ եւ ՀՀԿ նախագահ Արա Աբրահամյանն այդ համատեքստում Գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում հանդիպեց լրագրողների հետ եւ, իհարկե, չմնաց օրվա թեմայի շրջանակում` պատասխանելով նաեւ այլ հարցերի:
Ներկայացնելով ՌՀՄ արածն ու անելիքը` Ա. Աբրահամյանը նշեց, որ Ռուսաստանի հայերի միությունը Ռուսաստանի 76 ռեգիոնում (640 քաղաքում) ունի մասնաճյուղ, այսօր ամենատարածված հասարակական եւ ազգային կազմակերպություններից մեկն է, մասնակցում է ազգային- հասարակական բոլոր խնդիրներին` սկսած օրենսդրական քննարկումներից, վերջացրած հասարակական կազմակերպությունների միջոցառումներով: Ըստ նրա` կառույցի աշխատանքը Ռուսաստանի իշխանություններն ու ՌԴ նախագահը նույնպես բարձր են գնահատում: Նոյեմբերի 4-ին Ռուսաստանում տոն է` Համերաշխության օրը. ՌՀՄ-ն 9-րդ տարին էՙ իր վրա է վերցրել տոնի կազմակերպումը Կրեմլում.«Դա շատ կարեւոր իրադարձություն է եւ շատ կարեւոր վստահություն, ապացույց այն բանի, որ ՌՀՄ-ն Ռուսաստանի կառավարության տարբեր կառույցների հետ արդյունավետ է համագործակցում»: Դե իսկ ավանդաբար ՌՀՄ-ն զբաղվում է հայապահպանությամբ, հայկական խնդիրների լոբբիզմով, նաեւ` Հայաստանից գնացած մարդկանց ադապտացիայով (տարբեր ռեգիոններում տարբեր խնդիրներ են հայերն ունենում):
ՌՀՄ-ն շատ է կարեւորում երիտասարդության խնդիրները` համախմբելու համար հայ երիտասարդությանը: Ապա եւ այլ ազգերի ներկայացուցիչների հետ համառուսաստանյան կլոր սեղաններ, միջոցառումներ է կազմակերպում ՌՀՄ-ն`տարբեր ազգերի ռուսաստանյան միությունների համախմբողի դերը կատարելով:
Անցնելով օրվա թեմային` Ա. Աբրահամյանը նշեց, թե 14-րդ տարին էՙ անցկացվում են ՌՀՄ-ի եւ ՀՀԿ-ի ավանդական օրերը Հայաստանում: Այդ օրերին ամփոփվում է ողջ տարին արած աշխատանքը: Զույգ կազմակերպություններն ունեն իրենց կառույցները Հայաստանում եւ Արցախում եւ տարվա ընթացքում Հայաստանի բոլոր ստեղծագործական միավորումների հետ անցկացնում են մրցույթներ: Նրա խոսքով` ամեն տարվա հետ այդ մրցույթների հեղինակությունը եւ մասնակցողների թիվն աճում են: Նա տպավորված էր մեկ օր առաջ բացված Նկարիչների միության մրցութային ցուցահանդեսով, երբ մոտ 300 հարյուր նկարիչ Հայաստանից եւ սփյուռքից գործեր են ներկայացրել: Հատկապես նրան ուրախացրել էր սփյուռքի նկարիչների մասնակցությունը` մի քանի տասնյակ նկարիչ սփյուռքից էր մասնակցել: Նկարիչների, գրողների, ժուռնալիստների, կոմպոզիտորների միությունների, դպրոցի, բուհերի, Ազգային ակադեմիայի հետ այս համագործակցությունը նա արդյունավետ է համարում: Բավականին մեծ աշխատանք է կատարվում սփյուռքի նախարարության հետ. «Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել տիկին Հրանուշ Հակոբյանին, հինգ տարի միասին ամենաքիչը 10-15 տարբեր միջոցառումներ ենք անցկացրել», ասաց Ա. Աբրահամյանը:
Ի դեպ` նախորդ օրը ՌՀՄ խորհրդակցությունը վերաբերել է կառույցի հետագա ռազմավարությանը մի շարք ուղղություններով. ինչպիսի՞ ջանքեր գործադրել` ամրապնդելու մարդկանց հավատն առ երկիր եւ իշխանություն, ինչպե՞ս պահպանել հայկական արժեհամակարգն ու բարոյական արժեքները, երիտասարդությանը հասցեագրված հատկապես ի՞նչ ծրագրեր իրականացնել: Վերջինս պետք է հատկապես սփյուռքի նախարարության հետ ճշտվի: ՌՀՄ-ն քաղաքապետարանի հետ համատեղ իրականացնելու է «Մաքուր Երեւան» ծրագիրը, որը Տարոն Մարգարյանի հավանությանն է արժանացել. «Խնդիրները գիտենք, գիտենք` որտեղի՞ց ենք սկսելու եւ վերջացնելու: Մանակցելու են երիտասարդներն ու ուսանողները, որոնք, ասենք, սոցիալական խնդիրներ ունեն: Թեեւ հասարակական աշխատանք է, բայց միեւնույն է` պետք է վճարվի»:
Լրագրողների հարցերին պատասխանելիս ՌՀՄ նախագահը կարեւորեց մոտեցող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին իր ղեկավարած կառույցների կազմակերպելիք միջոցառումները: Նախ` եկող տարի բոլոր ստեղծագործական միությունների մրցույթները Հայաստանում լինելու են այս թեմայով: Մեծ ծրագրեր կան սփյուռքի նախարարության, գիտության եւ կրթության նախարարության, մշակույթի նախարարության հետ: Իսկ Ռուսաստանում ՌՀՄ-ն ստեղծել է հատուկ կազմկոմիտեներ, միավորելով Ռուսաստանում գտնվող եւ ցեղասպանության խնդրով զբաղվող բոլոր հասարակական կազմակերպություններին, քանի որ սա համահայկական խնդիր է:
Անձամբ Ա. Աբրահամյանին ուղղված հայաստանյան ներդրումների եւ նրան պատկանող «Մանկական աշխարհ» նախկին խանութի շենքի նորոգման մասին հարցին պատասխանելով` գործարարն ասաց, թե բիզնեսում միշտ վերելքներ ու վայրէջքներ են լինում: Այո, դրամական խնդիրներ կային, նաեւ` Երեւանում ինչ-որ չլուծված հարցեր, սակայն հիմա խնդիրները վերացել են. «Ես ինքս թերթերից եմ առաջինն իմացել, թե իմ գործերը ոնց են… Կարող եմ միայն ասել, որ իմ գործերը շատ լավ են, ոչ մի խնդիր չունեմ. Լիբիայի հետ կապված խնդիր է եղել, բավականին մեծ գումար` 4,7 մլրդ դոլարի ներդրում էինք արել, խնդիրը հիմա լուծվում է: Գիտեք, վիճակն այնպես է, որ մեզ բոլորիս կայունություն է պետք: Այսօր մենք արդեն սկսել ենք Հյուսիսային պողոտայի կառույցը` 165 հազար քմ, 120 մլն ամերիկյան դոլարից ավելի ներդրում ենք կատարել, 60-100 մլն դոլար էլ պետք է կատարենք, որպեսզի այդ կառույցը վերջացնենք: Աշխատանքները վերսկսվել են, ոչ մի խնդիր չկա, ինձ թվում է` մյուս տարի մենք բոլորս ներկա կլինենք ողջ համալիրի բացմանը», ասաց նա` հավելելով, որ խոսքը Հյուսիսային պողոտայի հինգ շենքի եւ «Մանկական աշխարհ» նախկին խանութի մասին է, ու որ` պետք է երեխաներին վերադարձնել այն, ինչ իրենցն է:
Պատասխանելով «Ազգի» հարցին, թե ժամանակին եւ հիմա ի՞նչ է արվել Պոդոլսկի դժբախտ պատահարի մեղավոր Հրաչյա Հարությունյանի հետ կապված, Արա Աբրահամյանն անկեղծացավ եւ մի քիչ նեղսրտեց լրատվամիջոցներից. «Այնպիսի տպավորություն էր, որ այդ «Կամազի» վարորդն էլ էի ես, խալաթ հագցնողն էլ էի ես: Իրոք շատ ցավալի դեպք էր, շաբաթ օր էր թեեւ, բայց ես առաջին օրից մասնակցեցի: Շատ ծանր դեպք էր, եւ մենք պետք է լինեինք շատ զգույշ: Ռուսաստանում 14 տարի ազգային -հասարակական խնդիրներով եմ զբաղվում եւ գիտեմ, որ մի թեթեւ խնդիր ու կայծ է պետք, որպեսզի լարվածությունն անկառավարելի դառնա: Մանավանդ ես կարող եմ ասել, որ հիմա Ռուսաստանում մի քիչ ագրեսիան ավելացել է: Չգիտեմ ինչից է, գուցե` տնտեսական խնդիրներից է, հետո կան մարդիկ, որոնք կուզենային, որ հայերի միությունն արժեզրկվեր: Մի մոռացեք, որ մենք ունենք շատ չուզողներ` ադրբեջանցիներ ու թուրքեր, նրանց բարեկամ ժողովուրդների ներկայացուցիչներ, որոնք սպասում են, որ մեզ հարվածեն, հավատացեք` դա է: Մենք մեծ աշխատանք ենք տանում, որպեսզի թուլացնենք լարվածությունը, պահպանենք մեր դիրքը, օրինակ` այս տարի հանդիպեցինք ինտելիգենցիայի քսան հայ եւ քսան ադրբեջանցի ներկայացուցիչների հետ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահին, ով մեծ ուշադրություն է դարձնում այդ խնդիրներին, եւ իրոք աջակցում է լարվածության թուլացմանը: Մենք թույլ չտվեցինք, որ այդ դեպքը էմոցիայի տակ վատ վերջավորություն ունենար: Հանդիպեցինք բոլորի հետ, օգնություն ցույց տվեցինք, բացատրեցինք, որ սա կարող էր ամեն մեկի հետ պատահել, եւ խնդիրը լրիվ այլ դաշտ գնաց` որ վարորդը կարող էր լինել ամեն ոք կամ ամեն ազգից: Եթե հիշում եք` Ռուսաստանի գլխավոր հեռուստաալիքներից երկուսում հաղորդում կազմակերպվեց, դա բնավ հեշտ չէ: Եթե փորձեմ այստեղ հաղորդում կազմակերպել` ինձ չի թվում, որ ես կարող եմ, բայց այնտեղ ես իրոք դա արեցի: Բացատրեցի, որ դա մեզ պետք է, եւ մեր երկրին է պետք: Իսկ անձամբ Հրաչյա Հարությունյանին առաջին օրվանից օգնություն ենք ցույց տվել` դստերն ու ընտանիքին` գումարային: Առաջին օրվանից գիտեինք` ով է, եւ ինչ է տեղի ունեցել: Ռուսաստանը պետություն է, այնտեղ օրենքները գործում են, իհարկե` ամեն ինչ այնպես իդեալական չէ, որ մենք կուզենայինք: Կուզեինք, որ առաջին օրը մեզ թողնեին ու շորեր տանեինք Հարությունյանին, մեծ աշխատանք կատարեց դեսպանությունը, դեսպանը: Բայց 72 ժամ քննիչն իրավունք ունի մարդ չթողնելու: Խալաթից ավելի կարեւոր խնդիրներ կային, մենք չեղած տեղը աղմուկ ենք բարձրացնում: Այ հիմա կարեւոր խնդիր է օգնել Հարությունյանին. բա ո՞ւր են թղթակիցներն ու ցուցարարները, բա ինչո՞ւ օգնություն ցույց չեն տալիս երեխաներին ու ընտանիքին` նրանք խնդիրներ ունեն: Այսօր Ռուսաստանի ամենալավ իրավաբաններն են զբաղվում Հարությունյանի գործով: Եթե գումարով ասեմ` դուք կզարմանաքՙ որքան մեծ գումարներ արժեն այդ ծառայությունները: Մեկ փաստաբանը ստանում է տասնյակ հազար դոլարներ, վճարում եմ ես ինքս: Մենք բոլորս պետք է մի քիչ համբերություն ունենանք: Սենսացիա անե՞լ Աբրահամյանի թեմայով` ես ինձ վրա չեմ վերցնի, որքան կուզեք` դուք գրեք: Ես գիտեմ` ով եմ, ինչ եմ անում եւ ինչի համար եմ անում, դուք չգիտեք` ես գիտեմ: Օգնել եմ առաջին օրվանից, եւ հիմա, որ դուք այդ թեմայով այլեւս չեք գրում` շարունակում եմ դա անել», ասաց նա` հավելելով, որ, ցավոք, Հարությունյանի գործում մեծ խնդիրներ կան, հիմա, երբ զննել են մեքենան, պարզվել էՙ արգելակներն աշխատել են: Հիմա ուզում են փոխել քննիչին, քանի որ Ա. Աբրահամյանի կարծիքով այդ քննիչը մի քիչ օբյեկտիվ չէ, չի իրականացրել այն փորձաքննությունները, որոնք այսօր Հարությունյանի փաստաբանն է պահանջում. «Այնպես որ ամեն ինչ մեր հսկողության տակ է, մենք մասնակցեցինք տուժածների հետ բանակցություններին, բոլորի հետ խոսեցինք, բոլորին բացատրեցինք, ով օգնության կարիք ուներ` նրան օգնություն եմ ցույց տվել, որպես Ռուսաստանի քաղաքացի»:
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մտադրությանը Ա. Աբրահամյանը դրական է վերաբերվում. «Մենք բոլորս իրար մեղադրելու ագրեսիվ դաշտից պետք է անցնենք համագործակցության դաշտ: Ժամանակ ունենք, ոչ մի բան տեղի չի ունեցել, երկու նախագահները տեսակետ են հայտնել, որ կարող են մտնել այդ դաշտ: Հիմա պետք է նստենք- որոշենք, եթե մտնում ենք այդ դաշտ` ի՞նչ է տալիս դա մեզ: Որպես հայ մարդ եւ Ռուսաստանի քաղաքացի` շատ դրական եմ նայում եւ կարող եմ մեծ գնահատական տալ եւ Հայաստանի հանրապետության իշխանություններին: Դուք (լրագրողները-Մ.Խ.), որ այդպես աղմուկ բարձրացրեցիք, հո հենց հիմա չեղա՞վ, երեք տարի աշխատել են Եվրասիական ուղղությամբ, հո նոր առաջ չեկա՞վ այդ հարցը: Այնքան խնդիրներ կան, որ պետք է դնել կշեռքին. եթե մի բան մեր ազգի շահերից դուրս է` չենք անի, եթե համապատասխանում է ազգի շահերին, կանենք, դա իշխանությունների որոշելիքն է, երկրի նախագահի գործը»:
Հարց հնչեց ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի տված հարցի վերաբերյալ: Ա. Աբրահամյանը բերեց իր օրինակը, որ տասնյակ տարիներով արտերկրում ապրելով` երբեք թույլ չի տվել իրեն մեր երկրի իշխանությունների վերաբերյալ որեւէ բացասական գնահատական հնչեցնել: Ոչ թե չի սիրում իր երկիրը, որ նրա համար շատ թանկ է, կամ էլ երկրում խնդիրներ չկան. ոչ, տարին չորս-հինգ անգամ լինելով Հայաստանում` նա խնդիրներն այստեղ է բարձրացնում. «Մենք իրավունք չունենք արժեզրկելու Հայաստանի նախագահի հեղինակությունը: Մարդիկ խոսում են իրենց չպատկերացրածի մասին», ասաց` նշելով, թե 70 միլիոնը շատ մեծ թիվ է եւ անհեթեթություն է այդ ասելը. «Ինձ չի թվում, որ մի հայ մարդ կարող է դրական գնահատական նշանակել տեղի ունեցածին եւ ասել, որ ճիշտ է այդ քայլը: Եթե դա լիներ մեր անվտանգության խնդիր կամ ստատուսի, ուրիշ բան: Այլ խնդիր կամ ասելիք չունե՞նք միջազգային կառույցներում, մարդ այդքան սահմանափակ չպետք է լինի», եզրափակեց նա:
Ի դեպ, մի հարցի պատասխանելով` Ա. Աբրահամյանը նշեց Ռուսաստանում այժմ արտագնա աշխատանքի մեկնած, ՀՀ քաղաքացի մնացած մարդկանց թիվը` չճշտված եւ մոտավոր տվյալներով նրանք 200-300 հազար են: