Երեկ Ազգային ժողովի նիստից առաջ արդեն ԱԺ կայքում տեղադրված էր միջազգային խորհրդարանական կազմակերպություններում պատվիրակությունների տեղերի բաշխման կարգի մասին ԱԺ նախագահի կարգադրությունը, ըստ որի ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգությանը» տեղ չէր հատկացված: Արդեն նիստի սկզբում այդ մասին բարձրաձայնող եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար դարձած Զարուհի Փոստանջյանի խոսքը մեծամասնությունից ծափահարեցին, իսկ երբ Փոստանջյանը այդ առթիվ ԱԺ նախագահին եւ նրա կուսակիցներին խոստացավ, թե նրանց առաջիկայում դժվարին օրեր են սպասվում, այս անգամ արդեն մեծամասնությունը ծիծաղում էր:
Փաստորեն` այժմ ՕԵԿ-ն է ներառված ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում, որն ավելի վաղ ներկայացված չէր ԵԽԽՎ-ում: Այդպիսով, ըստ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի մեկնաբանության` խորհրդարանի ողջ ներկապնակը ներկայացված չէր ու ճիշտ չէր, որ մեր խորհրդարանի մեծամասնությունն այդ պատվիրակությունում փոքրամասնություն էր: Այնպես որ` ըստ Դ. Հարությունյանի էլ` Հովիկ Աբրահամյանի այս որոշումը ճիշտ է: Դեռ առիթներ կլինեն այս որոշման անդրադարձները, դրական ու բացասական կողմերը քննարկելու, իսկ հիմա խորհրդարանում շատ կարեւոր օրենքի քննարկման մասին չենք կարող չպատմել:
Ուրեմն` երեկ շարունակվեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի քննարկումը, որն ի տարբերություն «Զբաղվածության մասին» օրենքի, պատգամավորների աշխուժությունն էր առաջացրել, քանի որ նրանց աշխատավարձերին եւս վերաբերում էր: Պատգամավորներից շատերը այնպես էին տարբեր կերպ շուռումուռ տալիս հարցերը, որ ի վերջո ստացվում էր նույն հարցը, թե ինչու պատգամավորները փոխնախարարին եւ մարզպետին հավասարեցված աշխատավարձ պետք է ստանան, բայց ոչ` նախարարին հավասար, ի՞նչ խաբար է: Անգամ ՀՀԿ-ից Սամվել Ֆարմանյանը աշխատավարձերի առումով տարբերակում էր դնում մեծամասնական ու համամասնական կարգով ընտրված պատգամավորների միջեւ, համարելով, որ համամասնականով ընտրված պատգամավորն ավելի ծանրաբեռնված է ու պատշաճ է կատարում իր պարտականությունները: Բոլորն էին առաջարկում օգնական ունենալու հարցն այս` միասնական աշխատավարձերի համակարգ առաջարկող նախագծով լուծել, ու շատ դեպքերում ԱԺ նախագահն էր միանում այդպիսի հարցեր տվող պատգամավորներին` պահելով կորպորատիվ համերաշխության թիկունքը:
Շատ քիչ պատգամավորների էր հետաքրքրում, թե որքա՞ն գումար է տանելու այս նոր, միասնական աշխատավարձային համակարգը բյուջեից, գների ինչպիսի՞ տատանման կարող է բերել: Նշենք, որ օրենքի ընդունման արդյունքում բյուջեից կպահանջվի 35 մլրդ դրամ, գների աճի վրա էլ, այո, պետական համակարգի աշխատավարձերի բարձրացումը ազդեցություն կունենա, թանկացումներ կլինեն: Թեեւ` Գաբրիելյանը հույս ուներ, որ եթե տնտեսությունը զարգանա, այս ազդեցությունն ավելի նվազ կլինի:
Ընդհանուր առմամբ` արժանապատիվ վարձատրություն սահմանող նախագծի ընդունմամբ` պետական համակարգը փորձ է արվում մրցունակ դարձնել մասնավոր համակարգի հետ, պրոֆեսիոնալներին պահել համակարգում եւ թույլ չտալ նրանց հոսքը մասնավոր սեկտոր եւ, գուցեեւ, կոռուպցիայի դեմն առնել: Չգիտենք` որքանով վերջինը հնարավոր կլինի, սակայն գործազրկության բարձր մակարդակ, աղքատության զգալի տոկոս ունեցող երկրում, աշխատատեղերի բացակայության եւ ցածր վարձատրության պատճառով վատ կենսամակարդակ ունեցող հանրության լայն շերտերին դժվար ընմբռնելի կլինի միջազգային ստանդարտներին համապատասխան գործադիր, դատական եւ օրենսդիր իշխանության աշխատավարձային այնպիսի ստանդարտները, որով պաշտոնյան տասնյակ անգամ ավելի է ստանալու սովորական եւ գոյատեւումը հազիվ հասցնող մարդուց, երբ կան շատ-շատերը, որոնք հազիվ էլ ստանում են եկող տարի սպասվելիք 66 հազար դրամ նվազագույն աշխատավարձը: Նրանց անհասկանալի կմնա, որ այդ նվազագույնի համեմատ` ըստ աշխատավարձերի նոր սանդղակի դրանից 10 անգամ ավելի է ստանալու Ազգային ժողովի պատգամավորը, փոխնախարարը` մոտ 9 անգամ, մարզպետը` 10 անգամ, Սահմանադրական դատարանի անդամը` մոտ 12 անգամ, ընդհանուր իրավասության դատարանի նախագահը` 12 անգամ, մինչդեռ կառավարությունում առաջին կարգի մասնագետի աշխատավարձը երկուսուկես գործակցով է միայն հաշվարկվելու:
Չնայած անգամ ընդդիմադիր պատգամավորն էր ասում, թե չի կարող նյութապես վատ ապահովված դատավորը ճիշտ որոշում ընդունել, իսկ պաշտոնյան` կաշառք չվերցնել, սակայն թույլ տվեք չհավատալ, որ այս օրենքի ընդունումից հետո մեր դատավորները սկսելու են միայն արդար որոշումներ կայացնել, քաղաքացիների հարցերով զբաղվող չինովնիկները` առանց շահի եւ քաշքշուկի` քաղաքացու խնդիրը կարգավորել: Եւ պաշտոնյաների դրույքաչափերը միջազգային համակարգերով կանոնակարգելուց առաջ` նախ հարկավոր էր քաղաքացու կյանքի միջին մակարդակ ապահովել: Բայց դե, ինչպես ասում են` արտը խախուտ, մահանա` կարկուտ: Այս օրենքն էլ կյանք կմտնի, մեր պաշտոնայներն արդեն եկող տարի նորմալ կվարձատրվեն: Տեսնենք դրանից հետո ի՞նչ մահանա են բռնելու հին աշխատաոճով աշխատելու դեպքում: