ՀԱՄԱՍ-ը երկու տարի գաղտնի ծրագրել է հարձակում Իսրայելի վրա, սակայն համոզել է, որ շահագրգռված չէ առճակատմամբ։
Մինչ Իսրայելը ենթադրում էր, որ կարողանում է զսպել պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը՝ Գազայի բնակիչներին առաջարկելով աշխատանք ավելի բարձր աշխատավարձով և տնտեսական կայունության մակարդակով, խմբավորման զինյալները ռազմական պատրաստություն են անց կացրել հաճախ հենց հանրության առաջ: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ՀԱՄԱՍ-ին մոտ կանգնած աղբյուրին, ինչպես նաև Իսրայելի անվտանգության գործակալությունների զրուցակիցներին։
«Համասը աննախադեպ հետախուզական մարտավարություն է կիրառել. վերջին ամիսներին նա մոլորության մեջ է գցել Իսրայելին՝ տպավորություն ստեղծելով, որ չի ծրագրում առճակատման գնալ Իսրայելի հետ՝ միաժամանակ պատրաստվելով լայնածավալ գործողության», – Reuters-ին ասել է աղբյուրը։
ՀԱՄԱՍ-ին մոտ կանգնած գործակալության զրուցակիցը նշել է, որ գրոհայինները Գազայի հատվածում կառուցել են իսրայելական բնակավայրի մոդել, որտեղ նրանք ռազմական վայրէջքներ, գրոհներ և նկարահանումներ են անցկացրել։ Միևնույն ժամանակ նա ասաց. «Իսրայելը տեսել է նրանց», բայց համոզված էր, որ խմբավորումը շահագրգռված չէ առճակատմամբ:
Reuters-ի աղբյուրը նաև նշել է, որ ՀԱՄԱՍ-ի ծրագրի կարևոր մասն էր ինֆորմացիոն արտահոսք թույլ չտալ, և շարժման շատ անդամներ չգիտեին, թե կոնկրետ ինչ նպատակով են անցնում զորավարժությունները:
Իսրայելի անվտանգության աղբյուրը գործակալության հետ զրույցում խոստովանել է, որ ՀԱՄԱՍ-ը խաբել է իսրայելական հետախուզությանը։
«Մենք կարծում էինք, որ այն փաստը, որ նրանք գալիս են աշխատանքի և գումարով վերադառնում Գազա, որոշակի հանգստություն կստեղծի: Մենք սխալվեցինք»,- հրատարակությանը ասել է իսրայելական բանակի ներկայացուցիչը: