Սեպտեմբերի 19-ի երկօրյա պատերազմը, կարելի է ասել, Ստեփանակերտի խաղաղ բնակչության քթի տակ է տեղի ունեցել: Մարդիկ պատմում են, որ նկուղներում անգամ պատսպարվելուց հետո տպավորություն են ունեցել, թե հակառակորդի զենքերն անմիջապես իրենց կողքին են պայթում կամ կրակում: Դրան հաջորդած ոչ պակաս ողբերգական իրադարձությունները՝ պահեստավորած բենզինի պայթյունն ու գաղթի դժոխային ճանապարհը, մեր հայրենակիցների վրա հոգեբանական ծանր ազդեցություն է թողել: Մարդկային կորստից զատ՝ տարիներով տունուտեղ դրած արցախցիները հազարամյա հայրենիքից դուրս են եկել ընդամենը մի քանի ճամպրուկով, պայուսակով, պարկով…
«Հոգեբանական աջակացությունից առաջ Արցախից բռնի տեղահավածներին պետք են անվտանգ միջավայր ու գոյության, ապրելու համար պայմաններ»,- անդրադառնալով էթնիկ զտման զոհ դարձած մեր հայրենակիցների հոգեբանական վիճակին եւ ապրումներին՝ ասում է ԵՊՀ Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դասախոս Լաուրա Պետրոսյանը:
Հոգեբանը նշում է՝ տեղահանված մարդիկ, այսպես ասած, դեռ տաք են, դեպքերն ու կատարվածը գուցե ոչ ամբողջական են ընկալում, գիտակցում եւ ապրում: Երբ արդեն փոքր-ինչ հանգիստ կլինեն, մտածելու եւ իրադարձությունները վերլուծելու, «մարսելու» ժամանակ կունենան, հոգեբանական ընկճվածությունը զգացնել կտա: Պետրոսյանը մարդկանց հետ աշխատելու տարիների փորձով գիտի՝ սթրեսն ու վիշտը մարդն ընկալում, այնուհետեւ դրա հետեւանքները զգում է կատարվածից որոշ ժամանակ անց միայն: Բացատրում է՝ մինչեւ այդ օրգանիզմն ինքնուրույուն՝ առանց որեւէ «մեկի» օգնության, մարդուն պաշտպանում է հոգեգրոհ ալիքներից: «Բայց երբ արդեն մարդը որոշակի «կոմֆորտ» գոտում է գտնվում, ժամանակ ու սիրտ ունենում հիշել, մտածել, վերլուծել իր հետ կատարվածի մասին, սթրեսն ու հարակից հետեւանքները գրոհում են նրան: Հենց այդ ժամանակ է, որ հոգեբաններն անելիք ունեն: Մինչեւ այդ, կրկնում եմ, պետք է այնպիսի պայմաններ ստեղծեն, որ այս մարդիկ՝ տեղահանվածները, անվտանգության զգացում ունենան, իմանան՝ պաշտպանված են ու չմտածեն կեցության, դեռ չասած՝ տարրական պայմանների մասին: Մարդիկ այժմ կարող են առհասարակ չգիտակցել իրավիճակն ու փախչել իրականությունից: Կարող են այնպիսի պահանջներ ներկայացնել, որ ոչ մասնագետներին՝ շրջապատին, կարող է թվալ, թե տունուտեղ կորցրած, մազապուրծ մարդն ինչի՞ հետեւից է ընկել: Բայց դա հոգեբանական պաշտպանական մեխանիզմներից է: Հնարավոր են նաեւ դեպքեր, երբ ողբերգական դեպքերի ականատես մարդիկ որեւէ կերպ չընկալեն ու չընդունեն իրականությունը: Այսինքն՝ ծանր, ողբերգական իրադարձություններից հետո մարդ կարող է ժպտալ, դիմացինին էլ թվա՝ ամեն բան լավ է: Իրականում ամեն բան այնքան վատ է, ծայրահեղ վատ, որ մարդ պարզապես չի ընդունում, մերժում է իրականությունը»,- մեկնաբանում է մեր զրուցակիցը:
Պետրոսյանը հորդորում է չդատափետել ադրբեջանական լրատվամիջոցների շուրջկալում հայտնված ու զենքի ոչ անմիջական, բայց իրական սպառնալիքի տակ հարցազրույց տված մեր հայրենակիցներին. «Մարդու ասածն ու իրական հոգեվիճակը հնարավոր չէ վերլուծել տեսախցիկի փոխանցած անկյանք կադրի կամ խոսքի միջոցով: Հետեւաբար չգիտենք՝ մարդ ինչ-որ բան ասելիս՝ ինչ հոգեվիճակում է գտնվել»:
Հոգեբանի խոսքով՝ ոչ միայն արցախահայությունն, այլ հասարակությունը մեծամասամբ (անգամ Արցախում կատարվածի կամ գաղթի ճանապարհի ականատեսը չլինելով) սթրեսի է ենթարկվել, ու ապրումները, հոգեբանական հյուծվածությունը հաղթահարելու համար ոչ թե օրեր ու ամիսներ, այլ տարիներ կպահանջվեն:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ