Թուրքական չդադարող ագրեսիայի հետեւանքում Արցախի կորուստները ահռելի են՝ զոհեր, հաշմանդամներ, գույքի կորուստ, ապագայի կորուստ, ընտանիքի կորուստ, հայրենիքի կորուստ, տնտեսական կորուստներ: Կորուստների շարքը, չափերը, ընդգրկումը սարսափելի են, եւ թվում է, թե մղձավանջի անեծք է իջել մեր հայրենիքի սուրբ երկրամասի վրա: Այո իրականում Արցախի հողը քրիստոնեայ աշխարհի սուրբ մասունքներով նվիրագործված զետեղարան է, մեր Տիրոջ առաքյալների, յուրանց աշակերտների ոտնահետքերով սրբացած հող, որը տիեզերական նշանակություն ունի առհասարակ քրիստոնեական հավատքի համար: Համաձայն հայ պատմիչների վկայությունների, Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին: Եկեղեցու արեւելյան կողմում է թաղված Աղվանքում քրիստոնեություն տարածելուն ուղղված իր առաքելության ընթացքում 338-ին նահատակված որդի Գրիգորիսը: 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացում է Արցախի առաջին դպրոցը:
Դառնանք հիմա Գանձասարին:
Ըստ պատմական փաստերի՝ Գանձասարում են ամփոփված Հովհաննես Մկրտչի գլուխը, Հովհաննես Մկրտչի հոր՝ Զաքարիայի արյունը, Գրիգոր Լուսավորչի «Օրէնուսոյց սուրբ ծնոտը», Լուսավորչի թոռ Գրիգորիսի, սուրբ Պանտալեոն բժշկի եւ այլ նահատակների նշխարները: Այստեղ է ամփոփված Արղուն զավթիչի կողմից գերի վերցված Հասան Ջալալ իշխանը, որը հավատափոխ չի լինում, որի համար 1261 թվականին Արղունի դահիճներն «անդամ առ անդամ հոշոտեցին նրան»: Ըստ ավանդության` Հասան Ջալալ Դոլայի մարմնի վրա լույս է իջնում, եւ մի պարսիկ, տեսնելով այդ, հավատում է, որ նա սուրբ է, հավաքում է մարմնի մասերը եւ պահում մի ցամաք ջրհորի մեջ: Հասան Ջալալի Աթաբեկ-Իվանե որդին նահատակված հոր մասունքները հետագայում բերում է հայրենիք եւ ամփոփում մոր՝ Մամքանի՝ արդեն կառուցած վանքի գավթում: Առ այսօր Ջալալ Մեծի տապանաքարը գտնվում է վանքի գավթում:
Դառնանք Դադիվանքին: Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադեւոսի հետեւորդ Դադեի կողմից 1-ին դարում: Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում՝ 2007 թվականի հուլիսի 21-ին, վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները: Պատկերացնո՞ւմ եք հոգեւոր, սուրբ նշխարների, եկեղեցիների, մատուռների կորուստների չափը, ծավալը:
Հարցը հռետորական չէ: Ինչո՞ւ է լռում Հայոց առաքելական եկեղեցու հայրապետը, ինչո՞ւ չի դիմում համաշխարհային կրոնական առաջնորդներին: Վերջապես, կործանվում, կորսվում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու Արցախի թեմը: Ինչո՞ւ է լռում Հովվապետը, որը պարտավոր է ամբողջ աշխարհին պատմել վտանգի, աղետի մասին, խնդրել, պահանջել քրիստոնեայ ղեկավարների, առաջնորդների միջամտությունը, հարուցել աշխարհի քրիստոնյաների զայրույթը, խրախուսել կրոնական օժանդակությունը: Հավատացեք, որ քրիստոնեությունը թույլ չէ, անզոր չէ ե՛ւ առերեւույթ, ե՛ւ ստվերային ահռելի ազդեցություն ունի արդի աշխարհում:
Հավատացեք, որ հարյուրավոր քրիստոնյաներ աշխարհի հեռուներից կօգնեն, կգան հզոր ուժով ու խոսքով, որովհետեւ դա յուրաքանչյուր քրիստոնյայի ընդունելի պարտքն է, կրոնական խրախույսը: Արդյոք հայոց Վեհափառը կգնա խիզախ քայլերի, կհանդգնի դիմելու մեր հավատալիքներին, կմերժի համր ձեւանալու մշտական հնարքը: Կարո՞ղ է նա վերջապես չերկնչել, կուլ չգնալ հայոց բախտը անիծող շրջմոլիկի սատանայութնուններին: Հարցեր են սրանք, որ պտտվում են քրիստոնյա ամեն հայի մտքում: Եվ ահա եկել է պատասխանը այդ հարցերի:
Մայր աթոռի Գերագույն հոգեւոր խորհուրդը հետաձգել է Մյուռոնօրհնեքը եւ հոկտեմբերի 1-ը հայտարարել Արցախի համար համազգային աղոթքի օր:
Ամեն ինչից երկյուղած եկեղեցու Հովվապետին կարելի հիշեցնել աշխարհը նվաճող մարդակեր դահիճների դեմ ծառացան, հաճախ դրա հետեւանքով իրենց երկրային կյանքը կորցրած հայոց կրոնապետերի մասին, որոնք քրիստոնեական հավատքի զինվորներն էին Ասիա-Եվրոպա այս խաչմերուկում, որոնք քրիստոնեության ժամապահներն էին դեպի Եվրոպա ձգտող հրոսակների ճանապարհներին:
Մյուռոնօրհնեքը հետաձգելը, սրբամուխ Գեղարդը թաքցնելը արդարացնողներին հիշեցնեմ, որ 1941 թվականի ձմռանը աթեիստ Ստալինը կարգադրեց օդանավով զորքերի վրա սավառնել Կազանի աստվածամոր հրաշագործ սրբապատկերը, եւ միայն դրանից հետո խորհրդային բանակները տոնեցին առաջին խոշոր հաղթանակը: Մի երկնչիր, Վեհափառ Տեր:
ՀՐԱՅՐ ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ