Երբ միջին կենսաթոշակը մեր երկրում 30 հազար դրամ է
Կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը փաստեց, որ Հայաստանում կան մի խումբ թոշակառուներ, որոնք ստանում են «չափազանց բարձր թոշակՙ 1 մլն դրամ եւ ավելի»: Թեեւ նա նշեց, որ սա մշտապես առաջացնում է սոցիալական խնդիրներ, «բողոքներ ենք ստանում, երբ միեւնույն պատուհանից մեկն ստանում է 35 հազար դրամ թոշակ, մյուսը` 1 մլն դրամ», բայց միեւնույն ժամանակ հայտարարեց, որ «բարձր թոշակ ունեցողների աճի տեմպը լինելու է ավելի ցածր, իսկ ցածր թոշակ ստացողների աճի տեմպը`ավելի բարձր»: Այսինքն, անգամ այս դեպքում նրանց թոշակը դեռ աճելո՞ւ է:
Ընդհանրապես, թե ինչո՞ւ են Հայաստանում «մի խումբ» մարդիկ մի ամբողջ կարողության չափ թոշակ ստանում, երբ հարյուրհազարավոր թոշակառուներ ստանում են տասնյակ, շեշտում ենք` տասնյակ անգամ ցածր կենսաթոշակ, երբ միջին կենսաթոշակը Հայաստանում 30 հազար դրամ է, պարզապես անհասկանալի է: Ովքե՞ր են այդ մի խումբ թոշակառուները, քանի՞սն են նրանք, ի՞նչ գումար է վճարվում պետական բյուջեից «վերին արտի ցորեն» թոշակառուների համար, ինչո՞ւ նրանք, ի տարբերություն մյուսների, այդքան թոշակ պետք է ստանան, եւ ինչո՞ւ այդ թոշակները դեռ պետք է աճեն, թեկուզ «ավելի ցածր» տեմպով:
Առիթ ունեցել ենք գրելու դատավորների մի քանի հարյուր հազար դրամ կազմող աշխատավարձերի անհեթեթության մասին, որը դարձյալ տասնյակ անգամներով գերազանցում է Հայաստանի միջին աշխատավարձի չափը: Աշխատավարձերի նոր սանդղակը կոչված է կարգավորելու այս հարցը, սակայն արտոնյալ կենսաթոշակառուների խնդիրը շարունակում է խիստ բացասական մթնոլորտ ստեղծել, որն ի չիք է դարձնում սոցիալական իրավիճակի բարելավման ուղղությամբ իշխանությունների քայլերի դրական ազդեցությունը:
Մարդիկ պարզապես չեն հասկանում, թե ինչո՞ւ իրենք 40 տարի կարող են աշխատել քիմիական գործարանում, վտանգելով առողջությունը, ստեղծել նյութական արժեքներ, կամ լինել զինվորական եւ պաշտպանել հայրենիքը` վտանգելով կյանքը, կամ վաստակաշատ մանկավարժ լինելով` սերունդներ դաստիարակել ու կրթել, սակայն ստանալ 30 հազար դրամ թոշակ, իսկ իրենց կողքին մի խումբ մարդիկ` 1 մլն դրամ թոշակ:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, ի պատասախան մեր վերոնշյալ հարցերի, մեզ տրամադրեց պարզաբանումներ, որոնք բավականին հետաքրքրական են:
Նախկին նախագահները եւ… կրկին դատավորներն ու դատախազները
Նախարարության պատասխանից տեղեկացանք, որ բարձր թոշակ ստացող վերին «կաստայի» մեջ ընդգրկված են ՀՀ նախկին նախագահները եւ, ինչպես աշխատավարձերի դեպքում էր, դարձյալ մեր «անկաշառ» դատավորներն ու դատախազները, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանը (դեռեւս չունենք թոշակ ստացող նախկին ՄԻՊ), նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի եւ դատավորների պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում` նրանց ընտանիքի անդամները: Նախկին նախագահների պարագայում գուցե ինչ-որ կերպ կարելի է արդարացնել նման մոտեցումը: Ի վերջո, լավ թե վատ, երկիր են ղեկավարել, ընդունված է աշխարհում եւ այլն, բայց մյուսնե՞րը կամ նրանց ընտանիքի անդամնե՞րը …
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նաեւ պարզաբանել է, թե այս «առաջին սորտի» մարդիկ ինչու են արժանանում նման վերաբերմունքի պետության կողմից: Ըստ պարզաբանմանՙ դա կապված է նրանց կողմից «այլ վճարովի աշխատանք կատարելու սահմանափակումերի առկայության, հայեցողական լիազորություններ իրականացնելու ծավալների, կայացված որոշումների հնարավոր հետեւանքների հաշվառմամբ», ինչպես նաեւ «որպես սոցիալական երաշխիքներ, հանդիսանում են առանձին ինստիտուտների կայացմանը (առանձին պաշտոնատար անձանց անկախությունը ապահովելուն) նպաստող գործոններ»: Ավելի պարզ ասած, այդ մարդիկ օրենքով իրավունք չունեն կատարելու այլ վճարովի աշխատանք: Երեւի սա մեր դատարանների եւ դատախազների աշխատանքի մասին լավատեղյալ ընթերցողների քմծիծաղը կառաջացնի:
Ավելին, պարզվում է, որ նրանք նման թոշակ ստանում են նաեւ իրենց աշխատանքի ծավալների համար, եւ որպեսզի նրանք ավելի անկախ լինեն եւ կայացնեն արդար որոշումներ: Մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ ստացող նման մի «անկախ» դատավոր էլ մեր թերթի դեմ վճիռ կայացրեց, առանց իրեն նեղություն տալու ճշտելու թերթի իրավաբանական հասցեն, հետեւաբար եւ առանց մեզ տեղեկացնելու եւ մեր մասնակցության: Ցայտուն օրինակ, թե որքանով է բարձր աշխատավարձ ստանալը նպաստում նրանց անկախությանը եւ «որոշումների հնարավոր հետեւանքներին»: Հենց այդ նույն դատավորն էլ ապագայում կստանա մի քանի հարյուր հազար դրամ կենսաթոշակ, ինչպես եւ նրա նման աշխատող մյուս բոլոր դատավորները: Ուղղակի չգիտես ուրիշ ինչ ձեւով հարցնել` ախր ինչի՞ համար…
Նրանք 373-ն են եւ միասին ամսական ստանում են 145 մլն դրամ
Այսպիսով, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն, Հայաստանում ոչ մի կերպ չարդարացված բարձր կենսաթոշակ ստացողները 373-ն են:
1) 300000 դրամից պակասՙ 96 անձ
2) 300000-400000 դրամՙ 120 անձ,
3) 400000-500000 դրամՙ 70 անձ,
4) 500000-600000 դրամՙ 70 անձ,
5) 600000-700000 դրամՙ 15 անձ
6) 900000-1000000 դրամՙ 1 անձ,
7) 1000000 դրամից ավելիՙ 1 անձ:
Այս կատեգորիային վճարվող կենսաթոշակի ամսական գումարի չափը կազմում է.
1) ՀՀ նախկին նախագահների համարՙ 640 հազար դրամ,
2) ՀՀ դատավորների համարՙ 23,8 մլն դրամ,
3) ՀՀ Սահմանադրական դատարանի անդամների համարՙ 1,5 մլն դրամ
4) ՀՀ դատախազների համարՙ 115,9 մլն դրամ,
5) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի համարՙ 0 դրամ:
6) Առանձին կատեգորիայի պաշտոնատար անձանց (նրանց ընտանիքների անդամների) համարՙ 3,3 մլն դրամ,
7) Ընդամենըՙ 145,4 մլն դրամ
Հետաքրքրականն այն է նաեւ, որ ՀՀ նախկին նախագահները այս կենսաթոշակառուների ցանկում ամենացածրն են ստանում` 320-հազարական դրամ: Այսպիսով, ամսական պետական բյուջեից վերոնշյալ 373 անձիք ստանում են մոտ 145 մլն դրամ: Տարեկան նրանց համար հատկացվող կենսաթոշակի գումարը կկազմի մոտ 1 մլրդ 744 մլն դոլար: Սա 1,1 տրլն պետական բյուջեի համեմատ գուցե մեծ գումար չէ, բայց այնքանով է մեծ, որ դրանով հնարավոր կլինի առնվազն 2 բազմաբնակարան շենք կառուցել 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների համար եւ այդ մարդկանց փրկել ամեն օր փլատակների տակ մնալու վախից ու կենցաղային անտանելի պայմաններից:
Անգամ թույլ մխիթարանք չէ
Չնայած վարչապետը հայտարարել էր, որ այս մարդկանց կենսաթոշակների աճն ավելի ցածր է լինելու, բայց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մեզ տրամադրած պատասխանում գրել է.«2014 թվականին այս կատեգորիայի անձանց կենսաթոշակի չափի աճ չի նախատեսվում»: Այդ դեպքում ինչո՞ւ էր վարչապետը խոսում նրանց կենսաթոշակի ցածր տեմպով ավելացման մասին, անհասկանալի մնաց, իսկ որ այդ կենսաթոշակները չեն բարձրանալու այս տարի, դա անգամ թույլ մխիթարանք չի կարող համարվել: Ի վերջո, նման աղաղակող անարդարությունը եւ երկակի ստանդարտների կիրառումը մեր կենսաթոշակառուների նկատմամբ պարզապես ամոթալի է: Կառավարությունը պարտավոր է վերացնել կենսաթոշակառուների արհեստական եւ չհիմնավորված բաժանումը` արտոնյալների մի խմբի եւ մնացած 450 հազարի: