Այս սենսացիոն հայտարարությունը վրացական ru.saqinfo.ge-ի միջոցով տարածել է Ուկրաինայի թուրք-կարակալպակների Ազգային խորհրդի նախագահ Դաշգին Գյուլմամեդովը: Հայտարարության մեջ ասված է. «Իմ աղբյուրներից ինձ հայտնի է դարձել, որ Ադրբեջանի նախագահի դեմ մահափորձ է նախապատրաստվում, որի նպատակն է «հեղափոխության» նմանակումը` հետագայում դեպի Ղազախստան, Թուրքմենստան եւ Ուզբեկստան ծավալելու ծրագրով: Որոշ ուժեր փորձում են Ադրբեջանում, որպես «արաբական գարուն», սանձազերծել «հեղափոխություն», իսկ հետո արտահանել թվարկած երկրներ, ինչպես նաեւ` Ռուսաստան:
Ադրբեջանի հատուկ ծառայությունները շտապ կարգով պետք է ձեռնարկեն հատուկ միջոցներ: Հետո ուշ կլինի, եւ հետեւանքները կարող են Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համար աղետալի լինել»:
Այս առթիվ Ադրբեջանի ԱԱ նախարարության մամլո խոսնակը հանդես է եկել հետեւյալ մեկնաբանությամբ. «ԱԱ նախարարությունն ուշադրությամբ հետեւում է երկրին սպառնացող հավանական վտանգներին եւ սպառնալիքներին, վերլուծում է դրանք եւ ձեռնարկում կանխարգելիչ միջոցներ… Օպերատիվ իրավիճակը վերահսկվում է»:
Ըստ էության, Ադրբեջանի ԱԱ նախարարությունը չի հերքել, որ Իլհամ Ալիեւի դեմ մահափորձի «սպառնալիքը նույնպես ուշադրության կենտրոնում է եւ ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցներ»: Իսկ դա իր հերթին վկայում է, որ Ուկրաինայի թուրք-կարակալպակների համայնքի ղեկավար Դաշգին Գյուլմամեդովի հայտարությունը բոլորովին էլ անակնկալ չէր ադրբեջանական հատուկ ծառայությունների համար:
Բացառված չէ, որ Գյուլմամեդովի հայտարարությունը հեղինակել են Բաքվում: Այդ դեպքում աչքի է ընկնում «արաբական գարնան սանձազերծման» եւ «հեղափոխությունների արտահանման» վերաբերյալ «որոշ ուժերի» հասցեագրված ակնարկները: Դրանք միանշանակորեն վկայում են, որ հայտարարության թիրախ ընտրված են արեւմտյան շրջանակները, ինչի եւս մեկ վկայություն է, որ Գյուլմամեդովը «հեղափոխության արտահանումը» հասցնում է մինչեւ Ռուսաստան:
Վերջին օրերի ադրբեջանական լրահոսքերում անթաքույց սպառնալիքներ են հնչում քաղաքական ընդդիմության հասցեին: Իշխող կուսակցությունը «խորհուրդ է տալիս լուծարել ժողովրդավարական ուժերի Ազգային խորհուրդը եւ Մտավորականների ֆորումը»: Խնդիր է դրված, որ ընդդիմության ինստիտուցիոնալ այդ երկու կառույցները «կամավոր ինքնալուծարվեն»:
Հավանական է, որ Իլհամ Ալիեւի «դեմ մահափորձի նախապատրաստության սպառնալիքը» կօգտագործվի, որպեսզի ԱԱ նախարարությունն անցնի ընդդիմության դեմ արդեն բացահայտ ահաբեկչությունների: Ըստ երեւույթին, իշխող վարչախումբը մտադիր է երկարաժամկետ բանտարկության դատապարտել ընդդիմության առաջնորդներին, որոնք, անկասկած, կմեղադրվեն «հեղափոխություն սանձազերծելու մեջ որոշ ուժերի ձեռքին գործիք դառնալու, պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ»:
Բայց, իսկն ասած, այդքանն անելու համար Իլհամ Ալիեւը կարող էր Գյուլմամեդովի պես մեկին գտնել Բաքվում: Եթե խնդրին տրվել է միջազգային հնչեղություն, ընդ որում Ադրբեջանը եւ Ռուսաստանը դիտարկված են «հեղափոխություն սանձազերծելու սպառնալիքի թիրախ» երկրներ` նույն հարթությունում, ուրեմն կարելի է ենթադրել, որ «մահափորձի նախապատրաստության սցենարը» գուցե թե ավելի շատ արտաքին, քան ներքին քաղաքականության նպատակների է ծառայեցվելու:
Այլ բան, որ, առաջնորդվելով ռուսական «ծառը կտրում են, տաշեղներ են թռչում» ասացվածքի տրամաբանությամբ, Բաքվում իշխող վարչախումբը հաշիվներ կմաքրի նաեւ քաղաքական ընդդիմության եւ քաղաքացիական փոքրաթիվ ակտիվիստների հետ: