Սեպտեմբերի վերջին Երեւանի պետական համալսարանի մեծ դահլիճում հոբելյանական հանդիսավորությամբ նշվեց իրավաբանական ֆակուլտետի 80-ամյակը: Ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հետ ստորեւ ներկայացվող ընդգրկուն զրույցը հենց այդ առիթով է:
– Պարոն Ղազինյան, 80 տարի առաջ հիմնադրվեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Ո՞ւմ նախաձեռնությամբ, մասնագիտական, մանկավարժական ինչպիսի՞ ուժերով:
– Եթե փորձենք սկսել ամենասկզբից, ապա նախ պետք է նշել, որ Հայաստանի առաջին hանրապետության Նախարարների խորհրդի 1919 թ. մայիսի 16-ի օրենքով Ալեքսանդրապոլում ստեղծվեց Հայաստանի առաջին համալսարանը` չորս ֆակուլտետներով: Դրանց թվում էր եւ տնտեսաիրավաբանականը: Համալսարանի տեսուչ (ռեկտոր) նշանակվեց հայտնի իրավագետ, Ռուսաստանում ու Եվրոպայում լայն ճանաչում ունեցող պրոֆեսոր Յուրի Ղամբարյանը: Ֆակուլտետի ձեւավորման հիմքում կանգնած էր հենց նա, քանի որ համաձայնեց ստանձնել այդ պաշտոնը պայմանով, որ նորաստեղծ համալսարանը պետք է ունենա իրավաբանական ֆակուլտետ, ինչը, իհարկե, մի փոքր ավելի ուշ իրականացավ: Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ Յուրի Ղամբարյանը Մոսկվայի եւ Բրյուսելի համալսարանի պրոֆեսոր էր, ղեկավարել է նախ Պետերբուրգի, ապա Թիֆլիսի համալսարանների քաղաքացիական իրավունքի ամբիոնները: 1919 թ. դեկտեմբերի 1-ին Հռոմի համալսարանի փիլիսոփայության դոկտոր Պ. Մանուշյանը հրավիրվում է աշխատելու որպես քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր: Համալսարանը Ալեքսանդրապոլից Երեւան փոխադրելու մասին ՀՀ Նախարարների խորհրդի 1920 թ. հունիսի 21-ի թիվ 295 որոշմամբ համալսարանում բացվում է իրավաբանական ֆակուլտետ, որին հաջորդում է Յուրի Ղամբարյանի հրամանը, որով Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետն առաջին աստիճանի դիպլոմով ավարտած Պ. Սոտնիկյանը նշանակվում է իրավաբանական ֆակուլտետի իրավունքի հանրագիտարանի ամբիոնի պրիվատ-դոցենտ, Լոզանի համալսարանի իրավունքի դոկտոր Թութունջյանը` հայ իրավունքի պատմության ամբիոնի պրիվատ-դոցենտ, իսկ պրոֆեսոր Ս. Քեչեկյանը` պետական իրավունքի ամբիոնի դոցենտ: Հայաստանի խորհրդայնացումից եւ համալսարանի կառուցվածքային վերակազմակերպումից հետո` 1921 թ. հունվարի 23-ին Երեւանում տեղի ունեցավ համալսարանի հանդիսավոր վերաբացումը, որից հետո իրավունքի բաժանմունքի դասախոս Գր. Չուբարյանը կարդաց առաջին դասախոսությունը` «Խորհրդային իրավունքը եւ Հայաստանի ժողովրդական համալսարանը» թեմայով: Սոցիալիստական համակարգին բնորոշ գծերը, որոնք հիմնականում նվաստացնում էին իրավունքի, իրավական ձեւի եւ ընթացակարգերի դերն ու նշանակությունը, ինչպես նաեւ պետական կառուցակարգում արհեստավարժության սկզբունքի մերժումը հանգեցրեցին իրավագիտության եւ իրավաբանական կրթության դերի նսեմացմանը: Եվ համալսարանում իրավագիտության ֆակուլտետն ուղղակիորեն չհիմնադրվեց: Միայն 1933-1934 ուս. տարում ձեւավորվեց ԵՊՀ իրավաբանական ինքնուրույն ֆակուտետը, որի առաջին դեկան է նշանակվում Կոստանդնուպոլսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ, Երեւանի համալսարանում ճանաչում ունեցող դասախոս Հրանտ Գալիկյանը, ում 1936 թ. համալսարանի խորհուրդը շնորհում է պրոֆեսորի կոչում: Նա միաժամանակ ղեկավարել է նաեւ տնտեսական իրավունքի ամբիոնը: Այս առումով կցանկանայինք հիշատակել պրոֆեսորներ Արամ Եսայանին, Արշակ Թովմասյանին, Աղասի Եսայանին, Ալեքսեյ Սուքիասյանին, Շահեն Պետրոսյանին եւ այլոց, ովքեր անուրանալի ներդրում ունեն ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի կայացման ու զարգացման գործում:
– Ովքե՞ր էին իրավաբանականի առաջին շրջանավարտները, ի՞նչ կարողացան նրանք իրականացնել խորհրդային մեր հանրապետությունում:
– Հանրապետության պետաիրավական ոլորտի աշխատակիցների զգալի հատվածը համալրվում էր հենց իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներից: Եվ դա տրամաբանական էր, քանի որ հեղափոխության արդյունքում եւ դրա հետեւանքով փոփոխվեց ամբողջ պետական կառուցակարգը եւ իրավունքի համակարգը, որի կայացման համար անհրաժեշտ էին ոչ թե հեղափոխական գործիչներ, այլ արհեստավարժ մասնագետներ, որոնք դուրս էին գալիս իրավաբանների միակ «դարբնոցից»` իրավաբանական ֆակուլտետից: Եվ նրանց դերը Խորհրդային Հայաստանի պետականաշինության գործում գերագնահատել անհնար է:
– Անկախության տարիներին հայ իրավաբանների առջեւ ծառացավ նաեւ պետականաշինության բարդ նախագծի կերտումը: Ձեր ֆակուլտետի դասախոսների, ուսանողների գիտելիքները հաջող գործածվեցի՞ն:
– Իրավացի եք: 1990 թ. օգոստոսի 23-ի Հայաստանի անկախության մասին հռչակագրով դրվեց ոչ միայն անկախության գործընթացի, այլեւ նոր իրավական համակարգի եւ նոր տիպի պետության կառուցման սկիզբը: Դժվար է միանշանակ գնահատական տալ մեր դասախոսների եւ ուսանողների գիտելիքների հաջող օգտագործմանը: Բայց մի բան ակնհայտ է. նորանկախ Հայաստանի նոր օրենսդրության, այդ թվում` Սահմանադրության մշակման գործում մեր ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը եւ շրջանավարտները ունեցել են եւ ունեն չափազանց կարեւոր դերակատարություն` համապատասխան նախագծերը պատրաստելու եւ դրանց իրավական փորձաքննություն իրականացնելու առումով:
– Ի՞նչ ձեռքբերումներ, ի՞նչ խնդիրներ ունի ֆակուլտետը:
– Շատ դժվար է այս հարցերին հակիրճ պատասխանել, քանի որ դրանցից յուրաքանչյուրն առանձին հարցազրույցի թեմա է: Այնուամենայնիվ փորձեմ: Ձեռքբերումները զգալի են. ֆակուլտետն այսօր ունի Հանրապետությունում ամենից որակյալ եւ արհեստավարժ պրոֆեսորադասախոսական անձնակազմը, որի ներկայացուցիչները կարող են ընդգծել իրենց մասնագիտական առավելությունը Հայաստանում, ինչպես նաեւ մրցունակ լինել միջազգային ասպարեզում: Դասախոսների միջին տարիքը 35 է, ինչը եւս մեկ կարեւոր ցուցանիշ է ձեռքբերումների ասպարեզում: Ավելին, մեր պրոֆեսորադասախոսական անձնակազմի գերակշիռ մասը վերապատրաստվել է արտասահմանում` ԱՄՆ, ԵՄ, ՌԴ եւ այլն:
Ֆակուլտետն իր տեխնիկական ապահովվածությամբ չի զիջում հանրապետության ոչ մի այլ համալսարանի իրավագիտական ֆակուլտետի, եթե չասենք գերազանցում է: Վերջին 15 տարիների ընթացքում ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմը հեղինակել է իրավունքի գրեթե բոլոր ճյուղերի ու ոլորտների վերաբերյալ նոր օրենսդրության հիման վրա պատրաստված դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, մենագրություններ եւ այլ գրականություն:
Կարծում եմ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը ունի նույն խնդիրները, ինչ մեր հասարակությունը` իհարկե, ուրույն առանձնահատկություններով: Կարեւորագույն խնդիր է մեր դասախոսների ֆինանսական ապահովվածության հարցը: Առկա պայմաններում չափազանց դժվար է զբաղվել գիտական աշխատանքով եւ փորձել դրանում գրանցել առաջընթաց` նյութական առումով: Իհարկե, գրեթե բոլոր դասախոսները պետական եւ մասնավոր ոլորտում զբաղվում են մասնագիտական աշխատանքով` իրենց գիտելիքները կիրառելով պրակտիկայում եւ պրակտիկան բերելով լսարան, կրթության ոլորտում դրական գործընթաց գրանցում, այնուամենայնիվ մենք խնդիր ունենք լավագույն մասնագետներին ֆակուլտետում մշտապես պահելու եւ նրանց միջոցով իրավաբանական գիտությունը եւ հայկական իրավաբանական դպրոցը զարգացնելու հարցում:
Կարծում եմ, խնդիր պետք է համարել նաեւ այն, որ ֆակուլտետը որեւէ ձեւով չի մասնակցում ուսանողների ընտրության եւ նրանց քանակի որոշման գործընթացին: Փաստորեն ամեն տարի ստանում ենք նոր ընդունված ուսանողների ցուցակ, որոնց զգալի հատվածը կրթություն ստանալու գործում սեփական ունակությունների պատճառով խնդիրներ է ունենում: Թեեւ նախորդ տարի այս իմաստով որոշակի առաջընթաց ենք արձանագրել: Խնդիր է նաեւ անվճար տեղերի եւ դրանով պայմանավորված ռոտացիոն կարգի բացակայությունը մեր ֆակուլտետում, ինչը, կարծում ենք, լուրջ խոչընդոտ է ուսանողների միջեւ առողջ մրցակցության խթանման համար:
– Ձեր ֆակուլտետը համագործակցո՞ւմ է արտասահմանյան համալսարանների համանուն ֆակուլտետների հետ: Եթե այո, ինչպիսի՞ համագործակցություն է դա:
– Համագործակցում ենք ինչպես Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, այնպես էլ Եվրոպական միության անդամ պետություններում գործող իրավաբանական ինստիտուտների եւ ֆակուլտետների հետ: Համագործակցությունը բազմաբովանդակ է: Այն չի սահմանափակվում միայն համագործակցության հուշագրերի ստորագրմամբ, այլեւ ներառում է գիտակրթական տարբեր բնագավառներում համագործակցության հստակ կառուցակարգերի մշակում եւ հետեւողական կենսագործում:
– Մասնագիտական խոր գիտելիքների հետ անհրաժեշտ է նաեւ օտար լեզուների իմացությունը: Ձեր ֆակուլտետի ուսանողները կարո՞ղ են միջազգային տարբեր ֆորումներում ազատ հաղորդակցվել, բանավիճել մասնագիտական հարցերի շուրջ:
– Իհարկե, կարող են: Յուրաքանչյուր տարի մեծ թվով ուսանողներ մասնակցում են նման միջոցառումների: Մեր ուսանողները, ինչպես արդեն նշեցինք, ոչ միայն ունակ են հաջողությամբ հանդես գալ միջազգային համաժողովներում եւ գիտական այլ միջոցառումներում, այլ նաեւ բարձր պահել ԵՊՀ, ՀՀ պատիվը ու հայրենիք վերադառնալ հաղթանակներով եւ պատվոգրերով:
– Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման, ԼՂՀ ճանաչման գործում մեծ պիտի լինի իրավաբանների դերը: Ֆակուլտետը պատրաստու՞մ է նեղ մասնագիտացմամբ միջազգայնագետներ:
– Համաձայն եմ: Այդ խնդիրների լուծման գործում չպետք է թերագնահատել իրավաբանների դերը, ինչն այսօր, կարծում եմ, այդպես է: Ֆակուլտետն ունի Եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոն, որը մեր դինամիկ զարգացող ամբիոններից է եւ, կարծես թե, ամենաերիտասարդ դասախոսների թվով առաջինն է ֆակուլտետում: Ունենք առանձին դասընթաց` նվիրված Հայոց ցեղասպանության միջազգային իրավական հիմնահարցերին: Ամբիոնի ասպիրանտները, դասախոսները հետազոտում են այնպիսի արդիական թեմաներ, ինչպիսիք են Հայոց ցեղասպանության, ԼՂՀ հիմնահարցի տարաբնույթ իրավական հիմնախնդիրները, պետությունների միջազգային պատասխանատվությունը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում պետությունների համագործակցության առանձնահատկությունները, դեպի ծով ելք չունեցող պետությունների միջազգային իրավական հիմնահարցերը եւ այլ արդիական ու ՀՀ-ի համար չափազանց կարեւոր թեմաներ:
– Համարյա բոլոր ոլորտներում իրավաբանի կարիք կա, սակայն վիճակագրությունը միշտ փաստում է, թե մեր հանրապետությունում այդքան պահանջարկ չկա, մանավանդ այդ մասնագիտությամբ կրթություն միայն ԵՊՀ-ում չեն ստանում: Ձեր ֆակուլտետի շրջանավարտը մրցունա՞կ է, ո՞րն է նրա առավելությունը նույն մասնագիտությունը ստացած ուրիշ բուհի շրջանավարտից:
– Մեր ֆակուլտետում տրամադրվող գիտելիքը թե՛ տեսական, թե՛ գործնական բովանդակությամբ համալիր է ու համապարփակ: Փորձում ենք այնպես կազմակերպել գիտելիքի փոխանցումը, որ ուսանողը, ֆակուլտետն ավարտելով, արդեն ունենա հիմնարար գիտելիքներ իրավաբանության բնագավառում, ինչպես նաեւ տիրապետի դրանք ճիշտ գործադրելու կառուցակարգերին: Թերեւս սա է մեր կարեւորագույն առավելությունը, որ մեր շրջանավարտին մրցունակ է դարձնում շուկայում, իսկ հաճախ նաեւ` անհասանելի այլ ԲՈՒՀ-երի շրջանավարտների համար:
– Պարոն Ղազինյան, երբ ժողովուրդը խոսում է արդարության պակասից, հաճախ առաջին հերթին հիշատակում է իրավապահ համակարգը: Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում սա:
– Որ արդարության պակասն առկա է, ոչ ոք չի հերքում: Եվ դժվար թե լինի մարդկային այնպիսի մի համակեցություն, որտեղ մարդիկ չզգան արդարության պակաս, քանի որ դա մարդ արարածի հետ անքակտելիորեն կապված որակ է:
Իսկ որ այս հարցի հետ առաջին հերթին ժողովուրդը հիշատակում է իրավապահ համակարգը, զարմանալի չէ, քանի որ հենց այդ համակարգն է, որ կոչված է երաշխավորելու իրավակարգի պահպանումը եւ դրանով իսկ` արդարության կենսագործումը: Եվ ժողովրդի ակնկալիքները հենց այս համակարգին են հանգում: Սակայն միայն այդ համակարգն ընդգծելը սխալ է, որովհետեւ արդարության պակասի խնդիրը համահամակարգային է, եւ այն չի կարող դիտարկվել միայն մի տարրի կամ գործոնի տեսանկյունից: Ինչքան էլ կատարյալ իրավապահ համակարգ ստեղծենք թե՛ տեսական կառուցակարգերով, թե՛ իրական կյանքում գործնական ինստիտուտներով եւ մարմիններով, այդ ամենը շատ կարճ ժամանակահատվածում կրկին կթեւակոխի թերությունների անհաղթահարելի շղթայի մեջ, եթե խնդրին համակարգային մոտեցում չցուցաբերենք` դրանում առկա բազմաթիվ գործոնների փոխներազդեցությունների գնահատմամբ:
Այսինքն` արդարության պակասի հաղթահարման համար անհրաժեշտ է վերափոխել եւ զարգացնել թե՛ անհատական եւ կոլեկտիվ իրավագիտակցությունը հենց այդ նույն ժողովրդի մոտ, թե՛ իրավաստեղծ, գործադիր-իրավակիրառ եւ իրավապահ համակարգերում: Եվ միայն դրանից հետո կարող ենք ասել, որ աշխատում ենք արդարության պակասի հաղթահարման ուղղությամբ: Այլապես, հատվածային աշխատանքներն, անգամ ամենամեծ ցանկության դեպքում, դատապարտված են անհաջողության: