Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում շարունակում են մաքրել «սաֆարաբիեւյան ախոռները». virtualaz.org-ը, հղում անելով ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովին, տեղեկացրել է, որ պաշտոնից ազատվել է ՊՆ թիկունքի պետ գեներալ-մայոր Փիրի Իսրաֆիլովը: «Իսրաֆիլովը գեներալի կոչում է ստացել այս տարվա հունիսին, եւ այն ժամանակ շատերը դրանից զարմացած էին»,- ասել է Ջաֆարովը: Ըստ տեղեկությունների, Իսրաֆիլովը պաշտոնազրկվել է բանակի վառելիքի եւ քսայուղերի մատակարարման գործում «թույլ տված յուրացումների համար»:
Պաշտոնազրկվել է նաեւ Հեյդար Ալիեւի անվան բարձրագույն ռազմական ուսումնարանի պետ գնդապետ Միրզալի Յուսիֆովը: Նախօրեին զբաղեցրած պաշտոնից ազատվել էր զինված ուժերի ակադեմիայի պետ գեներալ Նաջաֆ Գամբարովը, նրա փոխարեն նշանակվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի եւ ՀՕՊ-ի հրամանատար Ալթայ Մեհթիեւը:
Ռազմական փորձագետ Ջաֆարովի խոսքերովՙ Միրզալի Յուսուֆովի «անցյալը չափազանց մութ է»: Փորձագետի ասելովՙ «ղարաբաղյան պատերազմի ամենաեռուն շրջանում Յուսուֆովը գործուղվել է Մռավի լեռնանցքում գործող զորամաս, բայց փոխարենը մեկնել է Ռուսաստան, հետո վերադարձել եւ ՊՆ-ում պաշտոն ստացել, իսկ թե ինչո՞ւ զինվորական դատախազությունը չի հետաքրքրվել, մնում է գաղտնիք»:
Միաժամանակ, Ջաֆարովը պաշտպանության նախարարությունում կատարվող փոփոխությունները համարել է «լրիվ անհասկանալի», թեեւ ակնարկել է, որ պաշտոնազրկվող սպաները «Սաֆար Աբիեւի մարդիկ են, իսկ գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիխովը 1995թ.-ից Աբիեւի դեմ պայքարի մեջ է»: Իր հերթին virtualaz.org-ն ավելացրել է, որ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը «նոր մարդ է եւ տեղյակ չէ կառույցի աշխատանքի առանձնահատկություններին, նա կադրային բոլոր փոփոխությունները համաձայնեցնում է գլխավոր շտաբի պետի հետ»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության պետի տեղակալը չի հերքել, որ կադրային փոփոխություններ են կատարվում: Նա ասել է, որ «թոշակի են անցնում որոշակի տարիքային սահմանի հասած բարձրաստիճան սպաներ, որոշ դեպքերում էլ կատարվում է ռոտացիա, ինչը բնական է»:
Թե իրականում ի՞նչ է տեղի ունենում հարեւան երկրի պաշտպանական գերատեսչությունում, թողնենք մի կողմ: Բայց չենք կարող շրջանցել մի կարեւորագույն հանգամանք. սահմանադրությամբ Ադրբեջանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը նախագահն է, իսկ այդ պաշտոնն զբաղեցնում է Իլհամ Ալիեւը:
Բնական է, որ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների փոփոխությունները կամ պահեստազոր արձակումը չեն կարող կատարվել առանց Իլհամ Ալիեւի իմացության: Թերեւս ճիշտ կլինի ասել, որ դրանք պետք է կատարվեն նրա հրամանագրերով: Մինչդեռ լրատվամիջոցները համառորեն տպավորություն են ձեւավորում, որ ամեն ինչ անում է պաշտպանության նորանշանակ նախարարը:
Եթե իրոք այդպես է, նշանակում է, որ ադրբեջանական զինված ուժերը ենթարկվում են ոչ թե նախագահին, այլ` պաշտպանության նախարարին, քանի որ կարեւորագույն պաշտոններում նշանակումներ կատարում է վերջինս: Իսկ եթե փոփոխությունները կատարում է Իլհամ Ալիեւը, բայց քողարկվում պաշտպանության նախարարի թիկունքում, ուրեմն անցած բոլոր տարիներին նա քաջատեղյակ է եղել բանակում տիրող խայտառակ իրավիճակին, սակայն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով չի համարձակվել հակադրվել Սաֆար Աբիեւին:
Երկու դեպքում էլ ստացվում է, որ Իլհամ Ալիեւը միայն անվանապես է կոչվում զինված ուժերի «գերագույն գլխավոր հրամանատար», իսկ բանակը փաստացի գտնվել եւ գտնվում է պաշտպանության նախարարի կամ գլխավոր շտաբի պետի ենթակայության տակ:
19 տարի գլխավորելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, Սաֆար Աբիեւը վերջապես պաշտոնազրկվել է: Սակայն Իլհամ Ալիեւը համարձակություն չի ունեցել նորանշանակ նախարարին անձամբ ներկայացնելու եւ իր փոխարեն ուղարկել է աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի ռազմական խորհրդական Վահիդ Ալիեւին:
Չափազանց խորհրդանշանական է ստացվել. «գերագույն գլխավոր հրամանատարը» բարձրագույն սպայակազմի աչքերին նայելու եւ նախընտրած թեկնածուին ներկայացնելու քաջություն չունի, սակայն առիթ-անառիթ չի զլանում ճամարտակել, որ «զինված ուժերը պատրաստ են կատարելու իրենց առջեւ դրված ցանկացած խնդիր»:
Եթե «գերագույն գլխավոր հրամանատարը» բառիս բուն իմաստով թաքնվում եւ ոչինչ չի ասում պաշտպանության նախարարությունում կատարվող սկզբունքային նշանակության փոփոխությունների, փոխատեղումների եւ պաշտոնանկությունների մասին, ապա բանակն ինչո՞ւ պիտի նրան լուրջ ընդունի: Ավելին, միջազգային ասպարեզում ի՞նչ «հեղինակություն» կարող է ունենալ մի «գերագույն գլխավոր հրամանատար», որի փոխարեն պաշտպանության նախարարը եւ գլխավոր շտաբի պետն են լուծում բարձրագույն սպայակազմում նշանակումներ կատարելու հարցը: