Երեկ «Լրահոսի» բաժնում անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Թուրքիայի նախագահ Էրդողանի ելույթին՝ ընդգծել էի, թե նա ինչպես է արդարացնում եղբայրական Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Արցախի՝ խաղաղ բնակչության դեմ ուղղված ռազմական գործողություններն անվանելով «հակաահաբեկչական»:
Էրդողանին էլ արդարացրել էր Կրեմլի խոսնակ Պեսկովը՝ հայտարարելով. «Ադրբեջանի գործողությունները Ղարաբաղում դե յուրե օրինական են, որոնք իրակացվում են սեփական տարածքում»: Մինչդեռ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տվյալներով, եթե ճշգրիտ են, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 հոգի զոհվել է, զոհվածներից 10-ը խաղաղ բնակիչներ են, 5-ը երեխա, 400-ը վիրավորվել, այդ թվում՝ 13 երեխա: Ընդ որում սպանվածներից ոմանց, որոնք ռուս խաղաղապահների վերահսկողությամբ տարհանվում էին հարազատ տնից, ադրբեջանցի հրոսակները ռուս զինվորների աչքի առջև պարզապես մորթել էին:
Չնայած այս ամենին՝ ՌԴ նախագահ Պուտինն Արցախում ստեղծված աղետալի վիճակի ողջ պատասխանատվությունը Հայաստանի վրա բարդելու համար անընդհատ ՀՀ ղեկավարությանն է մեղադրում: Նրա մեղադրանքներին ձայնակցում են Սերգեյ Լավրովը, Դմիտրի Մեդվեդևը և ռուս այլ գործիչներ, պաշտոնական ու ոչ պաշտոնական լրատվամիջոցներն են ավելացրած։
Այս ամենի առումով թերևս պատահական չէր ռուս զինծառայողների սպանության մասին սեպտեմբերի 20-ին «Հյուրիյեթ»-ի հրապարակած նյութի վերնագիրը. «Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայերին զայրացնող քայլը»: Թեև թուրքական թերթը չի նշում, թե դա ինչ քայլ է, սակայն ակնարկը հասկանալու համար իմաստուն լինելու կարք ամենևին չկա:
Հատկանշական է, որ մինչ Պուտինը, նրա իշխանության ներկայացուցիչներն ու պնակալեզ լրագրողներն անընդհատ մեղադրանքներ էին հասցեագրում Հայաստանին, քաղաքակիրթ աշխարհը, ԱՄՆ-ի և Եվրոպական երկրների ղեկավարների գլխավորությամբ, Ուկրաինայում սանձազերծած պատերազմի համար մեղադրել է ՌԴ նախագահին: Մեղադրողների թվում է նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: Նա սեպտեմբերի 19-ին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասաբլեայի նիստում, ասել էր. «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն: Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակը ճգնաժամային է: Բաքվի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի [ռազմական] հարձակումները և վերադառնա դիվանագիտական դաշտ՝ խաղաղ լուծում գտնելու համար»: Տեղեկացնելով այդ մասին, չգիտես ինչու «Ամերիկայի ձայնը» շրջանցել է նրա ելույթի՝ Պուտինին մեղադրող հատվածը, ինչի մասին մեզ տեղեկացնում է թուրքական «ensonhaber.com» կայքը՝ որպես սկզնաղբյուր նշելով կիսապաշտոնական «Անադոլու» գործակալությանը:
Թուրքական կայքի վկայությամբ՝ Օլաֆ Շոլցը ՄԱԿ-ի ամբիոնից ասել է. «Պուտինը մի հրամանով կարող է կասեցնել պատերազմը: Առանց արդարության, խաղաղություն չի լինում, ինչը պարզապես դառնում է պարտադրանք: Մոսկվան դա պետք է հասկանա: Չմոռանանք, որ պատերազմի պատասխանատուն Ռուսաստանն է»:
Հակոբ Չաքրյան