Կարծում եմ՝ արցախյան կողմից Եվլախում բանակցություններ վարողներ չէ, որ պետք է որոշումներ կայացնեն։ Նրանք և ադրբեջանցի բանակցողներն ընդամենը ներկայացուցիչներ են երկրների ղեկավարների կողմից։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ռուսական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությանը, որ Եվլախում Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների միջև վերջնական համաձայնություն չի կայացել, և դեռ պետք է մանրամասներ համաձայնեցվեն։
«Անկախ նրանից՝ Ադրբեջանն ընդունում է Արցախի իշխանություններին, թե ոչ, փաստը մնում է փաստ, որ Արցախը ներկայացուցիչներ ունի։ Այժմ նրանք հանդիպում են ադրբեջանցիների հետ և դետալներ ճշտում, ամեն մեկը ներկայացնում է իր թեր և դեմ կողմերը, պայմաններն ու պահանջները։
Շատ բնական է, որ Ադրբեջանը պահանջներ է դնում, կապիտուլյացիա առաջարկում՝ ամբողջովին»,- ասաց մեր զրուցակիցը։
Հայկ Նահապետյանի կարծիքով՝ հայկական կողմը մեծ հաշվով իրավասու էլ չէ «այո» կամ «ոչ» ասել Բաքվի առաջադրած պայմաններին։
«Արցախի ներկայացուցիչները լսել են, հասկացել ադրբեջանական կողմի պահանջների ստորին և վերին սահմանները և այժմ դրանք փոխանցելու են Արցախի իշխանություններին։ Այնտեղ լինելու է քննարկում և ըստ այդմ՝ հաջորդ բանակցության ժամանակ արդեն որոշում կկայացվի, թե ինչին են համաձայն, ինչին՝ դեմ։
Կրկնում եմ՝ չեմ կարծում, որ Եվլախ գնացած արցախցի բանագնացներն իրավասու էին հենց այսօր՝ այս պահին որոշումներ կայացնելկամ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել»,- ամփոփեց ռազմական փորձագետը։
Հիշեցնենք, որ այսօր Եվլախ քաղաքում կայացել են Արցախի Հանրապետության պատվիրակության և Ադրեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները։
Նշվում է, որ բանակցություններում քննարկվել է արցախահայերի վերաինտեգրման հարցը։
Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։