Եվլախում կհանդիպեն Դավիթ Մելքումյանն ու Ռամին Մամեդովը

Ղարաբաղի հայերի ներկայացուցիչները ժամանել են Եվլախ քաղաք, որտեղ կհանդիպեն Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովի հետ. գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Մամեդովը Արցախի հայերի հետ հարաբերությունների պատասխանատու է նշանակված, նա ծնվել է Արցախի Մարտունի քաղաքում։
Արցախի իշխանությունների կողմից Եվլախ է մեկնել Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը։
Եվլախի հանդիպմանը կքննարկվեն վերաինտեգրման հարցեր՝ Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների հիման վրա․ նշում են ադրբեջանական զլմները։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:
Համաձայնություն է ձեռք բերվել՝
— դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ [Արցախում] մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց,
— լիարժեք զինաթափել «Լեռնային ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները,
— դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով:
