Արևմտյան Ադրբեջանի համայնքը կտրականապես մերժում է Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի հակաադրբեջանական հայտարարությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
Նշենք, որ Արևմտյան Ադրբեջան ասելով՝ Ադրբեջանը նկատի ունի ներկայիս Հայաստտանի Հանրապետության տարածքը, որ համարում է «պատմական հայրենիք»։
Ընդամենը 2 տարի առաջ է ստեղծվել այդ համայնքը, որն ունի նախագահ ու պարբերաբար համաժողովներ է կազմակերպում, հայտարարություններ անում, որոնցից մեկն էլ հետևյալն է. «Արգենտինայի նախագահը իր երկրում սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ լուծելու փոխարեն, ինչպիսիք են աղքատությունն ու կոռուպցիան, սիրողական վերաբերմունք է ցուցաբերել իրեն չվերաբերող հարցերի նկատմամբ։
Մարդը զգում է, որ իր գիտելիքները միջազգային հարաբերությունների, միջազգային իրավունքի, աշխարհագրության բնագավառում շատ մակերեսային են. Ադրբեջանին մեղադրել «Լեռնային Ղարաբաղը վերահսկողության տակ վերցնելու» մեջ, նույնն է, ինչ Արգենտինային մեղադրել Մենդոզա նահանգի վերահսկողության տակ վերցնելու մեջ։
Մենք հիշեցնում ենք Ալբերտո Ֆերնանդեսին, որը մեղադրում է Ադրբեջանին «էթնիկ, կրոնական, ռասայական հալածանքների» մեջ, որ 19-րդ դարում Արգենտինայում բնիկ ցեղերը ոչնչացվել են, և մենք նրան կոչ ենք անում կենտրոնանալ այդ հարցերի վրա»։