Կիրակի, 26 Հուլիս, 2026

Բաքուն մի ձեռքով պատերազմ է սկսել, մյուսով հայերի հետ «հաշտ ու սիրով» ապրելու քարոզչություն է անում

Ավելի քան երեք տասնամյակ ադրբեջանցի և հայ ժողովուրդներն  այլ մարդկանց աշխարհաքաղաքական խաղերի և մանիպուլյացիաների պատանդն են եղել. այսպես է սկսվում ադրբեջանական Report-ը Յութուբում տեղադրված ադրբեջանական հայալեզու տեսանյութի մասին կեղծ քարոզչական հայտարարությունը։

Տեսանյութն, ի դեպ, Բաքվի հեռուստաընկերությունն է պատրաստել։

Նշվում է, որ իբր երկու ժողովուրդներն էլ կարող են միասին ապրել խաղաղության և ներդաշնակության մեջ՝ չնայած պատերազմի ծանր հետևանքներին։

Իբր հիմա էլ Բաքվի հենց կենտրոնում կա հայկական եկեղեցի, և էթնիկ հայեր են ապրում Ադրբեջանի տարբեր շրջաններում։ Հղում անելով տեսնյութին՝ ադրբեջանական լրատվամիջոցը նշում է. «Մենք պատմական հնարավորություն ունենք միասին վերականգնելու Ղարաբաղը, այն վերածելու բարեկեցիկ, տնտեսապես զարգացած տարածաշրջանի, և որ ամենակարեւորն է՝ ապահովելու մեր երեխաների ու թոռների երջանիկ ապագան»։

Այս հեքիաթ-տեսնյութը Յութուբում տեղադրվել է ճիշտ նույն ժամանակամիջոցին, երբ Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա ու մեծածավալ պատերազմ սկսել։

Բաքուն մի ձեռքով հայերին սիրաշահող, «արցախցիներին ադրբեջանցիների հետ սիրով ու համեշախ կերպով ապրելու» կոչ է անում այս հեքիաթ- տեսանյութով, մյուս ձեռքով օդից ու ցամաքից հարձակվում Արցախի վրա ու սկսում ցեղասպանել 4 կողմից շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։

Այս պրիմիտիվ, մանկամիտ քարոզչությամբ Բաքվի բռնապետն իր հոր արևին ուզում է խայծը գցել՝ հույս ունենալով, թե Բաքվի, Սումգայիթի, Նախիջևանի, Արցախի ցեղասպանություն տեսած հայերը հավատալու են իրեն ու սկսեն ադրբեջանցիների հետ «հաշտ ու խաղաղ» ապրել Արցախում, որը նա համարում է Ադրբեջանի անբաժան մաս։

Բաքվի բռնապետն իր հոր արևին խորամանկության է դիմել՝ դիտավորյալ տեսանյութը հայերեն է պատրաստել տվել, որ իր պրիմիտիվ քարոզչությունը հայերն իրենց մայրենի լեզվով լսեն ու ի կատար ածեն։

Ջիվանին կասեր՝ խելքի աշեցեք…

Ադրբեջանական հեքիաթ-տեսանյութը հրապարակելու համար Azg.am-ը հայցում է ընթերցողների ներողամտությունը։

Պարզապես տեսնել էր պետք այս աղբը։