Չնայած մեծ շատախոսությանը, չնայած վարչապետ Փաշինյանի, ինչու չէ՝ նաեւ իշխանական եւ ընդդիմադիր գործիչների հնչեցրած խոսքի, հարցազրույցների, տեսակետների առատությանը, չնայած Արցախում նոր նախագահի եւ վարչապետի առկայությանը՝ Արցախում հումանիտար աղետի հարցում փոփոխություն չկա, օր-օրի ամեն ինչ ավելի վատթար է դառնում: Հումանիտար բեռով ռուսական մեկ բեռնատարի մուտքն Աղդամի ճանապարհով եւ ռուսական լավատեսությունն այդ առթիվ, թե հայելային կբացվի նաեւ Լաչինի ճանապարհը, իրականում փուչիկ էր, Ադրբեջանը փակ է պահում այն: Փաստորեն այս առթիվ հավանաբար ռուսների եւ ադրբեջանցիների միջեւ ինչ-որ պայմանավորվածություն է խախտվել, եւ ոչինչ չարժեն ՌԴ ԱԳՆ հավասիացումները, թե Լաչինի միջանցքը կբացվի, կամ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի պնդումը, թե շարունակում են աշխատել այդ ուղղությամբ: Իսկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի, ՌԴ ԱԳ նախարարի, ՌԴ նախագահի նյարդային հայտարարությունները Արցախի եւ Հայաստանի թեմաներով, փաստորեն, նաեւ արգասիք են ռուսական խաղաղապահների գործողությունների անարդյունավետության, Հայաստանի վարչապետի՝ արեւմտյան ուղղությամբ ձախ գնալու խոսքին ու գործողություններին արձագանք լինելուց զատ:
Ինձ համար անհասկանալի է այս օրհասական պահին Հայաստանի վարչապետի խոսքի առատությունը, երբ պետք է պարզապես գործել: Հարցազրույց Հանրայինին, հարցազրույցներ արտերկրի լրատվամիջոցներին, կառավարության նիստին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝գնահատականներ, լավաշ մտքեր, երկարաշունչ ձեւակերպումներ՝ սովորաբար վիճելի, երբեմն անճիշտ փաստարկումներով, որոնք հետո դառնում են քննարկման առարկա եւ մեր օդը լցնում անիմաստ քննարկումների խոսույթով. հաջորդում են ընդդիմության՝ նրա խոսքի անճշտությունների (միտումնավոր կամ չգիտակցված՝ չգիտենք) մերկացումներ, կրքերը տաքանում են շիկացման աստիճան, հնչում են քողազերծումների մաստեր-կլասներ՝ երկու կողմերից էլ, դե մարդիկ էլ զբաղվում են, մոռանում Արցախի սովածներին, մոռանում, որ Սումգայիթի ու Բաքվի ջարդեր տեսած հայության արցախյան հատվածին Հայաստանի վարչապետն անընդհատ հրում է դեպի Բաքվի հետ երկխոսության, որի իմաստն է ընդունել մի բան, որ հնարավոր չէ: Այսինքն՝ ապրել Ադրբեջանի կազմում, ու այդ ուղղորդումը հենց էթնիկ զտման հրավեր է, որից այդքան շատ է սիրում խոսել իշխանությունը, քանի որ հենց իրավական առումով հայկական կողմից համաձայնություն լինի, որին հետեւի Լաչինի միջանցքի բացումը, 120 հազար արցախցի անմիջապես դուրս են գալու Արցախից, որ Սումգայիթի հայերի օրը չընկնեն: Մի՞թե Բաքվի հետ երկխոսություն սկսելու կոչ անողը կամ կոչ անողները դույզն ինչ կասկած ունեն այդ վերաբերմամբ, մի՞թե իրենք հավատում են անվտանգության երաշխիքների ապահովման թեզին:
Մանավանդ՝ հենց ԱԺ վերջին ճեպազրույցին մեկ անգամ եւս իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հաստատեց, որ Արդրբեջանն ամենաէական հարցերում չի համաձայնում՝ խաղաղության պայմանագրի առաջարկներն իրար տշելիս. Ադրբեջանն այդպես էլ բան չի ասում Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման, Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության ապահովման մասին, ու անգամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պահպանումը կարող է նրա համար ընդունելի չլինել:
Հոգնել ենք անվերջ շատախոսությունից, այդ շատախոսության վիճելի թեզերը մեկնաբանելուց: Միգուցե այդ շատախոսությունը հատուկ է արվում, որ մարդիկ այնպես խճճվեն, որ անգամ սկսեն չլսել, անտարբեր դառնան, ու դա էլ նկատում ենք: Մինչդեռ Արցախի եւ Հայաստանի սահմանների շուրջ իրավիճակը եռում է, ադրբեջանական զինուժի կուտակումները խոսում են հնարավոր ագրեսիայի մասին, միջազգային դերակատարների՝ իրավիճակը լիզքաթափելու եւ Լաչինի միջանցքը բացելու կոչերը, որոնք նույնպես առատ են, ոչ մի արդյունքի չեն բերում, որովհետեւ երեւի վրայից կոչ են անում, տակից՝ խառնում:
Անձամբ ինձ ցնցեց վարչապետի այն մի ասածը խաղաղության պայմանագրի վերաբերյալ, թե դրա ընդունումը միջազգային հանրության տեսակետից պետք է հնարավորինս լեգիտիմ լինի: Այ քեզ բան՝ միջազգային հանրությունն ո՞վ է, դա տարբեր շահերի մի կոնգլոմերատ է, որի խնդիրն է առավելագույնս նեղացնել հայկական շահերի բացվածքը, հիմա Դուք միջազգային հանրության վարչապետն ե՞ք, թե՞ Հայաստանի, մենք մեր իրավունքները պետք է պնդե՞նք, թե՞ միջազգային հանրությանը դուր գալու համար Արցախը նետենք թշնամու բերան, Սյունիքը վտանգի ենթարկենք: Պե՛տք է մեր շահն ու իրավունքն առաջ տանենք, եթե նույնիսկ դրանք միջազգային հանրությանը լեգիտիմ չեն թվում, մարդիկ դրանց համար անգամ զոհվել ու զոհվում են: Իսկ պետությունները վարչապետ ու նախագահ են ունենում՝ իրենց շահերի համար մինչեւ վերջ պայքարելու նպատակով, անգամ եթե այդ պայքարը դեմ է միջազգային կանոններին:
Նույն կերպ արդեն չի զարմացնում, այլ միայն զայրացնում է, որ խաղաղության պայմանագրի իրավական հիմք որպես Հայաստանի իշխանությունը նշում է Ալմաաթիի հռչակագիրը, որով իբր թե ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային անբողջականությունը, Արցախն էլ այդ թվում: Մեռանք գրելով՝ այդ հռչակագիրը ոչ մի կապ չունի Հայաստանի անկախության հռչակման կամ սահմանների ուրվագծման հետ, դրանով ուղղակի Հայաստանը, մյուս պետությունների հետ, ԱՊՀ մտնելու մտադրությունն է հռչակում, մինչ այդ էլ Արցախը, նույն Խորհրդային Միության օրենսդրությամբ, ինքնառչակվել էր որպես պետություն: Ադրբեջանն էլ ԱՊՀ-ին միացել է այդ հռչակագրի ընդունման պահից երկուսուկես տարի հետո: Այսիքն՝ ոչ մի դեպքում Ալմաաթիի հռչակագիրը հիմք չի կարող լինել Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման համար, ու պետք չէ այդ իմաստով Տեր-Պետրոսյանին մեջբերել՝ հերքումն անմիջապես է լինելու, ինչպես որ եղավ: Սա ինչ է՝ չիմացություն է, թե՞ միտում: Թե ուղղակի Նիկոլ Փաշինյանի՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ խորհրդատուներն են անգրագետ: Այ մարդ, ընդդիմադիր պատգամավորներից Արթուր Խաչատրյանը հենց ԱԺ-կառավարություն նիստին էր տպել-բերել բոլոր համաձայնագրերը, չունե՞ք, չե՞ք կարողանում համադրել՝ վերցրեք իրենից դրանք ու նաեւ դրանց իրավական վերլուծությունը: Վայ: Թե չէ արդեն առանց վալերիանկայի հնարավոր չէ լսել Ադրբեջանի տարածքային աբողջականության ճանաչման (Արցախով հանդերձ) վերաբերյալ թոթովումները: Էլի հարյուր անգամ գրած կլինենք՝ որպեսզի սիրողական մոտեցումներից մեզ ապահովագրենք Արցախի խնդրի, Հայաստանի արտաքին ռազմավարության վերաբերյալ, մեզ հարկավոր են միասնական, ձեւակերպված մոտեցումներ, որի տակ կստորագրեն բոլորը, անկախ նրանից՝ իշխանություն են , թե ընդդիմություն, եւ որոնցից չի շեղվի ոչ ոք, անգամ եթե առհասարակ արտաքին դիվանագիտության այբուբենին չտիրապետողն է պետություն ներկայացնում:
Ընտրությունները հազիվ թե բան փոխեն
Երեւանում իրոք կա իշխանություններից դժգոհ ընտրազանգած, դա երեւաց անգամ ընդդիմության վերջին հանրահավաքին, դրանց մեջ են ե՛ւ մտածող շերտերը, ե՛ւ Արցախի հարցում իշխանությունների քաղաքականության հետ անհամաձայն մարդիկ, ե՛ւ նախկին բոլոր իշխանությունների համակիրները: Նրանք մայրաքաղաքի ընտրությանը նայում են որպես քաղաքական միջոցառման: Բայց ասել, որ նրանք ունեն իրենց համակրության միասնական օբյեկտը ընտրություններին մասնակից 14 ուժերի մեջ՝ սխալ է, քանի որ նրանցից շատ-շատերը չեն տեսնում այն առանցքային դերակատարին, որն իրենց պատկերացումները կյանքի կոչելու կամ Նիկոլ Փաշինյանին հետագայում այլընտրանք դառնալու ֆիգուր լիներ: Այդպիսի մեկը, փաստորեն, ընտրություններին մասնակից ուժերի մեջ առկա չէ, եւ Անդրանիկ Թեւանյանի գլխավորած ուժի՝ «Մայր Հայաստանի» , կամ Մանե Թանդիլյանի «Ապրելու երկրի»՝ ամբողջական իշխանափոխության կարգախոսը դեռ չի նշանակում այդ ընտրազանգվածի գեներացում: Վերջիններիս պրո լրատվամիջոցների վերլուծությունները, թե այդպիսի ընտրազանգվածն ուղղորդվում է դեպի Թեւանյան, կամ Թանդիլյան՝ ընդամենը ցանկալին իրականություն ներկայացնելու փորձ են, եւ Թեւանյանն էլ, Թանդիլյանն էլ,ամենայն հարգանքով հանդերձ դեպի այս գործիչները, չեն ձգում այդպիսի ֆիգուր լինելու դերին:
Ընդհանրապես եթե նկատի ունենանք ընդդիմադիր ընտրազագվածի ձայները տանելու թեժ մրցակցությանը, ապա դրա համար պայքարում են իրենց ցուցակները գլխավորող Մանե Թանդիլյանը, Հայկ Մարությանը, Դավիթ Խաժակյանը, Անդրանիկ Թեւանյանը, Նորայր Նորիկյանը, նույնիսկ մինչեւ այժմ անհայտ երկու- երեք մյուս դեմքերը, սակայն ամբողջ բանն այն է, որ նրանց առատությունը եւ միասնական թեկնածու չունենալը նախ մասնատելու-փոշիացնելու է այդ ընտրազանգվածի քվեները, մյուս կողմից՝ առկա լիդերներից ոչ մեկը նրանց պահանջները չի բավարարում: Արտակ Զեյնալյանն ու Վիկտոր Մնացականյանը խիստ ընդդիմադիր հայացքներով աչքի չեն ընկել՝ նրանք ավելի շուտ միայն քաղաքի զարգացման ծրագրեր են առաջարկում, որպես այլընտրանք իշխանության թեկնածու Տիգրան Ավինյանի ծրագրերին: Մինչդեռ քարոզարշավին մասնակից ուժերի մեծ մասը քաղաքային ընտրությունը կարողացավ քաղաքական ընտրության վերածել: Այնպես որ՝ ընդդիմադիր ձայների հաշվին ավագանի անցնելու շանս ունեն երկու-երեք ուժեր միայն, վարչական ռեսուրսի ու այլ հնարների կիրառման հաշվին՝ Տիգրան Ավինյանը, Հայկ Մարությանին ձայն կտան իշխանության համակիր-նրանից դժգոհ հատվածն ու Մարությանի դերասանության սիրահարները: Արտակ Զեյնալյանն ու Դավիթ Խաժակյանն ինտելեգենտ տպավորություն են թողնում, սակայն մարդկանց ինստիտուցիոնալ հիշողությունը նրանց օգտին չէ: Քվեների 50+1 տոկոսը մեր կարծիքով ոչ մեկը չի հաղթահարի, Տիգրան Ավինյանի, Հայկ Մարությանի, միգուցե նաեւ Անդրանիկ Թեւանյանի եւ Մանե Թանդիլյանի գլխավորած ուժերը քվեների մեծ մասն ունենալու ֆավորիտներից են: Մանե Թանդիլյանի տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետող համախոհներից մեկն ի վերջո կարող էր նրան զգուշացնել, որ լրատվամիջոցներում առկա չափազանց մեծ առատությամբ նրա գովազդը կարող է հակագովազդի պես աշխատել, երբ նրա պատկերն անգամ բերնիդ է շրխկում եղանակի տեսություն կամ շոուբիզնեսի մասին լուրն ընթերցելիս. այդքան փող տրամադրել գովազդին՝ Արցախում ներկա աղետալի հումանիտար իրավիճակում, նույնպես անընկալելի է:
Տեսնենք, թե ինչ դուրս կգա այս ընտրություններից: Մեր կարծիքով իշխանափոխության մարմաջները զրոյական ռեսուրս ունեն՝ ընդդիմությունը կրկնում է այն, ինչ արեց վերջին խորհրդարանական ընտրություններին, լեգիտիմացնում է իշխանության վերարտադրությունը, տարբեր միավորներով մասնակցելով ընտրություններին: Գիտակցած, թե ոչ՝ սա այլ խոսակցության նյութ է:ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ