Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ռուսական Կարմիր խաչն այսօր 15 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Արցախի բնակչությանը

Ռուսական Կարմիր խաչն այսօր 15 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Այժմ մարդասիրական օգնությունը բաժանվում է բնակչությանը։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ռուսական Կարմիր խաչի նախագահ Պավել Սավչուկը։

«Մարդասիրական օգնությունը բաղկացած է 1000 պարենային փաթեթներից, որոնցից յուրաքանչյուրը ներառում է ձավարեղեն, ալյուր, շոգեխաշած միս և երկար պահպանման ժամկետով այլ ապրանքներ։

Առանձին-առանձին պատրաստել ենք 192 փաթեթներ երեխաների համար, որոնք ներառում են և՛ հիգիենայի պարագաներ, և՛ սնունդ։ Բերել ենք նաև 270 կոմպլեկտ անկողնային սպիտակեղեն և 200 հիգիենայի պարագաներ»,–նշել է նա։

Մարդասիրական օգնությունը բաժանելուց հետո Ռուսաստանի Կարմիր խաչի թիմը կվերադառնա ՌԴ։
Նա նշեց, որ հույս ունեն` իրենց առաքելությունը կնպաստի տարածաշրջանում հումանիտար իրավիճակի բարելավմանը։

Ակնկալում են, որ շուտով Լաչինի միջանցքը կբացվի մարդասիրական ապրանքների առաքման համար։