Կիրակի, 26 Հուլիս, 2026

Փղերը միմյանց անուններով են կանչում

Կոլորադոյի Համալսարանի գիտնականները պարզել են, որ փղերը միմյանց կանչում են յուրօրինակ ձայնով, ինչն անչափ նման է մարդկանց անուններին: Այս մասին գրում է «IFLScience» պարբերականը:

Գիտնականները գիտափորձն իրականացրել են Քենիայի երկու շրջաններում՝ վայրի բնության մեջ ապրող փղերի վրա: Գիտափորձն իրականացնող մասնագետները առանձնացրել են 625 տարբեր ձայն: Դրանցից միայն 597-ը փղերի նույն ընտանիքին են պատկանել:

Գիտափորձի ժամանակ կենդանաբաններն առանձնացրել են 17 փղերի ու սկսել ձայնագրել նրանց արձակած ձայնը: Պարզվել է՝ կաթնասունների «կանչից» հետո նրանց է մոտենում մոտակայքում գտնվող ցեղակիցը: Ի դեպ՝ նույն փիղն իր ընտանիքի տարբեր անդամների տարբեր ձայներով է կանչել, ինչն էլ գիտնականներին հիմք է տվել ենթադրելու, որ փղերը նույնպես անուններով են միմյանց կանչում:

Կենդանաբաններն ասում են, որ փղերի՝ միմյանց անունով կանչելն էլ ավելի է հեշտացում իրար հետ հաղորդակցվելն ու ամրապնդում սոցիալական կապն այնպես, ինչպես մարդկանց մոտ է:

Ս.Վ.