ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը հայտարարել է, որ Լաչինի միջանքը պետք է վերաբացվի հիմա, իսկ մնացած ճանապարհները, օրինակ Աղդամինը (Ակնա), կարող են վերաբացվել որպես ընդհանուր կարգավորման մաս, ոչ թե որպես այլընտրանք։
Բորելն այս մասին գրել է X սոցկայքի իր միկրոբլոգում՝ մանրամասներ հաղորդելով իր և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցի վերաբերյալ։
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ես վերահաստատեցի իմ մտահոգությունը մարդասիրական իրավիճակի առնչությամբ, որին բախվում են Ղարաբաղի հայերը։ Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի հիմա։ Մնացած ճանապարհները, ինչպիսին է Աղդամինը (Ակնա), կարող են բացվել որպես կարգավորման մաս, բայց ոչ որպես այլընտրանք»,- հայտարարել է Բորելը։
Երեկ հաղորդվել էր, որ Արցախի իշխանությունները թույլ են տվել Ասկերանով ռուսական բեռների մուտքն Արցախ: