Արցախի Հանրապետությունում այսօր նախագահ են ընտրում։ Նախագահի միակ թեկնածուն Սամվել Շահրամանյանն է, որին առաջադրել են Ազգային ժողովի «Ազատ հայրենիք – ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները։
Նշենք, որ ԱԺ-ն Արցախի նոր նախագահ ընտրելու հարցով փակ նիստ է անցկացնում։ Միևնույն ժամանակ մեծ թվով քաղաքացիներ այս պահին հավաքվել են ԱՀ ԱԺ շենքի դիմաց։
Հավելենք, որ Սամվել Շահրամանյանը նախագահի միակ թեկնածուն էր, քանի որ «Միասնական հայրենիք» խմբակցության կողմից Սամվել Բաբայանի՝ Արցախի նախագահի թեկնածության առաջադրման մասին դիմումն ու դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձվել էին:
Ավելի վաղ «Միասնական հայրենիք» կուսակցությունից հայտնել էին, որ իրենց նախագահի ընտրությանը չեն մասնակցելու։
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանն իր հրաժարականի դիմումն ԱԺ էր ներկայացրել սեպտեմբերի 1-ին։ Մինչ այդ նրա հրամանով պաշտոնից ազատվել էր ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ինչից հետո այդ պաշտոնին նշանակվել էր Սամվել Շահրամանյանը։