Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Կյանք խլող փամփուշտներից՝ զարդեր կանանց համար. Արտակ Թադևոսյանի ցուցահանդեսը՝ Գաբրովոյում

Օրերս Բուլղարիայի Գաբրովո քաղաքում տեղի ունեցած  Արվեստների և արհեստների էթնիկ փառատոնի ընթացքում կայացավ գյումրեցի արվեստագետ-զարդագործ Արտակ Թադեւոսյանի ցուցահանդեսը։

Տարբեր երկրների արվեստագետներ եւ արհեստավորներ ներկայացել էին իրենց հեղինակած աշխատանքներով՝ մեկտեղելով մշակութային ասելիքն ու էթնիկ շեշտադրումները։

Արտակ Թադեւոսյանի ասելիքն  ուրիշ էր: Տաղավարի շուրջը խմբված մարդկանց հետաքրքրում էր արվեստագետի գաղափարը’ մարդուն կյանքից զրկող փամփուշտից աշխարհաստեղծման օրից մինչ հիմա երկրին կյանք տվող կնոջ համար զարդեր ստեղծելու գաղափարը:

 Փամփուշտը նրա ձեռքում վերածվում է զարդի, արվեստի արժեք ունեցող էթնիկ ասելիքով մի խորհրդանիշի, որն ուղղված է խաղաղությանն ու համերաշխությանը:

Կից տաղավարներից մեկում Թուրքիայի ներկայացուցիչները բուռն են արձագանքել հայազգի վարպետի՝ մշակութային գաղափարախոսություն պարունակող աշխատանքներին:

Արտակը պայքարի փամփուշտները պահում է առանձին՝ առանց ձուլելու, առանց փոփոխելու: Այստեղ միայն այն փամփուշտներից ստեղծված գործեր են, որոնք խաղաղություն, մարդասիրություն են խորհրդանշում։

 Ովքեր կրում են Արտակի զարդերը, գիտեն, որ վերածվում են քայլող խաղաղության կոչնակների:

Փառատոնի ընթացքում  արվեստագետը  ներկայացրել է  նաեւ այսօրվա մեր  ցավը՝ արցախյան գոյապայքարը, որի հիմքում շուրջ 120.000 բնակչության հանդեպ կիրառվող հոգեբանական ահաբեկչությունն է ու ցեղասպանության քաղաքականությունը։

Արտակն իր ստեղծագործություններով  փորձում է բարձրաձայնել  հենց այս պարզ ճշմարտությունը՝  քանի դեռ չկա խաղաղութուն, պատերազմը շարունակվում է, իսկ եթե դա այդպես է, ուրեմն պետք է լինել պատրաստ պատերազմին։

Գաբրովո քաղաքի քաղաքապետարանի մշակութային բաժնի առաջարկով Արտակ Թադեւոսյանը հանդիպելէ նաեւ քաղաքապետին եւ առաջարկել, որպեսզի մշակութային կապերով փոխկապակցված՝ Գյումիրն եւ Գաբրովոն դառնան քույր քաղաքներ: Համաձայնությունը ստանալով՝ Արտակը այն փոխանցել է Գյումրու քաղաքապետին։